կարևոր
898 դիտում, 2 օր առաջ - 2024-11-21 15:52
Քաղաքական

Նոր որոշումով 50.000-ի փոխարեն՝ 40.000. Արցախի հարցը իշխանության համար փակված է. դիտարկում

Նոր որոշումով 50.000-ի փոխարեն՝ 40.000. Արցախի հարցը իշխանության համար փակված է. դիտարկում

2025 թ. ապրիլից սկսած՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող աջակցությունը նախկին 50.000-ի փոխարեն կկազմի 40.000 դրամ, իսկ շահառուների շրջանակը կնեղանա: Սա փաշինյանական իշխանության կառավարության նիստի այսօրվա որոշումներից մեկն է: Այդ որոշման համաձայն՝ աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ):

Այս որոշմամբ իշխանությունը ևս մեկ պրոբլեմ է առաջացնում առանց այդ էլ սոցիալական խնդիրների մեջ խրված արցախցիների համար: Ստեղծված իրավիճակում մարդիկ մտածում են միայն երկրը թողնելու ու հեռանալու մասին: Այս կարծիքը Yerkir.am-ի հետ զրույցում արտահայտեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հայաթափումից մեկ տարի անց, տնազուրկ դարձած մեր հայրենակիցների որևէ սոցիալական խնդիր չի լուծվել, ընդհակառակը…: Ներկա 40+10-երի դեպքում մարդիկ ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում են ապրում. շեշտեց Հակոբյանը: 

«Այս մեկ տարվա ընթացքում, կապ պահելով որոշակի ընտանքիների հետ, չեմ լսել գեթ 1 դեպքի մասին, որի դեպքում փոխվել մեր հայրենակիցների սոցիալական վիճակը: Հակառակն է տեղի ունեցել: Ցավով եմ ասում, բայց այն օղակը, որը Հայաստանի ներկա իշխանությունները  փաթաթել են արցախցիների վզին, ավելի բարդ վիճակ է ստեղծել»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը շեշտեց՝  մարդիկ լավ օրից չէ, որ նման որոշման են գալիս: Շատերը սոցիալապես գոյատևելու հնարավորություն չունեն, իսկ նմանատիպ որոշումների արդյունքում, գարնանից սկսած, ավելի դաժան իրականության են բախվելու: Աշխատատեղերի խնդիրը շատ մեծ է, հետևաբար մարդիկ կախվածության մեջ են ընկնում նմանատիպ  աջակցություններից, բայց…:

Հատկանշական է, որ կառավարության նոր որոշման համաձայն՝ եկող տարվա  հուլիսից սկսած էլ աջակցության համար տրամադրվող 40 000-ականները կնվազեն հասնելով  30 000 դրամի. ի՞նչ բացատրություն կա սրա համար: Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ՝ նմանատիպ քայլերով իշխանականներն իրենց համար շատ հարցեր են լուծում, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ նրանք փորձում են «ազատվել» արցախցիներից:

«Իրենց պատկերացումներում արցախցիներ չկան, փակված է նաև «Արցախի հարցը»: Օրվա իշխանությունները լավ էլ գիտեն, որ դեռևս կա արցախցիների մի խումբ, որի համար փաշինյանական իշխանությունը հավերժ չէ, նրանք դիմանում են այս հալածանքներին, որպեսզի թույլ չտան, որ փակվի «Արցախի հարցը»»,- ասաց Հակոբյանը՝ միաժամանակ երկմտելով՝ չգիտի, թե մինչև ե՞րբ Նիկոլ Փաշինյանը կշարունակի այս ռեպրեսիաներն արցախցիների նկատմամբ:

Հիշեցնենք՝ ըստ կառավարության նիստի այսօրվա որոշումներից մեկի՝ հաջորդ տարվա գարնանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին։

2025 հունվար-մարտ ամիսներին դրամական աջակցությունը կկազմի 50 հազար դրամ և «40+10» ծրագիրը կգործի մինչև մարտ։ Արդեն ապրիլից մինչև հունիս աջակցության չափը կնվազի և կկազմի 40 հազար դրամ, և այն կստանան կոնկրետ խմբեր՝ անչափահասները, կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63 տարեկանից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամները։ Այսինքն՝ այս սոցիալական խմբերից դուրս գտնվող մյուս անձինք, մարտից այլևս դրամական աջակցություն չեն ստանա։

Արդեն հուլիսից-դեկտեմբեր հատվածում Արցախից տեղահանված կոնկրետ թիրախային խմբերը կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն։