Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-10-10 13:28
Իրավական

Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաներին. ԱԱԾ-ի ցնցող պատասխանը

Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաներին. ԱԱԾ-ի ցնցող պատասխանը

2013-ի տարեսկզբին Հայաստանում կապի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկի` «ԱրմենՏել»-ի տնօրեն Իգոր Կլիմկոն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից և հեռացավ երկրից: Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ նրա պաշտոնանկությունը կապված է նրա և մի քանի այլ աշխատակիցների կողմից ընկերությունում կատարված չարաշահումների հետ: Եվ ահա այս տարվա հուլիսին այս տեղեկությունը գրեթե հաստատվեց:

 

Հուլիսին «Փաստինֆոն» գրեց, որ մի քանի միլիարդ դրամի ֆինանսական չարաշահումներ կատարելու կասկածանքով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Ի. Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ԱԱԾ-ից էլ հաստատել էին, որ «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում: Սրան հաջորդեց այն տեղեկությունը, որ գործի շրջանակներում կալանավորվածներ կան:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով էլ՝ Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գործով տնօրեն Վլադիմիր Սաչկովը, իսկ Հայաստանում` ընկերության անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը:

 

Թեև շուրջ մեկ տարի է, ինչ ԱԱԾ քննչական վարչությունում քննվում է «ԱրմենՏել» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների գործը, սակայն հիշյալ կառույցը գործի վերաբերյալ որևէ պաշտանական տեղեկատվություն չի հայտնում:

 

Օրեր առաջ էլ yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ` ճշտելու` արդյո՞ք հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Կլիմկոն, և  դատարանը արդեն նրա նկատմամբ խափանման միջոց ընտրե՞լ է: Հետաքրքրվել էինք նաև, որ, բացի Աշոտ Պողոսյանից և Վլադիմիր Սաչկովից, այս գործով ձերբակալված կամ կալանավորված այլ անձինք կա՞ն, ինչպես նաև ի՞նչ մեղադրանք է առաջադրվել նրանց:

 

Եվ ահա այսօր, ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնեցին. «ԱրմենՏել» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության գաղտնիությունից ելնելով, նշված քրեական գործի վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն»:

 

Այս` ոչինչ չասող պատասխանի վերաբերյալ պարզաբանում փորձեցինք ստանալ ԱԱԾ ամամլո խոսնակ Արծվին Բաղրամյանին: Նա, այս անգամ բանավոր մեջբերելով պատասխանը,  նշեց, որ ինքը հավելյալ ոչինչ ասել չի կարող, քանի որ նախաքննական գաղտնիք է: Մեր գործընկերոջը խնդրեցինք գոնե հայտնել, թե կալանավորվածներին ի՞նչ հոդվածների հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել:

 

ԱԱԾ մամլո խոսնակը մեզ համար բացահայտեց իրավաբանության մեջ գոյություն չունեցող մի փաստ. «Անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում, հոդված է դրվում այն ժամանակ, երբ նախաքննությունն ավարտվում է, և գործը մտնում է դատարան»:

 

Հարկ ենք համարում հատուկ Արծվին Բաղրամյանի համար մեջբերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքից մի քանի հոդված:

 

Նախ` մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 

Նաեւ` համաձայն ՀՀ քրդատ. օրենսգրքի 129-րդ հոդվածի` ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում նրա նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի: Նույն օրենքսգրքի 55-րդ հոդվածի համաձայն` քննիչը պարտավոր է որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին: Իսկ դատարանում մեղադրյալն այլևս կոչվում է ամբաստանյալ:

 

Այն, որ նախաքննական մարմինները գաղտնի են պահում տվյալ անձին մեղսագրվող արարքը, շատ փաստաբանների, իրավապաշտպանների և լրագրողների համար իսկական անհեթեթություն է, մանավանդ, երբ շատ դեպքերում դրանք լրատվամիջոցներն արդեն իսկ հրապարակել են, իսկ հիշյալ կառույցների համապատասխան ներկայացուցիչներին մնում է ընդամենը հաստատել եղածն ու նպաստել, որ հանրությունն օգտվի պաշտոնական աղբյուրից:

 

Թ. Մ.