Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱրմենՏել» ընկերության շուրջ վերջին տարիներին բարձրացած աղմուկը ժամանակ առ ժամանակ նոր թափ է ստանում: Ներկայումս ընկերության մի քանի պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է քննում Ազգային անվտանգության ծառայությունը: Այսօր էլ ահա ակտիվացել են 2007-ին անհասկանալի պատճառներով «ԱրմենՏել» ընկերության կողմից աշխատանքից ազատված քաղաքացիները:
Բանն այն է, որ 2007 թ. «MEDEP» բժշկական կենտրոնի կողմից «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 683 աշխատակիցներ անցել են բուժզննում, եւ նրանցից 101-ը մնացել էր առանց աշխատանքի` առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության նախկին աշխատակիցներ Գագիկ Մարտիրոսյանն ու Գեղամ Ներսիսյանը նշեցին, որ տեղի է ունեցել Աշխատանքային օրենսգրքի խախտում, իսկ «MEDEP» ՍՊԸ-ի իրականացրած ստուգումներն անօրինական են:
Գ. Ներսիսյանը, ով հիշյալ ՍՊԸ-ի ներկայացրած եզրակացությամբ` տեսողական խնդիրներ ուներ, ասաց, որ ինքը դրանից հետո բուժզննում է անցել Մալայանի բժշկական կենտրոնում և պարզել, որ ինքը որևէ խնդիր չունի:
Ըստ ընկերության նախկին աշխատակիցների` իրականում ընկերությունը խնդիր է ունեցել` աշխատակազմը կրճատելու, սակայն օրենքով ազատելու դեպքում ստիպված կլիներ աշխատակիցներին ապահովել նպաստով, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր, իսկ նման եղանակով աշխատանքից ազատելն, ըստ աշխատակիցների, առավել շահավետ էր:
Ի դեպ, «MEDEP» ՍՊԸ-ն այլևս գոյություն չունի, և շուրջ երեք տարի է` հետազոտություն անցած այն աշխատակիցները, ովքեր հիվանդություններ ունեն եւ արդեն այլ ընկերություններում են աշխատում, չեն ազատվում աշխատանքից:
Այս 7 տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների վերաբերյալ գործը քննվել է Հայաստանի բոլոր դատական ատյաններում, սակայն նրանց բողոքը մերժվել է: Ներսիսյանի խոսքով` մերժումների պատճառը եղել է այն, որ իրենց ձեռքի տակ չեն եղել անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես` հիվանդությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները:
«ԱրմենՏելը» չէր տրամադրել այդ փաստաթղթերը` պատճառաբանելով, որ դրանք բժշկական գաղտնիք են պարունակում, այսինքն` մեր հիվանդությունները մեզ համար գաղտնիք են»,- ասաց աշխատակիցը:
Նախկին աշխատակիցները երկու անգամ դիմել են Եվրոպական դատարան, սակայն պատասխան են ստացել, որ դեռևս ներպետական բոլոր ատյանները չեն անցել: Դրանից հետո դիմել են ՀՀ նախագահին, որի հանձնարարությամբ գործն ուղարկվել է ոստիկանություն, այնտեղից էլ` դատախազություն:
«Մենք նորից կդիմենք նախագահին, ոստիկանության բոլոր փաստաթղթերը կներկայացնենք: Փաստորեն, նախագահի հանձնարարականներն արհամարհում են»,- ասաց Ներսիսյանը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: