կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 15:03
Քաղաքական

Զուրաբյանը քննադատեց Փաշինյանին, Մարուքյանին եւ Շարմազանովին

Զուրաբյանը քննադատեց Փաշինյանին, Մարուքյանին եւ Շարմազանովին

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ներկայացված` կառավարման ճգնաժամի մասին փաստաթուղթը, եզրափակիչ ելույթով հանդես եկավ հեղինակը: Նա նշեց, որ կառավարման ճգնաժամի գոյության վերաբերյալ պնդումներին հակադարձելու համար իշխանությունը հետաքրքիր ռազմավարություն է մտածել` որոշել է խոսել, ընդդիմության ճգնաժամի մասին:

 

«Իսկ ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ խորհրդարանում երեկ տեղի ունեցավ Հանրապետական խմբակցության հովանու ներքո մի նոր քաղաքական դաշինքի պրեզենտացիա: Այդ դաշինքում դիրիժորի դեր ստանձնած Շարմազանովի հետ միասին, նախկին իշխանությունների քննադատության վրա մասնագիտացած և հենց այդ նպատակով Հանրապետական խմբակցություն բերված որոշ գործիչներ, մեկը՝ իբր անկախ պատգամավոր (նկատի ունի Էդմոն Մարուքյանին-խմբ.) և մեկ-երկու ՝ իբր ընդդիմադիր պատգամավոր (Նիկոլ Փաշինյան-խմբ.): Այս իշխանավոր-անկախ-ընդդիմադիր դաշինքը երեկ, ուս ուսի տալով, և փոխադարձ ջան ու ղուրբանով պրեզենտացվեց խորհրդարանին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Ըստ նրա` այդ մարդկանց դրույթներն էին այն, որ մեղավորը ընդդիմություն է, որն ինստիտուցիոնալ չէ, որը հիասթափեցնում է հասարակությանը, որևէ քայլեր չի անում, չի միանում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու փաստաթղթին, և որ նման ընդդիմությունը պետք է հեռանա:

 

Պատգամավորը տարակուսեց, որ տարբեր ճամբարներում գտնվող Էդուարդ Շարմազանովը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը ասում էին նույն բանը եւ դասեր էին տալիս ՀԱԿ-ին: Իսկ իշխանությունները համարեցին, որ արդեն չեզոքացրել են ԲՀԿ-ին, ուստի անկաշկանդ ձևով սկսել են հարձակվել, Զուրաբյանի խոսքով, դիմադրության միակ օջախի՝ ՀԱԿ-ի վրա: Նա վստահեցրեց, որ ժողովուրդը միամիտ չէ և չի հավատալու այդ մարդկանց:

 

Հիշեցնենք, որ երեկ  Փաշինյանը եւ Մարուքյանը խիստ քննադատության էին ենթարկել ՀԱԿ-ին: