Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում։
«Հարգելի գործընկերներ,
Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ թե արդյոք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետները: Արդյոք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ։
Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել։ Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով՝ իննամսյա դաժան շրջափակումից հետո, Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար և հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120,000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հարենի հողից։
Օրը ցերեկով Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց։ Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ.կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից։ Այս կազմակերպությունը լռում էր և շարունակում է լռել։ Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս միջազգային քաղաքականության շարժիչ ուժերն են։ Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքները անտեսված են։
Համատարած անպատժելիության մթնոլորտը Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար։
Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այլև նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ և շինծու դատավարություններ։
Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Արցախից վերացնել և ջնջել հայկական հետքը։ Եվ այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»։
Հարգելի գործընկերներ,
կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության և ինքնության վերացման միջոցով։ Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին։ Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից։
Շնորհակալություն։
Հոկտեմբեր 2, Դուբլին»։