Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը գրում է․ «ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, օգտվելով պաշտոնի բարիքներից, շուրջ 4 տարի ինքն իրեն բնակարանային վարձի փոխհատուցում է տվել՝ չունենալով դրա իրավունքը։
Օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողներին, որոնք ծառայում են իրենց բնակավայրից հեռու, բնակվարձ է տրամադրվում` 65-85 հազար դրամի չափով՝ կախված բնակավայրի հեռավորությունից, ընտանիքի անդամների թվից։ Կառավարության համապատասխան որոշման համաձայն, սահմանված հեռավորություն է համարվում ոչ պակաս, քան 30 կիլոմետրը։ Այսինքն, եթե մարդը Վանաձորի բնակիչ է, բայց Աշտարակում է ծառայում, ապա նրան բնակվարձի փոխհատուցում են տրամադրում, որ ամեն օր Վանաձորից չհասնի Աշտարակ, այլ ծառայության վայրում տուն վարձի:
Ընտրողների ռեգիստրից տեղեկանում ենք, որ Հայկ Բաբայանն ապրում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում։ Բաբայանից բացի, այդ տանն ապրում է եւս 4 անձ։ Երեւանից Գառնի հեռավորությունն ընդամենը 27 կիլոմետր է, ինչը նշանակում է, որ նա կարող էր ամեն օր տնից հասնել Երեւան, այլ ոչ թե բնակարան վարձել Երեւանում` ստանալով օրենքով սահմանված փոխհատուցումը:
«Հրապարակը» գրավոր հարցում էր արել ՆԳՆ՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին․ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկանության զորքերում աշխատելու տարիներին օգտվե՞լ է բնակարանի վարձի փոխհատուցման հնարավորությունից, ո՞ր թվականներին է օգտվել, ի՞նչ պաշտոն է զբաղեցրել այդ տարիներին, որքա՞ն գումար է ստացել, օրենքով ովքե՞ր կարող են օգտվել, ի՞նչ չափանիշներով։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը. Հայկ Բաբայանն օգտվել է բնակվարձի հնարավորությունից։ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Հ․ Բաբայանը 01․11․2015թ․ մինչեւ 01․07․2019թ․ օգտվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցումից։ Հ․ Բաբայանը նշված ժամանակահատվածում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը»,-պատասխանել են ՆԳՆ-ից։
Պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ Հայկ Բաբայանը 4 տարի շարունակ` մինչեւ 2019 թվականը, օգտվել է պետությունից` «շնից մազ պոկելն էլ խեր է» տրամաբանությամբ։ Մեր հաշվարկով՝ մոտ 3 միլիոն 200 հազար դրամ գումար է ստացել` չունենալով դրա իրավունքը: Իսկ մինչ այդ՝ 2018-ի իշխանափոխության ժամանակ, նա «օրինակելի վարք» է ցուցաբերել, ապա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների շնորհիվ 2020թ․ նոյեմբերին նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ։ 2019-ին հավանաբար հուշել են, որ անհարմար է` հրաժարվիր պետբյուջեից փոխհատուցում ստանալուց, մի օր կբացահայտվի, եւ նա հրաժարվել է: Մեր տեղեկություններով՝ ժամանակին Բաբայանի նկատմամբ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել եւ շատ արագ փակվել՝ Բաբայանի կապերի շնորհիվ։ Հիշեցնենք նաեւ, որ Բաբայանի անմիջական հրամանով են գործում ցուցարարներին ջարդող բերետավորները, նա այս իշխանության անմիջական հենարաններից է:
Հիմա Հայկ Բաբայանը նոր ակնկալիքներ ունի` փորձում է նշանակվել նոր ստեղծվող ոստիկանական գվարդիայի ղեկավար, կստացվի, թե ոչ` կերեւա առաջիկայում»: