կարևոր
1432 դիտում, 7 ժամ առաջ - 2025-12-07 13:03
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը «խիստ պատժով» է սպառնացել քիմիական զենքի մասին BBC-ի ֆիլմում հայտնված անձանց

Վրաստանի վարչապետը «խիստ պատժով» է սպառնացել քիմիական զենքի մասին BBC-ի ֆիլմում հայտնված անձանց

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի դեմ «հիբրիդային բռնություն» է անվանել BBC-ի հետաքննությունը՝ կապված Թբիլիսիում ցուցարարների դեմ հնարավոր քիմիական զենքի կիրառման հետ, և սպառնացել է «խիստ պատժով» այն անձանց, որոնք հայտնվել են բրիտանական հեռարձակողի վավերագրական ֆիլմում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Կոբախիձեն այսօր ճեպազրույցում հայտարարել է․ «Բոլոր այն անձինք կամ խմբերը, որոնց վերաբերյալ հավաքված են բավարար ապացույցներ և հաստատված է, որ նրանց դիտավորյալ գործողությունները լուրջ վնաս են հասցրել Վրաստանի ազգային շահերին, միջազգային հեղինակությանը և իմիջին, և որոնց գործողությունները ուղղված են եղել պետական շահերի խախտմանը, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Ըստ նրա, նրանց նպատակն էր «Վրաստանի կայունության և պետականության խարխլումը» և «հասարակության մեջ հերթական հակամարտության հրահրումը հորինված թեմաների միջոցով»։

BBC-ն դեկտեմբերի 1-ին հրապարակել էր հետաքննություն, որտեղ ենթադրվում էր, որ ցուցարարների դեմ կիրառվել է բրոմբենզիլցիանիդ (կամիտ)՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված թունավոր մարտական նյութ, որից 1930-ականներին հրաժարվել էին առողջության վրա ծանր հետևանքների պատճառով։

Լրագրողները ենթադրել էին, որ կամիտը կարող էր ավելացվել ջրցան մեքենաներում, որոնք կիրառվել էին 2024թ․ նոյեմբեր-դեկտեմբերին զանգվածային ցույցերի ժամանակ։

Ֆիլմի հեղինակները նման եզրակացության էին եկել՝ զրուցելով տուժած ցուցարարների, խախտումները արձանագրող վրացական ՀԿ-ների ներկայացուցիչների, ցուցարարների առողջական վիճակին հետևող բժիշկների, Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատի նախկին բարձրաստիճան աշխատակիցների հետ, ինչպես նաև ուսումնասիրելով որոշ գնումների փաստաթղթեր։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը սկսել էր քննություն՝ պաշտոնեական լիազորությունների հնարավոր գերազանցման և «օտար կազմակերպությանը թշնամական գործունեության մեջ օժանդակելու» հոդվածներով։

Երեկ գերատեսչությունը հայտարարել էր, որ «Վրաստանի ՆԳՆ-ն երբեք չի գնել կամիտ» և ցուցարարների դեմ արգելված նյութեր չեն կիրառվել։ Գործն այժմ շարունակվում է միայն «թշնամական գործունեության» մասով։