կարևոր
355 դիտում, 4 ժամ առաջ - 2024-11-21 18:14
Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք»

Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք»

«Հետք»-ի հաղորդմամբ՝ 2024թ. հոկտեմբերին յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազ. դրամը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ, հոկտեմբերի 23-ին, մի խումբ աշխատակիցներ Կոմիտեից ստացել են թանկարժեք նվերներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է  թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է:

«Գնոմոն» ֆիրմայի ոսկեպատ, 25,6 գրամ արծաթյա ժամացույց նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը: Ժամացույցի գինը դարձյալ 172 հազ. դրամ է:

Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ դարձյալ արծաթյա ժամացույց է նվեր ստացել, սակայն՝ Գլխավոր դատախազությունից: Այս ժամացույցն ավելի «համեստ» է, ունի 7,23 գրամ քաշ, իսկ արժեքը 94 հազ. դրամ է:

Ազգային անվտանգության ծառայությունն էլ 125 հազ. դրամ արժողությամբ ժամացույց նվիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի տեղակալ Արսեն Մարտիրոսյանին: Ժամացույցն ինքնալարվող մեխանիզմ ունի, որի հետնամասում կա «ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից» գրառումը:

Կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը ստացել է 85 հազ. դրամ արժողությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարբերանշանով սեղանադիր հուշանվեր:

Նույն առիթով վարդագույն ոսկու ծածկույթով քվարցային մեխանիզմով ձեռքի ժամացույց նվեր է ստացել Կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Բագրատ Ադամյանը: Նրա ժամացույցի արժեքը 77 հազ. դրամ է:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում 7 տարբեր նվեր է ստացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնց ընդհանուր արժեքը 420 հազ․ դրամ է: Մասնավորապես, Վարդապետյանին հուշանվերներ են հանձնել Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի Հանրապետությունների գլխավոր դատախազություններից՝ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։