Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Անկախության մասին հռչակագրի 10-րդ հոդվածում բառացիորեն գրված է. «Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ սեփական համակարգ» (ընդգծումն իմն է):
Եթե ուզում ենք, որ ի կատար ածվեն հռչակագրի մյուս կետերը, և մենք ունենանք մեր երազած Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանը, պարտավոր ենք անշեղորեն իրականացնել հռչակագրի 10-րդ հոդվածը (բնավ միտք չունեմ թերագնահատել մյուս հոդվածները, բոլորն էլ կարևոր են):
Կրթության և գիտության սեփական համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է արձանագրել հետևյալ հաստատումները.
• Հայաստանում կրթությունը հսկայական ներուժ ունի, և նրա զարգացումը մեծապես կարող է փոխել հայաստանցու, հայ մարդու կյանքը:
• Կրթությունն ազդում է նաև անհատի ձևավորման վրա: Որքան կրթված է մարդը, այնքան ավելի հեշտ է նա կարողանում լուծել խնդիրները շրջապատող աշխարհում:
• Մեր կրթական համակարգում ներդնել այնպիսի մոտեցումներ, որոնք, ավանդական մոդելի ազգային բաղադրիչների պահպանմամբ, հնարավորություն կտան ապահովել մեր համաչափ առաջընթացը: Պետք է համադրելի դարձնել տեսական գիտելիքները և իրական կյանքի պահանջմունքները:
• Հայաստանի Հանրապետության ապագայի կրթական համակարգը պետք է նպաստի ազգային շահերի լիարժեք սպասարկմանը, դառնա մեր սերունդներին հոգևոր-մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանման և փոխանցման գերակա համակարգը:
• Կրթության միջոցով պետք է ձևավորենք այնպիսի մարդկային կապիտալ, որը հնարավորություն կտա բնական ռեսուրսներից ոչ այնքան հարուստ Հայաստանը դարձնել մրցակցային երկիր:
• Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը, չնայած նախիկնում գործադրված ջանքերին, ունի բազմաթիվ հիմնախնդիրներ: Մենք ստիպված ենք հաղթահարելու մի շարք մարտահրավերներ: Այդ հիմնախնդիրների լուծումը և մարտահրավերների հաղթահարումը միայն կարող է երաշխավորել կրթության համաչափ և անհրաժեշտ զարգացումը Հայաստանում:
• Հայաստանին արնհրաժեշտ է ազգային կրթական մոդել՝ հստակ մշակված հայեցակարգով:
• Այլևս անքննելի է այն համոզումը, որ կրթությունը պետք է առանձնացնել քաղաքականությունից, և սա պետք է լինի տարբեր տեսանկյուններից դիտարկելիս: Կրթությունը շարունակական գործընթաց է: Այն չպետք է վերանայվի ըստ քաղաքական հայեցողության: Կրթական գործընթացը չպետք է ծայայեցնել քաղաքական շահերին: Կրթությունը պետք է սպասարկի հասարակությանը:
Ելնելով ներոնշյալ հաստատումներից անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
Նախադպրոցական կրթության ոլորտում.
Հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթությունը կարևորագույն դեր ունի անհատի սոցիալական ադապտացիայի գործում, ինչպես նաև անհատի ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցման, տարրական կարողությունների, վարվեցողության կանոնների ուսուցման, հայրենիքի նկատմամբ սիրո և նվիրվածության զգացումի ձևավորման, ինչպես նաև հանրակրթության մեջ ներգրավմանը նախապատրաստելու առումով, անհրաժեշտ է.
• 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության հաս-անելիության ընդլայնում՝ հասցնելով 90-95 տոկոսի:
• Նախադպրոցական կրթության կազմակերպման ձևերի բազմազանեցում:
• Նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների մշակում և ներդնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնք¬ներին:
• Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար համապատասխան պայմանների ստեղծում:
• Նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդնում:
Հանրակրթության ոլորտում.
Հաշվի առնելով, որ կրթական ընդհանուր գործընթացում առանցքային տեղ է հատկացված հատկապես հանրակրթությանը՝ անհրաժեշտ է.
• Սահմանել հանրակրթական դպրոցի դաստիարակչական առաքելությունը:
• Բացառել դպրոցների պարտադիր ուսումնասիրության առարկայացանկից «Հայոց եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական նախապատրաստություն» առարկաների հնարավոր հանումը՝ հաշվի առնելով սերունդների ազգային դաստիարակության մեջ և մարտական պատրաստվածության մեջ նշված առարկաների հույժ կարևորությունը:
• Կայացնել ավագ դպրոցը, հստակեցնել ավագ դպրոցի առաքելությունը, նաև հիմնական և միջնակարգ դպրոցներում կրճատել դասարանների աշակերտների թիվը՝ սահմանելով առավելագույնը 20 հոգանոց աշակերտական համակազմ:
• Փոխել դպրոցների ֆինանսավորման սկզբունքը: Իջեցնել գործող դրույքաչափը՝ շաբաթական քսաներկու ժամից դարձնելով տասնութ:
• Վերանայել դպրոցների կառավարման խորհուրդների հարցը՝ դրանք դարձնելով պրոֆեսիոնալ: Փոխել տնօրենների ընտրության կարգը: Սահմանել տնօերենների ներկայացրած ծրագրերի իրականացման ընթացքի վրա պարբերական վերահսկողության մեխանիզմներ՝ ներառելով ծրագրով նախատեսված աշխատանքների հրապարակային հաշվետվությունների ձևաչափը:
• Երեխաներին չներքաշել քաղաքական գործընթացների մեջ:
• Թեթևացնել առարկայական ծրագրերը, բովանդակային առումով համապատասխանեցնել երեխայի կրթական մակարդակին:
• Դպրոցները շենքային պայմանների և նյութատեխնիկական բազայի հագեցմամբ դարձնել սովորողների համար հրապուրիչ և իրապես համապատասխանեցնել գործող սաննորմերի պահանջներին:
• Օրենսդրական համապատասխան փոփոխությունների ճանապարհով էականորեն խստացնել օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներում հայ երեխաների ներգրավման չափանիշները:
• Բացառել դպրոցների հետագա օպտիմալացումը: Բոլոր համայնքներում՝ այդ թվում լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ, ապահովել ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը՝ անկախ դպրոցահասակ երեխաների թվից: Հնարավորինս բացառել հեռավոր գյուղական դպրոցներում բազմահամակազմ դասարանների հանգամանքը:
• Դպրոցները դարձնել երկարօրյա՝ լուծելով այն սովորողների դասապատրաստման խնդիրը, որոնք, պայմանավորված իրենց ծնողների զբաղվածության խնդրով, ուսման մեջ թերանում են:
• Վերականգնել ուսուցչի, մանկավարժի հանդեպ հասարակության ունեցած նախկին հարգանքը: Դա պետք է դառնա համընդհանուր քարոզչության առարկա:
• Հստակեցնել և համակարգել այն ծրագրերը, որոնք, որպես կարճաժամկետ ուսուցում իրակակացվում են դպրոցականների շրջանում:
Բարձրագույն կրթության ոլորտում.
Հայաստանի տնտեսական, ճարտարագիտական և հասարակական զարգացումը մեծապես պայմանավորված է որակյալ բանրձրագույն կրթական համակարգով: Այս տեսակետից անհրաժեշտ է.
• Վերանայել և արդիականացնել բուհերի կրթական ծրագրերը, որոշ առարկաներ տեղափոխել ավագ դպրոց:
• Ուշադրություն դարձնել բուհերի միջազգայնացմանը, օտար լեզվուներով դասավանդմանը: Հայկական բուհերին բերել միջազգային վարկանիշային աղյուսակներ:
• Ապահովել բարձրագույն կրթության հավասար մատչելիություն հասարակության բոլոր խավերի համար:
• Ներդնել բուհերի ֆինանսավորման այլընտրանքային տարբերակներ (օրինակ՝ բուհական գիտության հաշվին), աշխատավարձերը միայն ուսանողների հաշվին չպետք է ձևավորվեն: Խթանել բարձրագույն կրթության և գործարար միջավայրի համագործակցությունը, խրախուսել բարձրագույն կրթության մեջ մասնավոր ներդրումնեը: Ապահովել բուհ-աշխատաշուկա գործուն և արդյունավետ կապը: Կրթության գործընթացը դիտարկել կրթություն-գիտություն-արտադրություն եռամիասնության մեջ:
• Վերանայել որոշ մասնագիտությունների մագիստրոսական ծրագրերը, դրանք տևողությունը և նպատակահարմարությունը: Մագիստրատուրայում հետազոտական ծրագրերին զուգահեռ զարկ տալ կատարողական հմտությունների զարգացմանը:
• Հայաստանյան բուհերում ներդնել միասնական կրեդիտային համակարգ:
• Նվազագույնի հասցնել ոչ պետական բուհերի քանակը: Պետական բուհերի օպտիմալացումն իրականացնել խելամիտ կերպով:
• Լուրջ ուշադրություն դարձնել մարզային բուհերին: Դրանք դիտարկել նաև որպես մարզերում մտավորականության կենտրոնացման վայրեր: Խնդիրը դիտարկել նաև ժողովրդագրական տեսանկյունից: Շիրակի մարզում հաճելի հավակնոտ տրամադրություն կա Գյումրին համալսարանական կենտրոն դարձնելու առումով: Գյումրին, թե մտավոր ռեսուրսների, թե աշխարհագրական, թե կլիմայական (շատ շոգ չէ) պայմանների և այլ առումներով կարող է դառնալ այդպիսին:
• Մշակել բուհ ընդունվելու ավելի արդյունավետ մոդել:
• Քայլեր ձեռնարկել Հայաստանը տարածաշրջանային համալսարանական կենտրոն դարձնելու կամ, նվազագույնը, արտասահմանցի ուսանողների համար Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը հրապուրիչ դարձնելու ուղղությամբ:
• Համալսարաններում ապահովել գիտության զարգացման համար անհարժեշտ մասնագետների տարրական բազայի ստեղծումը:
Գիտության ոլորտում.
Հաշվի առնելով, որ Հայաստանում գիտությունը բախվել մի շարք խնդիրների. գիտական ավանադական առաջատար ճյուղերի անկում, երիտասարդ գիտնականների արտահոսք, գիտության ոչ բավարար ֆինանսավորում, ոչ արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև այն, որր սահմանափակ բնական ռեսուրսների պայմաններում, Հայաստանի ապագան զարգացած գիտության մեջ է՝ անհրաժեշտ է:
• Նախանշել գիտության գերակա ուղղությունները: Առանձնահատուկ տեղ տալ ՀՀ անվտանգության համակարգի կարիքներին, ապահովել անխափան ֆինանսավորում:
• Ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կայուն համակարգ:
• Ապահովել համապատասխայն կադրային բազայի կայուն աճը:
• Վերականգնել և զարգացնել գիտության նյութատեխնիկական բազան ու ենթակառուցվածնքերը:
• Երիտասարդ կադրերի ներհոսքով ապահովել կայուն սերնդափոխություն գիտության ոլորտում:
• Հիմնարար գիտական հետազոտությունները վերցնել պետական անվերապահ հովանավորության ներքո:
• Խթանել մասնավոր բիզնեսի կապը գիտության հետ:
• Ապահովել ՀՀ ԳԱԱ անխափան գործունեությունը, հստակեցնել գիտության կառավարման կարգը:
• Ընդլայնել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը:
• Ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը:
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ