Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 413.31 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 498.96 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
«Հրապարակը» գրում է․ «Գրիգոր Մինասյանի «գլուխն ուտելուց» հետո «Քաղաքացիական պայմանագրի»` ստորագրահավաք նախաձեռնած հատվածում էյֆորիկ վիճակ է տիրում․ մի քանի մարդով նախարար են գործից ազատել, իսկ ղեկավարությունը նոր գլխացավանքի մեջ է ընկել․ փնտրում են արդարադատության նախարարի թեկնածու, որը, ինչպես Նիկոլ Փաշինյանի սիրելի Արփի Դավոյանն է ասել, կլինի «թիմից», այսինքն` յուրային, կլինի քիչ թե շատ գրագետ եւ կկարողանա այդ բարդ համակարգը ղեկավարել։
Նախօրեին կուսակցության վարչության նիստում քննարկվել է արդարադատության նախարարի մի քանի թեկնածություն: Նիստը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տարածած հաղորդագրությունում այլ մանրամասներ չեն նշվում, բայց հրապարակված լուսանկարները փաստում են՝ ՔՊ-ում մտահոգ են բոլորը, բացի Արփի Դավոյանից, որը կարծում է, որ պատմական շանս ունի՝ զբաղեցնելու նախարարի պաշտոնը։
ՔՊ-ում առաջադրված թեկնածուներից մեկը եղել է նախկին «ղուշ բռնող», ստեփանավանցի Արփի Դավոյանը, որին 2018-ից առաջ նրա հարեւաններն էլ չէին ճանաչում: Հետո նրա ուղին անցավ «Ելք» խմբակցությունով, որտեղ նա հիմնականում սուրճ եփող էր «աշխատում», բայց քանի որ Փաշինյանին իր հավատարմությունը կարողացավ ապացուցել, ապա քայլեց Գյումրիից մինչեւ Երեւան, ուստի պատգամավոր դարձավ` կանանց համար նախատեսված քվոտայի շրջանակներում։ Ազգային ժողովում հնչեցվող նախապես ծրագրված հարցերի, ընդդիմությանը քլնգող ելույթների, փաշինյանական ամենաանընդունելի մտքերի բարձրաձայնողն է նա: Նրան ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, մինչեւ այն պահը, երբ Անդրանիկ Քոչարյանը նրան վստահեց այդ լուրջ գործը` Գրիգոր Մինասյանին պաշտոնազրկելու: Հիմա նա իրեն այնքան կարեւոր է զգում, որ, չունենալով իրավաբանական կրթություն, հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին: Հավանաբար, ղուշ բռնելուց ուզում է անցնել «նախկիններին բռնելու» գործին։ Երեկ նա խորհրդարանում իրեն արդեն նախարար էր զգում ու անգամ որոշ գործընկերների չէր բարեւում։
Սակայն նրա թեկնածությունը թերեւս հատուկ են շրջանառության մեջ դրել, որ հանրությունը քննարկի այդ «խայտառակությունը» եւ սփոփվի` իմանալով նոր նախարարի անունը։ Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնը քաղաքական է` մասնագիտական կրթություն չի պահանջվում։
Տեղեկություններ կան, որ Դավոյանի թեկնածությունը վարչության նիստում առաջադրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրանից բացի, եւս 3 ՔՊ-ականի թեկնածություն է առաջադրվել։ Մեկն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է, որը, ի դեպ, չէր միացել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքին, բայց ոչ այն պատճառով, որ կողմ է, այլ, կուսակիցների բնորոշմամբ, բոլոր հարցերում է զգուշավոր: Թեպետ Վարդանյանը նույնպես ճամբարափոխներից է՝ Գագիկ Հարությունյանի կադրերից է (ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր): Մեզ ասացին, որ նա ինքնաբացարկ է հայտնել` ասելով, որ նախարար դառնալու ցանկություն չունի։ ՔՊ-ում կարծում են, որ Վարդանյանը չի ուզում անդարդ գլուխը ցավի տակ դնել, իր համար հանգիստ աշխատում է խորհրդարանում, դեռ մի բան էլ համարվում է անփոխարինելի, անգերազանցելի իրավաբան իշխանական խմբակցությունում։
Մյուս թեկնածուն հանձնաժողովում Վլադիմիր Վարդանյանի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն է, որի թեկնածությունը վարչության նիստում առաջադրել է Վահագն Ալեքսանյանը։ Արուսյակ Ջուլհակյանն էլ է ՔՊ-ական, իրավաբանի կրթություն ունի, մինչեւ իշխանափոխությունը մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներում է աշխատել, սակայն նրան էլ են համարում եկվոր, քանի որ իշխանափոխությունից հետո ՀԱԿ շրջանակներից է ներգաղթել Փաշինյանի թիմ։
Չորրորդ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, որը, սկսած 1996-ից, հասարակական գործունեությամբ է զբաղվել, 2009-2018թթ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատուն է եղել, այսինքն` սրսուռ սորոսական է։ Ի դեպ, Տիգրանյանի թեկնածությանն աջակցում են նաեւ իշխանամերձ ՀԿ-ները, որոնք Փաշինյանին պարբերաբար մեղադրում են արդարադատության ոլորտում ռեֆորմներ չանելու մեջ: Սակայն ասում են՝ Տիգրանյանն էլ է հրաժարվել: Նա վերջերս է երեխա ունեցել` հավանաբար, նախընտրել է երկար սպասված մայրությունը վայելելը։ Եվ քանի որ վարչությունը կանգնել է վատի եւ վատթարագույնի ընտրության առաջ, որոշել են շարունակել քննարկումները` այլ թեկնածուների էլ դիտարկել, ապա որոշում կայացնել։ Եթե վարչության հաջորդ նիստում նոր թեկնածուներ չառաջադրվեն, ապա ընտրություն կկատարեն երկու կանանց միջեւ՝ քվեարկությամբ»։