կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 15:18
Իրավական

Մեկնարկեց 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով դատաքննությունը

Մեկնարկեց 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով դատաքննությունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր նշանակված է  նախորդ տարվա հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած` հանդբոլիստի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը: Ամբաստանյալի աթոռին նստած է 23-ամյա Կարեն Կունգուրցևը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:

 

Նախաքննության համաձայն` Կունգուրցևը 2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանին` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, նրան պատճառել մարմնական վնասվածքներ, իսկ երբ Հովակիմյանի ընկերները օգնության են հասել, Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ և մահացել է:

 

Հիշեցնենք, որ Կունգուրցևին առաջադրված մեղադրանքը բոլորովին վերջերս է մեղմացվել, նախկինում նա մեղադրվում էր միայն ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն` սպանություն կատարելու մեջ: Սակայն թե’ նախկին, թե’ նոր մեղադրանքները Կունգուրցևը չի ընդունում: Իսկ նրա շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը:

 

Նշենք նաև, որ օգոստոսի 23-ին ձերբակալված, հետո նաև կալանավորված` «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանն էլ մեղադրվում է Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ: Սակայն Վ. Ղուկասյանը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Բժշկի մասով` գործի նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է: