կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-12 14:28
Հասարակություն

Փողոց մաքրող կանայք՝ ընդդեմ արաբ տնօրենի. բողոքը հասավ նախագահական

Փողոց մաքրող կանայք՝ ընդդեմ արաբ տնօրենի. բողոքը հասավ նախագահական

Հունվարի 5-ից սկսած` նախագահական նստավայրի առջեւ բողոքում են «Սանիտեք» ընկերության մոտ 40 աշխատակիցներ: Բոլորը փողոց մաքրողներ, հավաքարարներ են: Նրանք տարիներ շարունակ աշխատել են «Կենտրոն մաքրություն» ընկերությունում, որի լուծարումից հետո աշխատանքի են անցել «Սանիտեք» ընկերությունում:


«Սանիտեք»-ը աղբահանության և մաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպություն է, որի սեփականատերը արաբ կին է` Մադլենա Էլ Կորկոր անունով: Աշխատակիցները պնդում են, որ արաբ կինը ոչ միայն նախատեսվածից քիչ աշխատավարձ է տվել, այլև պահանջել է, փողոց մաքրելուց բացի, բանվորություն էլ անել, ինչին աշխատակիցները չեն համաձայնել, արդյունքում` բոլորն ազատվել են աշխատանքից:


«Ասում ա` իմ տարածքն ա, ես եմ առել էս տարածքը, ինչ կուզեմ կանեմ, դավայ, ֆինիշ էղեք»,- պատմում են աշխատանքից ազատված կանայք:


12 հազար 500 քառակուսի մետր տարածք  մաքրելու համար նախատեսված էր 160 հազար դրամ աշխատավարձ, այնինչ արաբ սեփականատերը տվել է 145 հազար դրամ` չվճարելով նաև բանվորության աշխատանքի համար` պատճառաբանելով, որ քիչ են մաքրում:


Զայրացած աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենց հին հիմնարկը, պահանջում են, որ հայ իրենց ղեկավարի:


«Ինչի՞ պիտի արաբը գա, մեզ ղեկավարի: «Կենտրոն մաքրության» ժամանակ` Գագիկ Բեգլարյանի վախտով, մենք երբեք չենք տուժել, չենք բողոքել»,- ասում է աշխատակիցներից մեկը:


Մեկ այլ աշխատակից էլ պատմում է. «Էն օրը էն աստիճանի էր հասել, որ ուզում էի իմ կյանքին վնաս տայի, բայց իմ էրեխեն, ախր, իրա համար եմ հետ կանգնել: Իրա  էրեխեն իմ էրեխուց լավն ա՞: Կոպիտ կասեմ, բայց իրա էրեխուն մատաղ կանեմ իմ էրեխու ոտքի տակ: Ո՞ր բանկին կամ խանութին ասեմ` ինձ գործից հանել են, ես հիմա իմ էրեխուն ո՞նց կերակրեմ:


Մեր հույսը մեր նախագահն ա, ինքը լավ մարդ ա, տեսնենք մեզ կօգնի՞: Բոլոր ընտրություններին մասնակցել ենք, ընտրել ենք Սերժ Սարգսյանին, հիմա ինքը մեզ պետք է օգնի: Տարոնին էլ ենք ընտրել, բայց մեզ բանի տեղ չդրեցին»: