Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել.
«Միավորման բացառիկ հնարավորությունը !
Վաղը՝ (սեպտեմբերի 22-ին) ժամը 18:00-ին, լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ինքնաբացարկի վերջնաժամկետը: Քարոզարշավի այս օրերը ցույց տվեցին,որ Վանաձորում իրական հնարավորություն է ստեղծվել՝ հաղթելու Հանրապետական կուսակցությանը: Այս պահին՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաղթելու ամենամեծ շանսերն ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և մենք վստահորեն գնում ենք դեպի այդ հաղթանակը:
Սակայն, հիշեցնելով, որ մեր գլխավոր թիրախը եղել և մնում է Հանրապետական կուսակցությունը, ես դիմում եմ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միավորել մեր ջանքերը և համատեղ ուժերով ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակը դարձնել առավել աներկբա և վերջնական:
Կոչ եմ անում՝ օգտվել առաջին անգամ ընձեռված այս բացառիկ հնարավորությունից և հաղթելով ՀՀԿ-ին, Վանաձորում ձևավորել բազմակուսակցական տեղական իշխանություն` բերելով համագործակցային կառավարման նոր մշակույթ: Մենք պատրաստ ենք մի կողմ դնել բոլոր ներկա և նախկին տարաձայնությունները և միավորվել՝ հանուն ավելի բարձր արժեքի և զարգացող Վանաձորի: Ժամանակը սուղ է, հուսով ենք՝ մեր առաջարկը կստանա դրական արձագանքներ և մենք միավորված կհաղթենք Հանրապետական Կուսակցությանը»:
Այս գրառմանը երեկ արձագանքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը.
«Պատասխանում եմ Էդմոն Մարուքյանի «աննախադեպ», բայց իրականում բազմաթիվ տխուր նախադեպեր ունեցող առաջարկին։ Ուզում եմ շեշտել նաև, որ ներկայացնում եմ ՔՊ պաշտոնական դիրքորոշումը։
Նախ, անհասկանալի է, թե ում նկատի ունի պարոն Մարուքյանը՝ ասելով «ընդդիմություն». ՕԵԿ-ի՞ն, Վարդան Օսկանյանի՞ն, ԲՀԿ-ի՞ն։ ՔՊ-ն երբեք չի միավորվել և չի միավորվելու հանցագործների և խաբեբաների հետ։
Երկրորդը՝ պարոն Մարուքյանը մյուս ուժերին առաջարկում է Վանաձորի ավագանու ընտրություններում ԼՀ-ի օգտին ինքնաբացարկ հայտնել՝ սա հիմնավորելով նրանով, որ իրենց «վերլուծությունները» ցույց են տալիս, որ հենց ԼՀ-ն ամենամեծ շանսերն ունի՝ հաղթելու ՀՀԿ-ին. այս դեպքում առնվազն անհասկանալի է, թե ինչու պարոն Մարուքյանը կուսակցություն ստեղծեց մեկ տարի առաջ, երբ ՔՊ-ն ուներ և ունի ամենամեծ շանսերը՝ համապետական մակարդակում մարտահրավեր նետելու ՀՀԿ-ին։ Արդյո՞ք սա ընդդիմության մասնատման փորձ չէ։
Կամ, նշանակու՞մ է սա արդյոք, որ, այս տրամաբանությամբ, ԼՀ-ն չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և կպաշտպանի ՔՊ-ին։
Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ՔՊ-ն ԼՀ-ին առաջարկում է.
1.Հայտարարել, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։
2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։
3.Վաղը (այսօր-խմբ.) ողջամիտ ժամկետում Ազգային Ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։
Վերոնշյալ պայմանների կատարման դեպքում ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ ԼՀ-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ ԼՀ-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման։
Հ.Գ. Եթե իմպիչմենտի նախագիծ գրելու ժամանակ չունեք, կարող ենք ձեզ փոխանցել 2014 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից գրված և ձեր կողմից չստորագրված իմպիչմենտի նախագիծը»։