|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«ԱրմենՏել» ընկերությունը սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ս.թ. սեպտեմբերի 6-ին մի շարք լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Հյուսիսային պողոտայում գտնվող «ԱրմենՏել» ընկերության Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այդ առնչությամբ «ԱրմենՏել» ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված տեղեկատվությունը թերի է և պարունակում է անճշտություններ:
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին Երևանի Հյուսիսային պողոտայի Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ մուտք են գործել օտարերկրյա մի քանի քաղաքացիներ, ովքեր, հավանաբար, գտնվելով ալկոհոլի կամ թմրադեղի ազդեցության տակ, խոչընդոտել են գրասենյակի բնականոն աշխատանքին, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել գրասենյակի աշխատակիցների և հաճախորդների հանդեպ:
Իրավիճակը մեղմելու և հետագա անախորժություններից խուսափելու նպատակով, գրասենյակի անվտանգության պատասխանատուն կարգազանցներին դուրս է հրավիրել գրասենյակի տարածքից:
Վերը նշված օրինախախտ քաղաքացիները կրկին փորձ են կատարել ներխուժել մեր ընկերության գրասենյակ և չկարողանալով անել դա` դաժանաբար ծեծի են ենթարկել «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներին` հասցնելով նրանց ծանր մարմնական վնասվածքներ` ընդհուպ մինչև ձեռքի կոտրվածք, որից հետո նաև տեղի է ունեցել երկկողմանի քաշքշուկ, ինչի արդյունքում տուժել են նաև կարգազանցները:
Տուժածները դիմել են իրավապահ մարմիններին իրենց հասցված վնասվածքների դատա-բժշկական փորձաքննություն կատարելու խնդրանքով և ակնկալում են, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, իսկ իրավախախտ անձինք կենթարկվեն պատասխանատվության»: