կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-22 14:50
Հասարակություն

Առաջարկ` հավերժացնել Ցեղասպանության զոհ` անշիրիմ գրողների հիշատակը

Առաջարկ` հավերժացնել Ցեղասպանության զոհ` անշիրիմ գրողների հիշատակը

Բաց նամակ

 

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ  պարոն  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

Մեծարգո Սերժ Ազատի, 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջին զոհերը հայ գրականու­թյան ներկայացուցիչները եղան.

Դանիել Վարուժանը

Սիամանթոն

Ռուբեն Սևակը

Գրիգոր Զոհրապը

Տիգրան Չեոկյուրյանը

Թլկատինցին

Ռուբեն Զարդարյանը

Արտաշես Հարությունյանը

Գեղամ Տեր-Կարապետյանը (Մշո Գեղամ)

Մելքոն Կյուրճյանը (Հրանտ)

Երուխանը

Գեղամ Բաղդասարյանը:

Արհավիրքից պատահականությամբ փրկվեց, հետագայում քեմալական նախճիրին զոհ գնաց նաև Տիրան Չրաքյանը (Ինտրա):

 

Հայ գրողների այս աստղաբույլը, գրական հսկաների այս սերունդը ոչնչացվեց աներևակայելի, անմարդկային միջոցներով և մնաց անթաղ: Ցեղա­սպանը լավ գիտեր գրական խոսքի ուժը և հասկանում էր, որ իր ստոր նպատակին հասնելու համար նախևառաջ հայ ազգի ոգին մարմնավորողների գլխատումն էր անհրաժեշտ:

 

Այսօր, երբ մեր երկիրը և ողջ հայությունը պատրաստվում է նշելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը, երբ ունենք սրբազան մի վայր, ուր երկյուղածությամբ ծնկի ենք գալիս' հիշատակելու մեր միլիոնավոր անմեղ զոհերին, հարկ է, որ առանձնապես հիշենք նաև նահատակված մեր գրողներին և խոնարհվենք նրանց շիրիմների առաջ:

 

Եղեռնի հուշարձանի համալիրը, իր ողջ բովանդակությամբ և նշանակությամբ, ավելի կամբողջանա ու իր լրումին կհասնի, եթե արժանի ու համապատասխան մի կոթողով աշխարհին մատնացույց անի նախադեպը չունեցող այս եղեռնագործությունը: Նման կոթողի ստեղծման համար, համոզված ենք, իր նպաստը կբերի ամեն հայ' աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի: Մնում է, որ Ձեր գլխավորած հանձնաժողովը իր վրա վերցնի կազմակերպչական աշխատանքների հոգսը' գործին մասնակից դարձնելով հանրապետության և Սփյուռքի կարող ուժերին' գրողներին, պատմաբաններին, նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին: Թեև քիչ ժամանակ է մնացել մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումը, սակայն, կարծում ենք, դեռ ուշ չէ համազգային ուժերով հավերժացնելու մեր անշիրիմ գրողների հիշատակը:

 

Հարգանքներով'

Կարո ԱՐՄԵՆՅԱՆ (ԱՄՆ)

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ (Հայաստան)