կարևոր
4909 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 11:30
Քաղաքական

«Չակնկալիքների շարժմամբ» ձևավորվող էլիտան կարող է կերտել նոր հաղթանակներ. ՀՊՄՀ պրոֆեսոր

«Չակնկալիքների շարժմամբ» ձևավորվող էլիտան կարող է կերտել նոր հաղթանակներ. ՀՊՄՀ պրոֆեսոր

Բագրատ Սրբազանի կողմից «Չակնկալիքների շարժում» ձևակերպումը կարող է պետական կառավարման սկզբունք որդեգրելու յուրատեսակ ազդակ հանդիսանալ ապագա կառավարող էլիտայի համար։

Պարզ է, որ շարժումը պետությանն ու ազգին կործանումից փրկելու, հասարակությանը պառակտումից և հոգեբանական անկումից դուրս բերելու, արդարություն հաստատելու, սոցիալական բարենպաստ հավասար պայմաններ հաստատելու նպատակ է հետապնդում։ Այս նպատակին հասնելու համար պետք է, որ ապագա կառավարող թիմը նեղ անձնական ակնկալիք չունենա։ Նոր եկողների ակնկալիքը իր նոր հանգամանքով պայմանավորված պետք է լինի փրկել պետությունը, համախմբել ազգին ու հասարակությանը, հաստատել արդարություն և սոցիալական բարենպաստ հավասար պայմաններ բոլորի համար։

Նոր կառավարող էլիտան պետք է սկզբունքորեն որոշի, որ ինքը, (միգուցե երկար ժամանակ) նեղ է ապրելու։ Պետության և պաշտոնի հաշվին հունական կղզիներում չի տժժալու, կառավարական փոխադրամիջոցներով վոյաժների չի գնալու, չտեսած շքեղություններ թույլ չի տալու, վերջապես վիզն ու փորը չի հաստացնելու։ Նման ակնկալիք չպիտի ունենա։

Պետության մեջ տեղի ունեցող ցանկացած քաղաքական, տնտեսական, գիտակրթական հոգևոր-մշակութային գործընթաց պետք է դնել բարոյական հենքի վրա, որտեղ սկզբունք պետք է լինի ակնկալիք չունենալը։

Եթե ձևավորվեց, (իսկ ես համոզված եմ, որ քրիստոնեական գաղափարախոսությունը մեզ պարտադրելու է ձևավորել), նեղ ապրելու պատրաստ, կամ ինչպես ձևակերպվում է «ակնկալիք չունեցող» էլիտա, մենք ոչ միայն կհաղթահարենք համընդհանուր հասարակական-քաղաքական, բարոյական, հոգեբանական ճգնաժամը, այլև կկերտենք նոր հաղթանակներ։

Որքան էլ երկար ու խավար լինի գիշերը, մինևնույն է՝ լույսը բացվելու է։

 

Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ