Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ջավախքցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը համարում է, որ Ղրիմում տեղի է ունեցել օրինական, համաժողովրդական քվեարկություն, և ժողովուրդն էլ իր ազատ կամաարտահայտությամբ կողմ է քվեարկել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Ղրիմում կայացած հանրաքվեի մասին` նա նշեց, որ ով էլ ինչ ասի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, ճանաչեն, թե չճանաչեն, դա արդեն կդիտվի որպես քայլ` ընդդեմ միջազգային իրավունքի նորմերի:
«Ղրիմի ազգաբնակչությունն իր գերակշիռ մեծամասնությամբ կատարել է իր ընտրությունը, այնպես որ` այստեղ օրինականության կամ անօրինականության, ճանաչել-չճանաչելու հարցը անիմաստ է: Հանրաքվեն կայացած փաստ է: Մնացած այլ հայտարարությունները ունեն քաղաքական ենթատեքստ»,- ասաց Շիրակ Թորոսյանը: Նա նաև բացառեց, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին կարող է հանգեցնել այդ տարածաշրջանում նոր պատերազմի:
Ինչ վերաբերում է Արևմուտքի ու Եվրոպայի` հանրաքվեի արդյունքները չճանաչելու փաստին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Եվրոպան և ԱՄՆ-ը հետապնդում են իրենց հակառուսական քաղաքական մեծ շահերը, ամեն դեպքում, ըստ պատգամավորի, կարևորը ժողովրդի կամքի արտահայտությունն է, այլ ոչ աշխարհաքաղաքական շահերը:
Հարցին` կարելի՞ է համարել, որ Արևմուտքը միշտ էլ, ընտրությունների հետ կապված, հանդես է գալիս երկակի ստանդարտներով, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այո, Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին ես վաղուց եմ խոսել, հատկապես` երբ խոսքը գնում էր ջավախահայության իրավունքների մասին: Այդ ժամանակ Արևմուտքը գովաբանում էր Սահակաշվիլիին, բայց չլսելու էին տալիս, երբ մենք աղաղակում էինք այն մասին, որ Սահակաշվիլին ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, որովհետև դա իրենց շահերից չէր բխում»: