կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-14 18:27
Քաղաքական

Վանաձորի ընտրությունների լոբբինգը մի´ տեղափոխեք ԱԺ. Լոքյանը՝ Էդմոն Մարուքյանին

Վանաձորի ընտրությունների լոբբինգը մի´ տեղափոխեք ԱԺ. Լոքյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին: Կառավարությունը սեպտեմբերին որոշում էր կայացրել Վանաձորին 160 միլիոն դրամ գումար հատկացնելու մասին` մարզպետարանի միջոցով՝ Վանաձորի ֆինանսական վիճակի բարելավման համար:

Պատգամավորի խոսքով՝ Վանաձորում նախընտրական շրջան է, և հանրապետական թեկնածուները դա ներկայացնում են որպես իրենց ձեռքբերում, և որ այդ գումարից չորս ամսվա աշխատավարձեր են տալու: «Ինչի՞ համար է տրամադրվել այդ գումարը, անտեղի է այս շահարկումը որպես նախընտրական ձեռքբերում ներկայացնելը»,- նշեց  Մարուքյանը:

Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ պրոցեսն ավելորդ թատերականացվում է, և դա թեկնածուների կողմից ձեռքբերում ներկայացնելը անթույլատրելի է: «Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ձևավորվել է բյուջետային որոշակի դեֆիցիտ: 45 միլիոն դրամ` աղբահանության վճարների գանձում չի իրականացվել քաղաքապետարանի կողմից, 12 միլիոն դրամ էլ մանկապարտեզների վարձավճարներ չեն գանձվել: Քաղաքապետարանի գործունեության մեջ պետք է ուղղումներ մտցվեն: Բյուջեից որոշակի մաս օգտագործվել է ճանապարհների բարեկարգման վրա: Այս տարի 65 միլիոն դրամի լրացուցիչ օժանդակություն ենք հատկացրել Վանաձորին` նախորդ տարվա 126 միլիոնի փոխարեն: Իսկ քաղաքական շահարկումները և ընտրական պրոցեսները խորհրդարան բերելը ճիշտ չեն»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց Վանաձորի քիմպրոմի թալանի մասին, որ խողովակները մարդկանց չեն հասնում, մինչդեռ` աճուրդով այդ խողովակները գնել են:

Դավիթ Լոքյանը պատասխանեց. «Կարծում եմ` Վանաձորի ընտրությունների լոբբինգը տեղափոխել ենք այս դահլիճ: Այդ հարցի պարզաբանումը կարող էիք վաղօրոք  ունենալ: Սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներից ելնելով` մենք չէինք կարող համայնքի` շուրջ 1300 աշխատակիցների չօժանդակել աշխատավարձերի հարցում»: