Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զորամասի տարածքում գործող դատարանում մեկնարկեց Ավետիսյանների սպանության գործով առաջին դատական նիստը: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները դժգոհում են, թե ինչու է դատական նիստը ռազմաբազայի տարածքում անցկացվում:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում: Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը, սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին:
Այնուհետև առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր, որոնց հետևանքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:
Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, նույն տնից հափշտակելով 64.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սպորտային գլխարկ, տաբատ, բաճկոն, մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» տեսակի բջջային հեռախոսներ և 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար, դեպքի վայրից հեռացել է: Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը։