Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներն ազդարարվեցին Շիրակի թեմի եկեղեցիներում՝ ոգեկոչման պատարագով: Պատարագից հետո քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Գյումրու «Բարեկամության» պուրակում հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, իսկ գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր:
Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչները Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար Հերհերի, նույն Ջարդի ձորում տեղադրված խաչքարին ծաղիկներ խոնարհեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին սրբադասված նահատակների հիշատակը:
«Այսօր խնկարկում ենք ցեղասպանության զոհերի հիշատակը և մեր աղոթքն ենք բարձրացնում, ու այսօր մեր համախմբված այցը Հերհերի ձոր խոսում է այն մասին, որ մենք միշտ պահանջատեր ենք: Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագան ու մեր բոլոր ջանքերը պետք է միտված լինեն համախմբման համար, որպեսզի կարողանանք այնպիսի երկիր կերտել, որ բացառվեն նման ոճրագործությունները»,-նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Ըստ վկայությունների՝ հենց այստեղ՝ Հերհերի, ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորի տարածքում 1918-1921 թվականներին նահատակվել է Ալեքսանդրապոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Քեմալական Թուրքիան է շարունակել երիտթուրքերի քաղաքականությունը: Քեմալական Թուրքիան այդ ժամանակ հենց այս ձորում է իրականացրել կանանց ու երեխաների ջարդը` նրանց աչքից հեռու տարել ու գնդակահարել: