կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 21:20
Առանց Կատեգորիա

Ո՞ւր գնալ, երբ քեզ ոչ մի տեղ չեն սպասում

Ո՞ւր գնալ, երբ քեզ ոչ մի տեղ չեն սպասում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հաջորդ շաբաթ այցելելու է Մոլոդովա, Վրաստան և Ադրբեջան: Նրա շրջագայության ծրագրում, սակայն, Հայաստանն ընդգրկված չէ: Այցերը, թերևս, պայմանավորված են հունիսի 27-ին կայանալիք ԵՄ ԱլԳ գագաթաժողովին նախապատրաստական աշխատանքներով:

 

Հայտնի է, որ Մոլդովան և Վրաստանն արդեն հայտարարել են, որ դրա շրջանակում ստորագրելու են ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Թեև Բաքուն հրաժարվել է շարունակել ԵՄ ասոցացման գործընթացը, սակայն օրեր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մահմեդղուլիևը հայտարարել էր, թե Բաքուն և Բրյուսելը մտադիր են ստորագրել ավելի բարձր մակարդակի համաձայնագիր` չմանրամասնելով, թե խոսքն ինչի մասին է:

 

Հայաստան չայցելելու` Բարոզուի որոշումը վկայում է այն մասին, որ Երևանի հետ նրա հարաբերությունների հարցն այս պահին ԵՄ-ի օրակարգում չէ: Մինչդեռ ընդամենը երկու օր առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևանում հայտարարում էր, թե Բրյուսելը պետք է գտնի Հայաստանի ասոցացման այնպիսի մոդել, որը չի հակասի Մաքսային միությանը նրա անդամակցությանը: Մոտավորապես նույնպիսի միտք ավելի վաղ արտահայտել էր նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Երևանում իր վերոնշյալ միտքն արտահայտել էր` ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության, թե Երևանը շատ կցանկանար, որ ԵՄ-ն հանդես գար Հայաստանի եվրաասոցացման «առանձնակի առաջարկությամբ»:

 

Եվրահանձնաժողովի նախագահն այսպիսով անուղղակի պատասխանում է՝ որքան էլ ԵՄ առանձին, նույնիսկ ամենաառանցքային երկրներն այլ կարծիք ունենան, պաշտոնական Բրյուսելի ուղեգիծը և դիրքորոշումը մնում են անփոփոխ: Ընդ որում` ԵՄ-ն որևէ ուշադրության չի արժանացնում այն հանգամանքը, որ իրենց ցանկության լրջությունն ապացուցելու համար Հայաստանի իշխանությունները զուտ քաղաքական հայտարարություններով չեն բավարարվում:

 

Այս տարվա փետրվարին Հայաստանի անվտանգության խորհուրդը հաստատեց, վեց ուղղությունից կազմված, ԵՄ-ի հետ համագործակցության ծրագիր: Այն տրամադրվել էր ԵՄ հայաստանյան ներկայացուցչությանը` համաձայնեցնելու նպատակով, սակայն, ըստ էության, ԵՄ-ն առ այսօր դրան չի արձագանքել: Այնպիսի տպավորություն է կարծես նման փաստաթուղթ ընդհանրապես գոյություն չունի:

 

Նման վերաբերմունքը, սակայն, լիովին հասկանալի և օրինաչափ է: Նախ` Բրյուսելում որևէ վստահություն չունեն, որ հայաստանյան իշխանություններն ունակ են առհասարակ իրենց հետ որևէ ծրագրի շուրջ վերջնական համաձայնությունների հանգել, ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որովհետև առավել, քան որևէ այլ երկրի պարագայում չափազանց մեծ է Մոսկվայի ուղղակի հրահանգով դրանք տապալելու հավանականությունը: Եվրոպան ուղղակի չգիտի` որտեղ է ավարտվում Կրեմլի նկատմամբ ՀՀ իշխանությունների հավատարմության սահմանը:

 

Բայց կա նաև մեկ այլ, շատ ավելի առարկայական պատճառ: Որպեսզի Բրյուսելի համար պարզ լինի Հայաստանի հետ որևէ տեսակի կամ ծավալի համագործակցության շրջանակը, նախ անհրաժեշտ է հասկանալ` ինչ ծավալի ու բովանդակության պարտավորություններ է Երևանն իր վրա վերցնելու Մաքսային միությանն անդամակցելիս:

 

Պարտավորությունների այդ շրջանակն այս պահին ընդհանրապես հայտնի չէ անգամ Հայաստանին` այն պարզ պատճառով, որ այս պահին դեռ նույնիսկ որոշակի չէ` անդամակցելո՞ւ է ընդհանրապես Հայաստանը Մաքսային միությանը, թե՞ ոչ, արդյոք Մաքսային միությա՞նն է անդամակցելու, թե՞ Եվրասիական տնտեսական միությանը: Հատկապես վերջինիս առումով իրավիճակը շատ ավելի խճճված է: Եթե ՄՄ-ին անդամակցության դեպքում պարտավորությունները վերաբերելու են միայն ապրանքաշրջանառությանը և մաքսային ռեժիմների սահմանմանը, ապա ԵՏՄ-ին և ընդհանրապես եվրասիական տնտեսական գոտուն ինտեգրման պարագայում այդ պարտավորությունների շրջանակն ինքնըստինքյան մեծանալու է:

 

Մինչդեռ այս պահին անգամ ԵՏՄ-ի ստեղծմանը ձեռնամուխ եղած երկրները` Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, չգիտեն` ինչի շուրջ են միավորվում, հանուն ինչի: Այդ իրավիճակում ուղղակի անիմաստ է դառնում Հայաստանի հետ համագործակցության որևէ շրջանակ ամրագրելը: Որովհետև ինչ-որ պահի հանկարծ կարող է պարզվել, որ անգամ, այսպես կոչված, «քաղաքական ասոցացման» գործընթացն է ուղղակի հակադրվում ԵՏՄ-ի շահերին, և Հայաստանը հերթական անգամ ստիպված է լինելու հրաժարվել դրանից:

 

Այս իրողությունն այսօր պարզորոշ բացատրել է նաև Հայաստանում Լեհաստանի դեսպանը: «Մենք նույնպես կողմ ենք այդ դիրքորոշմանը, բայց խնդիրն այն է, որ ՀՀ-ն ՄՄ անդամ չէ, և կոնկրետ այս պահին նա չի կարող հստակեցնել, թե որ ոլորտներում կարող է համագործակցել, և որ կետերն են իրենց համար ընդունելի կամ ոչ»,- ասել է Զդիսլավ Ռաչինսկին: Դեսպանը փորձել է, ըստ էության, ասել, որ Հայաստանը նախ պետք է հասկանա` ինչ է ուզում ՄՄ-ից կամ ԵՏՄ-ից, նոր պարզի` ինչ է ուզում ԵՄ-ից:

 

Եվ հենց այն հանգամանքը, որ, անտեսելով նման պարզ իրողությունը, Երևանը շարունակաբար խոսում է եվրոպական ինտեգրացիայի հարցում նպատակամղվածության մասին, մատնում է իր անլուրջ վերաբերմունքը թե' ՄՄ-ի և թե' ԵՄ-ի նկատմամբ միաժամանակ: Արդյունքում Հայաստանը հայտնվում է մի իրավիճակում, երբ անորոշանում են հեռանկարները թե' եվրոպական և թե' եվրասիական ուղղություններով:

 

Երկու ուղղություններով էլ Հայաստանի քաղաքականությունը ճգնաժամային է, հուսահատ և շփոթված: Այն գտնվում է մի կետում, որտեղից ճանապարհ չկա: Չնայած թվում է, թե սա կարող է նախադրյալ ստեղծել` կասեցնելու եվրասիական անբովանդակ, զուտ Մոսկվայի ցանկությամբ պայմանավորված ընթացքը դեպի ԵՏՄ, բայց դրա հնարավորությունը չափազանց փոքր է: Որովհետև այդ կախյալ վիճակում հայտնվել է ոչ թե այդ ընթացքը կասեցնելուն ուղղված, մտածված ու հեռատես քաղաքականության արդյունքում, այլ միմիայն հանգամանքների բերումով, իր ցանկություննից ու կամքից անկախ` հակադիր հոսանքների ճիրաններում հայտնված չոր տերևի նման:

 

Գևորգ Դարբինյան