Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հասարակայնությունը հերթական բողոքի ակցիան անցկացրեց կառավարության շենքի մոտ` պահանջելով դադարեցնել Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:
Իսկ երեկ ՀՀ բնապահպանության նախարարի նախաձեռնությամբ անցկացվեց այդ խնդրի քննարկում, որը ծայրաստիճան սուր բնույթ ստացավ: Հայտնի է, որ արդեն մի քանի օր է` Թռչկանի ջրվեժի պաշտպանները ակցիա են անցկացնում հենց ջրվեժի մոտ` փորձելով խանգարել շինարարներին`«Ռոբշին» ընկերությանը:
Ջրվեժը հատուկ պահպանվող տարածք է, բնության հուշարձան, որը պաշտոնապես ընդգրկված է Հայաստանի կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցուցակում: Բնապահպանության նախարարությունը, անտեսելով այդ փաստը, ընկերությանը շինարարություն թույլատրող փաստաթղթեր, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն եւ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրել: Փաստ է, որ շինարարությունն անուղղելի վնաս կհասցնի ջրվեժին, ինչը եղավ տարիներ առաջ Շաքիի հետ:
Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, փոսեր են արվել, փոխվել է բնական լանդշաֆտը:
Հանդիպման ժամանակ նախարար Հարությունյանը ներկայացրեց քննարկման նպատակը` ջրվեժի շուրջ ստեղծված իրավիճակին տալ օբյեկտիվ գնահատական: Նա հայտարարեց, թե կարելի ասել, որ այդ հանդիպումը փոքր ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ նոր հասարակական լսումներ են, բայց հրաժարվեց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը եւ ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած փաստաթղթեր համարել, այսինքն` հրաժարվեց արգելել շինարարական աշխատանքները եւ այդ քննարկումներին իրավաբանական ձեւակերպում տալ:
Հանդիպման մասնակից` փոքր ՀԷԿ-ը նախագծող «Հայէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչները չեն էլ պատկերացրել, որ նախագծում պետք է լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական` ՇՄԱԳ, այսինքն` փաստաթղթի այն հիմնական մասը, որի հիման վրա կայացվում է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Հետաքրքիր է, որ բնապահպանական փորձաքննությունը, փաստաթղթերն ուսումնասիրելիս, ՇՄԱԳ չի էլ պահանջել:
Իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը նույնիսկ հրաժարվել է Թռչկանի ջրվեժն ընդունել որպես հատուկ պահպանվող տարածք` հայտարարելով, որ ջրվեժը ռեժիմ չունի, մարդ, որ երկար տարիներ աշխատել է Ջրային ռեսուսների կառավարման գործակալությունում, եւ հենց այդ գործակալությունն է բնության հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառել ջրագրական հուշարձանների ցանկը:
Այնուհետեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները հայտարարել են, որ որեւէ կետի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում եւ իրենք շարունակելու են պայքարել Թռչկան ջրվեժի համար: