Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով, որոշում ընդունվեց Թռչկանի ջրվեժին տալ հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:
Վարչապետի խոսքով` բնապահպանական կազմակերպությունների մտահոգությունները, որ Թռչկանի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցմամբ կարող է վտանգվել ջրվեժի ապագան, կառավարության այս որոշմամբ կարող են փարատվել: Նա նշեց, որ բնապահպանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը եւ հանրապետության նախագահի հանձնարարականով կայացրել է որոշումներ, որոնք այդ ռիսկերը չեզոքացրել են:
«Որպեսզի ապագայում էլ ջրվեժին որեւիցե վտանգ չսպառնա, անհրաժեշտ է, որպեսզի հստակ կարգավիճակ տանք այդ տարածքին եւ այսօրվա որոշումով սահմանենք, որ ջրվեժի տարածքն այսուհետ կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից: Դրանով մենք այս խնդիրը կհամարենք ամբողջությամբ փակված»,- նշեց կառավարության ղեկավարը:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մանրամասնեց, որ այս որոշմամբ առաջարկվում է հողի նպատակային նշանակության փոփոխություն կատարել, ասել է թե` Թռչկանն այլեւս արդյունաբերոկան նշանակության տարածք չի լինի եւ կանցնի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմի տակ:
Ինչ վերաբերում է հետագայում այնտեղ ՀԷԿ կառուցելու հավանականությանը, ապա նախարարի խոսքով, եթե ինչ-որ մեկը նման ցանկություն ունենա, ապա պետք է անցնի սահմանված ընթացակարգերով` սկսի հողի կատերգորիայի փոփոխությունից եւ ավարտի բնապահպանական փորձաքննություններով:
Հարցին` սա կարելի՞ է համարել թռչկանցիների հաղթանակը, նախարարը պատասխանեց. «Առաջին իսկ օրվանից, երբ խնդիրը բարձրացվել է, միշտ եղել ենք առողջ քննարկումների մեջ եւ քննարկումների արդյունքում այսօր տեսնում եք, որ նման որոշում է կայացվել»:
Ա. Հարությունյանը նաեւ հավելեց, որ կառավարության այս որոշումը հնարավորություն է տալիս ամբողջովին փարատել Թռչկանի հարցի հետ կապված բոլոր մտահոգությունները: