կարևոր
484 դիտում, 16 ժամ առաջ - 2024-11-20 23:14
Հասարակություն

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է 483 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է 483 հայկական բեռնատար

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է մոտ 500 հայկական բեռնատար։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1782 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն: Դրանցից 483-ը հայկական են։

Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: