Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը կկայացնի «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցների բողոքի վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ 2007 թ. «MEDEP» բժշկական կենտրոնում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի 683 աշխատակից անցել է բուժզննում, եւ նրանցից 101-ն առողջական խնդիրներ ունենալու պատճառով հեռացվել են աշխատանքից:
Այս 7 տարվա ընթացքում ընկերության նախկին աշխատակիցների վերաբերյալ գործը քննվել է Հայաստանի բոլոր դատական ատյաններում, սակայն նրանց բողոքը մերժվել է: Նախկին աշխատակիցները երկու անգամ դիմել են Եվրոպական դատարան, սակայն պատասխան են ստացել, որ ներպետական բոլոր ատյանները դեռևս չեն անցել: Դրանից հետո դիմել են ՀՀ նախագահին, որի հանձնարարությամբ գործն ուղարկվել է ոստիկանություն, այնտեղից էլ` դատախազություն:
Այժմ աշխատակիցները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` վաղեմության ժամկետով գործը կարճելու մասին որոշումը:
Yerkir.am-ի հետ զրույցում «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակից Գեղամ Ներսիսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանն անօրինական որոշում է կայացրել, քանի որ իրենց գործի վրա վաղեմության ժամկետը չի տարածվում: «Հաշվի առնելով ներպետական դատական ատյաններում 7 տարվա «փորձը»` մեծ ակնկալիքներ չունենք վերաքննիչ ատյանից»,- ասաց նա և հավելեց, որ մերժում ստանալու դեպքում կդիմեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում «ԱրմենՏել» ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը կարծիք հայտնեց, որ այս անգամ էլ դատարանը կմերժի նախկին աշխատակիցների բողոքը: «Այս տարիների ընթացքում մի անգամ դատարանը մերժել էր` նշելով, որ «ԱրմենՏել»-ի կողմից որևէ խախտում չի եղել: Երկրորդ անգամ մերժվել է այն հիմքով, որ նույն անձինք նույն բողոքն են ներկայացնում: Կարծում եմ` երրորդ անգամ էլ կմերժվեն»,-ասաց նա և ներկայացրեց նախկին աշխատակիցների հետ դատական գործընթացի մանրամասները:
Սանդուխչյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2007 թվականին, իսկ այդ ժամանակ ինքն ընկերությունում չի աշխատել եւ այդ ամենի մասին կարծիք է կազմել` ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը: «Ես ուսումնասիրել եմ դատական գործը և տեսել, որ հայցվորը, այսինքն` նախկին աշխատակիցները որևէ ապացույց չեն ներկայացրել, որ առողջ են եղել»,- ասաց նա:
Նշենք, որ «ԱրմենՏել»-ի նախկին աշխատակիցները պնդում են, որ տևական ժամանակ է` չեն կարողացել ընկերությունից ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ ընկերությունից պատճառաբանել են, որ դրանք բժշկական գաղտնիք են:
«Ընկերությունը ներկայացրել է դրանք դատարան, անձն իրավունք ունի դատարանում պահանջել, բացի այդ` ցանկացած անձ կարող է այցելել իր շրջանի պոլիկլինիկա և ստանալ իր առողջության վերաբերյալ տեղեկանք»,- ասաց Սանդուխչյանը:
Անդրադառնալով այն հարցին, որ բժշկական հետազոտություն իրականացրած «MEDEP» ՍՊԸ-ն ակնաբուժական հետազոտություն անցկացնելու լիզենզիա չի ունեցել, ծառայության ղեկավարը նշեց. «Շատ հնարավոր է, որ չի ունեցել, սակայն լիցենզիա չունենալը չի նշանակում, որ չի կարողացել ախտորոշել»:
Ի դեպ, «MEDEP» ՍՊԸ-ն այլևս գոյություն չունի, իսկ ներկայումս ապահովագրական ընկերություններն են խորհուրդ տալիս, թե ինչ բոժհաստատություն ստուգում կատարի:
«Դա իրականացվում է մրցութային սկզբունքով: Այս տարիների ընթացքում ընկերությունը 5 ապահովագրական ընկերություն է փոխել»,- ասաց Սանդուխչյանը: Ըստ նրա` աշխատանքային օրենսգրքի խախտում ևս տեղի չի ունեցել, ամեն բան կատարվել է օրենքի սահմաններում:
Հիշեցնենք, որ, նախկին աշխատակիցների խոսքով, գործատուն պարտավոր էր ազատման մասին երկու շաբաթ առաջ տեղեկացնել աշխատակիցներին, ինչը չի արել: Սակայն իրավաբանի խոսքով` հայցվորները նման եզրահանգման են եկել` ուսումնասիրելով հին աշխատանքային օրենսգիրքը:
«Աշխատանքային օրենսգրքի համաձայն` գործատուն պարտավոր է պարբերաբար բուժզննում կազմակերպել աշխատակիցների համար, սակայն 2007-ին 100 աշխատակիցներ չեն անցել այդ բուժզննումը»,- ասաց Սանդուխչյանը:
Տարօրինակ է, սակայն վերջին տարիներին այս մոտեցումը դարձել է ընդամենը մի քանի աշխատակցի ազատման պատճառ:
Մեր տեղեկություններով` աշխատակիցների համատարած կրճատումն իրականում կապված է եղել ընկերության ղեկավար կազմի փոփոխության հետ: Նախկին աշխատակիցներն էլ պնդում են, որ այդ եղանակով իրենց աշխատանքից ազատելն ընկերության վրա «էժան է նստել»: Սանդուխչյանի խոսքով էլ` նման ստուգում առաջին անգամ է իրականացվել, և հնարավոր է` դա է պատճառը եղել, որ մեծ թվով աշխատակիցներ ազատվեն աշխատանքից: «Տարօրինակ է, համաձայն եմ, բայց բուժհաստատությունն է որոշում` այդ մարդը ունի՞ հիվադություն, թե՞ ոչ»,- ասաց նա:
Ի դեպ, «ԱրմենՏել»-ից տեղեկացանք, որ այս տարի ընկերությունում բժշկական հետազոտություն անցնելուց հետո որևէ աշխատակից աշխատանքից չի ազատվել, ասել է թե` ընկերությունում բողկի պես առողջ են: