կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 20:09
Աշխարհ

Մարտեր սահմանին. Թաիլանդն ու Կամբոջան հրադադարը խախտելու մեղադրանքներ են հղել միմյանց

Մարտեր սահմանին. Թաիլանդն ու Կամբոջան հրադադարը խախտելու մեղադրանքներ են հղել միմյանց

Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր էին ստորագրել 2025 թվականի հոկտեմբերի վերջին։

Թաիլանդն ու Կամբոջան այսօր առավոտյան միմյանց մեղադրել են հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ:

Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, երկու երկրների սահմանին կրկին բախումներ են տեղի ունեցել:

Թաիլանդի զինվորականները հայտարարել են, որ կամբոջացիները ԱԹՍ-ների և հրետանու օգնությամբ գրոհել են Սիսակետ նահանգի ռազմակայանը: Նախնական տվյալներով՝ 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունները՝ նշելով, որ նախահարձակ եղել են Թաիլանդի զինվորականները, ինչի հետևանքով տուժել է 3 խաղաղ բնակիչ:

Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի տարածքում գտնվող մի քանի օբյեկտների. դա հաստատել է նաև թաիլանդական բանակը:

Ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններից հետո Թաիլանդի իշխանությունները նաև հայտարարել են, որ սահմանամերձ քաղաքներից տարհանում է իրականացվում:

Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ Թաիլանդի բանակի զրահատեխնիկան և հետևակը Կամբոջայի տարածք են մտել ինքնիշխանության վերականգնման գործողության շրջանակում: Մարտերի ընթացքում գրավվել է Կամբոջայի տարածքում գտնվող սահմանային անցակետերից մեկը։

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճեց ինտենսիվ մարտական բախումների` ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվեցին ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ կազմակերպությունում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ:

2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր ստորագրեցին, արարողությունը տեղի ունեցավ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: