կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 14:34
Քաղաքական

ԿԳ նախարարը պատասխանում է Մարուքյանին

ԿԳ նախարարը պատասխանում է Մարուքյանին

Ազգային ժողովի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր դիմեց կրթության նախարար Արայիկ Հարությունյանին. «Պարոն Հարությունյան, դուք նաև իմ նախարարն եք, ես ՀՀ քաղաքացի եմ»:

Հիշեցնենք, որ օրերս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ԼՀԿ ղեկավարի Facebook-ի սևակյան ոգով գրառմանն, ասել էր, թե նորմալ է Մարուքյանի մտահոգությունն ու յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել: «Մենք Մարուքյանի համար չենք աշխատում»,- ասել էր նա:

Էդմոն Մարուքյանը կրթության ու գիտության ոլորտի ղեկավարին իր ելույթում հիշեցրեց Ագրարային համալսարանի ռեկտորի նշանակման փաստը` ասելով. «Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել ձեր մտերմին, ով օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և ինքն իրեն 850 հազար դրամ աշխատավարձ է նշանակել՝ նախկին 554 հազարի փոխարեն: Նոր բաժին է ստեղծել, որը մեկ աշխատող ունի, բայց պետ էլ ունի: Մինչդեռ գիտությունների դոկտորը 172 հազար դրամ է ստանում: Հիմա սա ի՞նչ ա, որ կոռուպցիա չի: Կոռուպցիան միայն կաշառք տալն ու վերցնելը չի, հովանավորությունն է: Մարդը եկել, թղթերով ա թալանում, Սերժն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին ա»:

Yerkir.am-ը նախարարից հետաքրքրվեց` ի՞նչ մտերմության մասին է խոսքը: Նա լակոնիկ. Պատասխանեց. «Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է»: