Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
««Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի փոփոխության վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ են հնչել, հապճեպ կարգով 2020 թ. դեկտեմբերի 3-ին որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկվել է ՀՀ կառավարության օրակարգում և հավանության արժանացել:
Օրենքի նախագիծը, որ շուրջ մեկ տարի շարունակ տարատեսակ և առարկայական քնադատության է արժանանում շահագրգիռ տարբեր շրջանակների կողմից, որևէ լուրջ փոփոխության չի ենթարկվել:
Հաշվի չեն առնվել դեռևս մեկ տարի առաջ բարձրացված բուհական ինքնավարության, ակադեմիական ազատության, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի վերաբերյալ և այլ կարևոր հարցադրումներ:
Փոխարենը նոր վիճարկելի դրույթներ են ներառվել օրենքի «թարմացված» նախագծում: Օրինակ՝ բուհերի ռեկտորների նշանակումը նախարարի կողմից (առանց բուհի ռեկտորի համար պահանջ սահմանելու), որը բուհական ազատության և ինքնավարության ոտնահարման բացառիկ օրինակ է: Մտահոգիչ է բուհի կառավարման 12 հոգիանոց մարմնի կազմում ուսանողության ընդամենը մեկ ներկայացուցիչ ընդգրկելու դրույթը, որով խստորեն սահմանափակվում ի ուսանողության մասնակցությունը բուհի կառավարմանը:
Մեր կարծիքով, պետք է ետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային Ժողովից:
Եվ ընդհանրապես, պատերազմից հետո անհրաժեշտ է վերանայել մեր կրթական աշխարհայացքը, առաջնահերթությունները, մոտեցումները:
Կարծում ենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը պետք է նախորդի կրթության մասին հայեցակարգի ընդունումը: Իսկ համապատասխան բոլոր օրենքները բխեն այդ հայեցակարգի տրամաբանությունից»: