կարևոր
901 դիտում, 3 ամիս առաջ - 2024-11-20 22:09
Հասարակություն

«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը. մենք կորցրել ենք ամենակարևորը. Վահե Դավթյան

«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը. մենք կորցրել ենք ամենակարևորը. Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Այսօր արդեն Կենտրոնական Ասիայի երկրները, մասնավորապես, Ղազախստանն ու Ուզբեկստանը համագործակցություն են զարգացնում միջանցքի առանցքային շահառու հանդիսացող Չինաստանի հետ՝ եվրասիական այս կարևոր ենթակառուցվածքի զարգացման շուրջ:

Իր հերթին, Չինաստանը 2022 թվականից ի վեր ռազմավարական երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ՝ «Միջին միջանցք» «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին ինտեգրելու նպատակով:

Ադրբեջանն էլ փորձում է համոզել ԵՄ որոշ դերակատարներին «Միջին միջանցքի» ռազմավարական նպատակահարմարության մեջ՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու ձևավորման համատեքստում: Երթուղի, որը վաղուց արդեն անցնում է Վրաստանով և հայտնի է որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի:

Վերջինս, իր հերթին, մեծ հավանականությամբ կմիանա Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղուն՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» շարունակվելու հեռանկարով՝ վերջնականապես սեղմելով տրանսպորտային օղակը Հայաստանի շուրջ:

Ահա այսպիսի «Անակոնդայի մեթոդ»:

Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է «Միջին միջանցքի» կոմերցիոն ցուցանիշների վրա: Պահանջարկն այս հաղորդակցության հանդեպ աճում է օրըստօրե:

Այսպես, 2024 թվականի 10 ամսվա ընթացքում դրանով իրականացվող բեռնափոխադրումներն աճել են 68%-ով՝ հասնելով 3,8 մլն տոննայի:

Միջանցքի շահառուներն արդեն խոսում են դրա թվայնացման մասին, իսկ դա նշանակում է, որ դրա վերաբերյալ բոլոր ռազմավարական որոշումները վաղուց կայացվել են:

Ուստի, անգամ Հարավային Կովկասի ամբողջական տրանսպորտային ապաշրջափակման դեպքում որևէ մեկը չի վերանայելու տարիներով, իսկ առանձին դեպքերում՝ տասնամյակներով մշակված ու ձևավորված հաղորդակցությունների լոգիստիկան:

Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ ժամանակը:

Ուստի, գանք իրականություն»,-գրել է նա: