Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտություններ դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«Պատմաբանի դիտարկում. ՌՈՒՍՆԵՐԻ «ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՓՆՏՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ՇԱՀԱԳՐԳՌԵԼ ՆՐԱՆՑ
Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների ակտիվ մասնակցությամբ ազատագրեցին Արևմտյան Հայաստանի մի մասը: 1915 թ. գարնանը Վանը ազատագերլուց հետո այստեղ նույնիսկ Արամ Մանուկյանի ղեկավարությամբ ժամանակավոր կառավարչություն ստեղծվեց: Ռուսական զորքերը ընդհուպ մոտեցան Մուշ-Սասունին, որտեղ հայությունը օրհասական հերոսամարտ էր մղում թուրք ջարդարարների դեմ: Ցավոք, աշնանը ռուսական զորքը նահանջի հրաման ստացավ: Վանում փրկված հայությունը ստիպված էր զորքի հետ նահանջել, իսկ Սասունի ինքնապաշտպաններն այդպես էլ ռուսական զորքի օգնությունը չստացան: Արդյունքում Մուշ-Սասունի հայությունը մեծ մասով կոտորվեց, իսկ Վանի հայությունը զրկվեց իր տուն-տեղից:
Հայ հասարակական-քաղաքական շրջանակներում ռուսների այս նահանջը որակվեց որպես դավաճանություն՝ « ռոսւներին Հայաստանը պետք է առանց հայերի» մեկնաբանությամբ պարուրված: Խորհրդային պատմագրությունը ռուսական զորքի այս նահանջը պատճառաբանել է «պատերազմական անհրաժեշտությամբ»: Ռուսական այս նահանջի վերաբերյալ առավել քան արժեքավոր է հայ ականավոր պետական, հասարակական-քաղաքական գործիչ Հովհաննես Քաջազնունու մեկնաբանությունը, որի վրա էլ պետք է փորձեմ կատարել իմ այսօրվա դիտարկումը: Քաջազնունին գրում է. «Որքան կույր և չհիմնավորված էր մեր երեկվա հավատը ռուսական կառավարության հանդեպ, նույնքան կույր և չհիմնավորված է այսօրվա մեղադրանքը:
Ասում էինք. Ռուսները խաբեցին ու դավաճանեցին մեզ: Դիտմամբ դանդաղ շարժվեցին, անվճռական եղան, ետ ու առաջ գնացին, գրավեցին ու նահանջեցին, որպեսզի թուրքերին հնարավորություն տան կոտորելու տեղացի հայերին: Այդպես արին, որպեսզի ամայացնեն Հայաստանը ու կոզակներ նստեցնեն այնտեղ. Իշխան Լովանով-Ռոստովսկու ծրագիրն էր, որ իրականացվում էր:
Չէինք ուզում հասկանալ, որ ռուսների ընթացքը (նահանջը – Խ. Ս.) բացատրելու համար բնավ անհրաժեշտ չէր ենթադրել, թե նրանք ծրագիր ու դիտավորություն են ունեցել մեզ կոտորելու, այլ բավական էր միայն ենթադրել, թե նրանք ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՆՊԱՏԱԿ ՓՐԿԵԼ ԹՈՒՐՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ: ԻՍԿ ԱՅԴՊԻՍԻ ՆՊԱՏԱԿ ՆՐԱՆՔ, ԻՀԱՐԿԵ, ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ. ՄԵՆՔ ԵՆՔ ԵՂԵԼ, ՈՐ ՎԵՐԱԳՐԵԼ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ԵՐԲ ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ՉԵՆՔ ՏԵՍԵԼ ԱՅՆ՝ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՐՈՆԵԼ»:
Քաջազնունու փոխարեն այս տողերն այս ծանր օրերին կարող է գրել հայ ժողովրդի անվտանգությամբ մտահոգված իրատես և լրջախոհ ցանկացած մտածող մարդ: Իրականում՝ այո, ռուսները ամեն գնով հայերին փրկելու նպատակ չեն ունեցել: Սիրելի բարեկամներ, իրավիճակը գրեթե նույնն է:
Պետք չէ փնտրել ռուսական «դավադրություն»: Ռուսների շահը մեր օգտին գործադրելու դիվանագիտական խիզախություն և անձնազոհ հայրենասիրություն է մեզ պետք… Ռուսաստանին Հայաստանն էր պետք և է, ամեն գնով: Ուրիշ բան, որ ռուսները գիտեն իրենց շահը, գիտեն որքան և երբ վճարեն: Սա պարզ իրականություն է: Եվ եթե ուզում ենք, որ Հայաստանի հետ նաև հայությունը փրկվի, ռուսներին դավադրության մեջ մեղադրելու փոխարեն պետք է նաև գնահատել նրանց շահը:
Եթե մենք մեր այսօրվա ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ-ը և վաղվա ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ-ը կապում ենք ռուսների աջակցության հետ (որը շատ խելամիտ է և որևէ կապ չունի մեր ոգու, ազատամտության, անկախ ապրելու կամքի հետ), պարտավոր ենք օր առաջ, ժամ առաջ ընդհանուր լեզու գտնել նրանց հետ»: