կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-25 13:04
Տնտեսական

Թռչկանի տարածքում վիճակն արդեն վատ է (տեսանյութ)

Թռչկանի տարածքում վիճակն արդեն վատ է (տեսանյութ)

Թռչկանի ջրվեժի շրջանում էկոլոգիական վիճակն արդեն վատանում է. տեղեկացնում է «Էկոլուր»-ը:

 

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի փորձագետներն արդեն տեղում ուսումնասիրել են իրավիճակը: Նրանք դիտարկել են ամբողջ էկոհամակարգի վիճակը` սկսած գետի կիրճից եւ սարերի լանջերից մինչեւ 1700 մետրից ավելի բարձրություն:

 

«Ջրվեժից ոչ հեռու արդեն մեկ փոքր ՀԷԿ է կառուցված: Մենք նկարահանեցինք, եւ տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է պակասում ջրի ծավալն ամբողջ ջրաբաշխման հատվածում: Փաստացիորեն գետն արդեն չկա: Նույնիսկ տարվա այս եղանակին դա պարզապես առվակ է: Հիմա Թռչկանից 1 կմ հեռու մտադիր են եւս մեկ ջրաբաշխիչ ստեղծել, ամբարտակ կառուցել: Արդեն կառուցվող նոր ՀԷԿ-ի տարածքում տեսանելի է, որ գետի ափին լցված թումբերը փոխել են դրա հունը»,- ասում է WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

 

Ըստ նրա` Թռչկանը պարզապես ջրվեժ չէ, ոչ էլ պարզապես ջրի զանգված, որը ներքեւ է թափվում: Դա կենդանի, լիարժեք էկոհամակարգ է, որին ջուր է հարկավոր ամբողջ տարածությամբ: «Դա ե'ւ ջրվեժ է, ե'ւ կիրճ, ե'ւ գետեր, ե'ւ հրաշալի լանդշաֆտներ: Կիրճի արեւելյան լանջին անտառ է ձգվում: Կա նաեւ կաղամախու պուրակ: Դա Հայաստանում հազվադեպ հանդիպող տեսակ է, մեզ մոտ ընդամենը երկու նման պուրակ կա: Եթե մեկ ՀԷԿ էլ ավելանա, ապա մի քանի տարի անց անտառը կարող է չորանալ: Մեր տվյալներով` այս տարածքում հանդիպում են այծյամներ եւ արջեր: Էկոհամակարգի ոչնչացմամբ այս տեսակները նույնպես կոչնչանան»,- ահազանգում է Կ. Մանվելյանը` հայտարարելով, որ շինարարությունն անհրաժեշտ է դադարեցնել: