կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 16:33
Իրավական

Մեկնարկեց Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով դատաքննությունը

Մեկնարկեց Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով դատաքննությունը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով առաջին դատական նիստը:

Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ տուժող կողմի ներկայացուցիչներից ոչ ոք դատարան չի ներկայացել:

Ամբաստանյալ Ռուզաննա Մկրտչյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և չի ցանկանում գործը քննել արագացված դատական կարգով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Նորիկի Սիմոնյանին: Այսպես` Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից: Հերթական անգամ` 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում դարձյալ ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև` ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին, քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել, ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով, կացինով սպանել նրան տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար:

Ռուզաննա Մկրտչյանը, վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է: Սպանությունը կատարելուց հետո տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին, և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշով ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել ու թաքցրել է Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռու, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին` ժամը 23:30-ի սահմաններում:

Այսինքն` Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարք, որի համար պատիժ է նախատեսված ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: