կարևոր
370 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-21 17:26
Քաղաքական

Բանաձևն ազդարարեց՝ պատանդառված մեր հայրենակիցների հարցով գործընթացի շարունակությունը․ Սիրանուշ Սահակյան

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև է ընդունել, որով, ի թիվս մի շարք պահանջների, Ադրբեջանից նաև պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված բոլոր անձանց։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բանաձևերը քաղաքական ճնշման դրսևորում են, որոնք կարող են ազդեցություն ունենալ պատանդառված մեր հայրենակիցների ազատարձակման հարցում։   

«Այս քաղաքական դիրքորոշումները նաև պետության մոտեցումներն են հարցի վերաբերյալ  և կարող են նպաստել միջազգային իրավունքի ձևավորմանը, նախ՝ փափուկ իրավունքի, իսկ հետագայում նաև՝ կոշտ իրավունքի ձևավորմանը։ Քաղաքական դիրքորոշումների կոլեկտիվ արտահայտումը նաև իրավական ազդեցություն կարող է ձևավորել, ուստի նմանատիպ նախաձեռնություննեը շատ կարևոր են ։ Հայտնի է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային իրավունքը  և վարքագծի փոփոխության միակ ձևն  ուժեղ արտաքին ներգործությունն է»,-նշում է Սիրանուշ Սահակյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հիշյալ բանաձևերն ունեն ձևակերպումներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել դատական գործընթացներում։

 «Ինչպես տեղյակ եք Ադրբեջանը նրանց հաճախ ներկայացնում է որպես ահաբեկիչներ, անջատողականներ, նաև համարում է,  որ նրանք զրկված են գերիների կարգավիճակից և ունեն այլ կարգավիճակ, մինչդեռ այս բանաձևերն օգնում են ցուցադրելու միջազգային դատական ատյաններում, որ այս անձինք ունեն գերիների կամ պատանդների կարգավիճակ»,-ասում է Սիրանուշ Սահակյանը։

Հարցին, թե՝ պատանդառված մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ այս պահին ի՞նչ գործընթաց կա, Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Նրանց վերադարձի առնչությամբ խնդիրը շարունակում է մնալ  ինչպես իրավական ատյանների ուշադրության կենտրնում, այնպես էլ  բանակցությունների առարկա դառնալ արտաքին քաղաքական օրակարգերում։ Իրավական գործընթացներից մենք տեղաշարժ ունեցանք ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության  դատարանում, որն առնչվում էր ընթացակարգային հարցին և այս փուլում չի կարող անմիջական ազդեցություն թողնել , բայց այս բանաձևը կարևոր էր, որ ազդարարեց գործի շարունակությունը»։
 

Հերմինե Զեյնալյան