կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 14:57
Առանց Կատեգորիա

Հայերը Գուրջիեւին այնքան էլ լավ չգիտեն

Հայերը Գուրջիեւին այնքան էլ լավ չգիտեն

2012-ը տոնական էր Գուրջիեւի անվան համույթի համար. տարին սկսվեց համերգներով` աշխարհի տարբեր բեմերում, ավարտվեց միջազգային մրցանակով: Հոլանդական «Edison Award»«Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում հաղթող ճանաչվելն առիթ հանդիսացավ, որպեսզի աշխարհում անդրադարձ կատարվի հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ. Ի. Գուրջիեւին:

 

Yerkir.am-ը զրուցել է Գուրջիեւի անվան համույթի հիմադիր Լեւոն Էսկենյանի հետ:

 

 -Ի՞նչը հիմք հանդիսացավ, որպեսզի հիմնադրվի Գուրջիեւի համույթը:

- Գուրջիեւի գործերը ես շատ եմ սիրում, սակայն դրանց այնքան էլ ծանոթ չեն, ինչն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի համույթ հիմնադրեմ: Գուրջիեւի համույթը ստեղծվել է 2008-ին: Մեր առաջին համերգները Հայաստանում էին` Գյումրիում եւ Երեւանում: Հետո արդեն ձայնագրություններ արեցինք եւ մի քանի տարի այլեւ համերգներ չունեցանք: 2011 թ. հուլիսին գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերության կողմից  թողարկվեց մեր ձայնասկավառակը, եւ քանի որ ընկերությունը բավականին հեղինակավոր էր` մեր ձայնասկավառակն անմիջապես ամբողջ աշխարհում տարածում գտավ եւ միջազգային մամուլի կողմից դրական գնահատականի արժանացավ: 

 

-Ձայնասկավառակը մինչ հոլանդական «Edison Award»«Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում հաղթող ճանաչվելը, կարծեմ, այլ մրցանակների է արժանացել, այնպես չէ՞:

-Այո: Նախ` կուզեի նշել, որ ձայնասկավառակում ներկայացվում են Գուրջիևի երաժշտության ժողովրդական գործիքների համար արված մշակումները: Ձայնագրությունն ընտրվեց «Շաբաթվա լավագույն ձայնասկավառակ»` ավստրալական «ABC» պետական ռադիոյի կողմից, հետո նաեւ մրցանակի արժանացավ ամերիկյան «Q 2» ամենադասական ռադիոյի կողմից: 

 

-Կարելի՞ է ասել, որ ձայնասկավառակը նոր ճանապարհ բացեց Ձեզ համար: 

-Այո, քանի որ դրանից հետո մենք սկսեցինք աշխարհի տարբեր երկրներում համերգներ տալ: Սկզբում Մոսկվայում համերգներ ունեցանք` լավագույն համերգասրահներում: Հետո Ժնեւում ելույթ ունեցանք եւ այդ համերգը նվիրեցինք Եղեռնի զոհերի հիշատակին: Զարմանալի էր, որ այդքան շատ մարդ էր եկել, այսինքն` ավելի, քան սրահում տեղ կար: Ապրիլի 24-ին ելույթ ունեցանք Վենետիկում, հետո Բրյուսելում, Գերմանիայում:

 

-Գուրջիեւ ընկերախմբերի հետ կապ պահպանո՞ւմ եք: 

-Գուրջիեւ ընկերախմբեր գործում են աշխարհի բոլոր երկրներում: Բոլորը միմյանց հետ կապ են պահպանում, իսկ մեզ սկսեցին ճանաչել մեր ձայնագրության շնորհիվ: Ձայնասկավառակի շնորհիվ անդրադարձ կատարվեց Գուրջիեւի հայկական արմատներին. երկար տարիներ այդ մասին չէր խոսվել, սակայն դրանից հետո բազմաթիվ թերթեր սկսեցին գրել այդ մասին: Դա մի ընդհանուր ծրագրի բնույթ կրեց, որը կոչվեց «Վերադարձ Գուրջիեւի արմատներին»


-Մրցանակը պարտավորեցնո՞ղ , թե՞ ոգեւորող էր:

-Մեզ համար մեծ պատիվ էր, որ նման մրցանակի արժանացանք, քանի որ նախկինում այս մրցանակին էին արժանացել այնպիսի մեծեր, ինչպիսին Շարլ Ազնավուրն է, Վալերի Գերգիեւը, Սթիվի Ուոնդերը, Եվգենի Կիսսինը: Մենք խմբից երկու դուդուկահարների` Էմանուել Հովհաննիսյան եւ Նորայր Գաբոյանի հետ: Նոյեմբերի 28-ին մրցանակաբաշխությունը:

 

-Որքանո՞վ են Հայաստանում ծանոթ Գուրջիեւին:

-Վերջին շրջանում մի քիչ ավելի շատ են սկսել ճանաչել, սակայն պետք է նշեմ, որ մեզ մոտ ավելի քիչ են ծանոթ նրան, քան` Արեւմուտքում: Բայց, առհասարակ, շատ քիչ են ծանոթ, ինչի պատճառներից մեկն էլ այն է, որ Սովետական ժամանակաշրջանում այդ գրականությունն ազատ չէր, մարդիկ վախի մեջ էին:

 

-Բայց որքանով տեղյակ եմ արգելված գրականության ցանկում չի եղել, չէ՞:

-Այո, չի եղել, բայց ոչ էլ տարածվել է: Այսինքն` ոչ ոք չի ասել, թե չի կարելի Գուրջիեւ կարդալ, սակայն նրա գրքերը հանրության ձեռքերում այդպես էլ չէին հայտնվում:


-Դուք Գուրջիեւին ներկայացնում եք որպես երաժիշտ եւ արդյոք չեք կարծում, որ անհրաժեշտություն կա նրա գրքերն էլ ներկայացնել:

-Իհարկե, կա: Մենք միայն երաժշտությունն ենք ներկայացնում եւ փորձում մեկնաբանել որքան հնարավոր է ճշգրիտ, այսինքն` այնպես, ինչպես Գուրջիեւը կցանկանար: Նա 250-ից ավել պարեր ունի, որոնց մարդիկ նույնպես ծանոթ չեն: Ի դեպ, շուտով Գուրջիեւի գործերից մեկն էլ կհրատարակվի:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ