Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ՏՄՊՊՀ նիստում «Օրանժ Արմենիա» ընկերության' հանձնաժողովին ներկայացրած բողոքի քննության արդյունքում հանձնաժողովը «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ կիրառեց 20 միլիոն դրամի տուգանք:
Ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության բողոքի` «ԱրմենՏել» ընկերությունն այս տարվա սեպտեմբեր ամսին գործի է դրել նոր' «Պարզից պարզ» սակագնային պլանը, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարել ՀՀ բոլոր ցանցերում` նույն սակագնով: «Օրանժ Արմենիա» ընկերությունը նշում է, որ ինքը եւս ունի «Պարզ» անունով սակագնային փաթեթ' գրեթե նույն պայմաններով, որն ընկերությունը գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում դեռեւս 2011 թվականին: Ըստ «Օրանժ Արմենիայի» բողոքի` «ԱրմենՏելի» ներկայացրած սակագնային պլանը նույն սկզբունքներն ու նման անուն ունի, ինչը շփոթություն է առաջացնում:
«Օրանժ Արմենիան» մեկ այլ մեղադրանք էլ է ներկայացնում «ԱրմենՏել»-ին` նույն` «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդային հոլովակում, որը բիլիարդ խաղի ձեւով է ներկայացված, ընկերության ապրանքանիշ հանդիսացող «Բիլայն»-ի գույներով գնդակը հարվածում ու գլորում է կարմիր եւ նարնջագույն գույներով գնդակները եւ հաղթում: Քանի որ կարմիրը համարվում է «Վիվասել ՄՏՍ»-ի, իսկ նարնջագույնը` «Օրանժ Արմենիա» ընկերության գույնը, ըստ «Օրանժ Արմենիայի», նշանակում է, որ «ԱրմենՏելը» գովազդում ցույց է տալիս, թե հաղթում է իր երկու մրցակիցներին, ինչը վնասում է կամ կարող է վնասել մյուս ընկերությունների համբավին եւ գործարար վարկանիշին:
ՏՄՊՊՀ-ն դիմում-բողոքի կապակցությամբ պարզաբանումներ է պահանջել «ԱրմենՏելից», սակայն ընկերությունը պարզաբանումներ չի ներկայացրել հանձնաժողովին: Ուստի ՏՄՊՊՀ-ն, ինչպես ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, հիմնավորված է համարում «Օրանժ Արմենիա» ընկերության բողոքը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ քանի որ «ԱրմենՏել» ընկերությունն արդեն մի քանի անգամ է հայտնվել հանձնաժողովի դիտարկման ներքո, բազմիցս զգուշացվել, տուգանվել է, այս անգամ կտուգանվի ավելի մեծ գումարով' 20 միլիոն դրամով: