Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի հոր` ՊՆ նախկին բարձրաստճան պաշտոնյա, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի վերաբերյալ գործի քննությունը:
Նախ` դատարանը հրապարակեց ամբաստանյալի կենսագրական տվյալները: Մասնավորապես` հայտնի դարձավ, որ նա ծնունդով ԼՂՀ Մարտակերտի շրջանից է, ունի բարձրագույն կրթություն, ծառայել է ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում, ամուսնացած է, ունի երեք երեխա:
Համաձայն մեղադրանքի` Զարմիկ Մարկոսյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով` գնդապետ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, այն է՝ որդու՝ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանի՝ ինստիտուտում սովորելու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, պատասխանատու լինելով անձնակազմի զինվորական կարգապահության համար, զբաղվել է որդու հովանավորչությամբ:
Մարկոսյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2014թ. օգոստոս ամսից մինչև 2015թ. հունվարի 28-ը ներառյալ, հանձնարարել է ենթակա սպաներին, պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ.Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:
Նախքան մեղադրական եզրակացության հրապարակումը ամբաստանյալի պաշտպան Արա Ղազարյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նա արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ենթարկվել է ամենախիստ պատժի` պաշտոնանկ է արվել, արձակվել է պահեստազոր և զրկվել զինծառայողների ընտանիքին նախատեսված 1 մլն 280 հազար դրամ դրամական օգնությունից:
Փաստաբանը, ներկայացնելով միջազգային պայմանագրեր ու ՀՀ համապատասխան օրենքները, նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ արդեն իսկ առկա է մեղադրանքի վերաբերյալ վերջնական պատիժ, ուստի նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Մեղադրող դատախազ Հայկ Հարոյանն ասաց, որ միջնորդությունը ժամանակավրեպ է, իսկ դատավորն էլ նշեց, որ դեռևս չեն ուսումնասիրվել գործում եղած ապացույցները, հայտնի չէ, թե Մարկոսյանը կոնկրետ ո՞ր գործողության համար է կարգապահական պատասխանատվության ենթարկվել և այլն: Հաշվի առնելով ներկայացվածը` պաշտպանը դատաքննության այս փուլում հրաժարվեց իր միջնորդությունից:
Հրապարակված մեղադրական եզրակացության վերաբերյալ ամբաստանյալը դիրքորոշում չհայտնեց` նշելով, որ մեղադրանքի բովանդակությունն իրեն հասկանալի է, սակայն որոշ հանգամանքներ` ոչ:
Այնուհետև հետազոտվեցին գործում եղած ապացույցները: Մանավորապես` Գնել Թևոսյանի` ինստիտուտում սովորելու տարիներին ստացած գնահատականներն ուսումնասիրելիս հայտնի դարձավ, որ նա ինստիտուտում այնքան էլ լավ չի սովորել:
Հրապարակվեցին փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Զարմիկ Մարկոսյանի անցած մարտական ուղու և աշխատանքային գործունեությանը: Մասնավորապես` հայտնի դարձավ, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է թե' իր մասնագիտությամբ և թե' որպես զինվորական: Վրաստանում եղել է զորամասի դասակի հրամանատար, 1995-ին ՀՀ ԶՈ զորամասի շտաբի պետ: 1992-1995թթ. մասնակցել է Մարտակերտ քաղաքի և հարակից շրջանների, ինչպես նաև Աղդամի շրջանի պաշտպանությանը: Պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով, այդ թվում` «Արիության համար», «Գարեգին Նժդեհ»: 2011-ին Զարմիկ Մարկոսյանը դիմել է ՊՆ-ին` ևս 5 տարով իր պայմանագիրը երկարաձգելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո հեռացվել է պաշտոնից և ուղարկվել պահեստազոր: Նշենք, որ այս գործում ներգրավված է 15 վկա: Դատավորի տեղեկացմամբ նրանց մի մասն այս օրերին գտնվում է մարտական ծառայության մեջ և չի կարողացել ներկայանալ նիստերին: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ հերթի: