կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 17:27
Իրավական

«ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի համար թարգմանիչ չե՞ն կարողանում ապահովել

«ԱրմենՏել»-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի համար թարգմանիչ չե՞ն կարողանում ապահովել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր պետք է կայանար «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների գործով անցնող` «ԱրմենՏել» ընկերության տեխնիկական բլոկի նախկին տնօրեն` ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի վերաբերյալ գործի քննությունը: Պարզվեց, որ դատարանը չէր կարողացել ռուս ամբաստանյալի համար թարգմանիչ ապահովել, այդ իսկ պատճառով դատական նիստ տեղի չունեցավ:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Սաչկովը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ` միանգամից 4 հոդվածներով: Մասնավորապես` նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պաշտոնեական դիրքն օգտագործելով համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը) և 253-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային սաբոտաժը): Հետագայում նրան մեղսագրված արարքներից վերջինը՝ համակարգչային սաբոտաժը, հանվեց: 

Այս գործը նախ մակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին, սակայն նա իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ էր հայտնել՝ կանխակալ վերաբերմունքի հիմքով: Հավանաբար, ինքնաբացարկի պատճառն այն է, որ հիշյալ դատավորն է քննել «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված չարաշահումների գործով անցնող մեկ այլ քաղաքացու՝ «ԱրմենՏել»-ի անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանի վերաբերյալ գործը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաչկովն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ Սաչկովի նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2014-ից: Նա ձերբակալվել է 2014-ի մայիսին` Ռուսաստանից Բելառուս վերադառնալու ճանապարհին: Նրան Հայաստանին արտահանձնելու խնդրանքով ՀՀ դատախազությունը դիմել էր Բելառուսի համապատասխան մարմնին, միջնորդությունը բավարարվել էր, և Սաչկովին արտահանձնել էին Հայաստանին: Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: