կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-03 22:03
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարենամթերիքի գնաճի պատճառով մարդիկ ընդամենը ֆիզիոլոգիական վիճակն են պահում, իսկ դա չափազանց վատ է․ Բոստանջյան

Որքան էլ գնաճը զսպելու ֆունկցիան դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց այս կարևորագույն ինստիտուտը տնտեսական համակարգի գործն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով պարենամթերքի թանկացումը ԿԲ նախանշած 5,5 տոկոսից ավելի՝ շուրջ 8,9 տոկոս․ ընդ որում, խմիչքը հանած՝ զուտ սննդամթերքը թանկացել է երկնիշ թվով՝ 15,8 տոկոսով:

«Կենտրոնական բանկը իր ունեցած գործիքաշարով արտադրող չէ, որ կարողանա այդ արտադրական հարաբերությունները, հակասական շահերը տնտեսական համակարգում կանոնավորել։ Մեղավորներին պետք է տնտեսական համակարգում փնտրել, իսկ դա առաջինը գալիս է տնտեսական քաղաքականությունից։ ՀՀ-ում, հանգամանքների բերումով, քաղաքականությունն այնպիսին է, ինչպիսին հիմա մենք տեսնում ենք՝ պատահական կառավարում, որևէ մի ռացիոնալ տեսլականի բացակայություն և այլն»,-ասաց տնտեսագետը։

 Ցանկացած տնտեսական համակարգի զարգացում, նրա խոսքով, պայմանավորված է կապիտալ ծախսերի առաջնահերթությամբ, որոնք ուղղվում են արդիական ուղղությունների զարգացմանը, արտադրությունների ընդարձակմանը, հասարակական պահանջմունքների բավարարմանը․ եթե դրանք գոյություն չունեն՝ ԿԲ-ին մնում է միայն իր տրիվիալ գործիքաշարով կարողանալ զսպել։ Միայն այն հանգամանքը, որ այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7,25 տոկոս է, ասաց տնտեսագետը, դա արդեն նշանակում է, որ տոտալ արժեզրոկում գոյություն ունի երկրում, ԿԲ-ն կաշվից դուրս է գալիս, որ կարողանա պահպանել այդ տոկոսները, այնինչ պետք է տնտեսական համակարգը գործեր այնպես, որ դրամային իշխանությունների գործը լիներ շտկելի։  

«Պարենային ապրանքների գները մեծապես աճում են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հասարակությունը հիմնականում մի ինստիտուտ է հետապնդում՝ որքան հնարավոր է իր ֆիզիոլոգիական վիճակը պահպանելու։ Իսկ դա չափազանց վատ է, դա նման է աֆրիկյան հետամնաց երկրներին, որտեղ պետական կառավարում չկա կամ շատ մակերեսային է»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Սոցիալական բունտ կարող է հասունանալ, բայց գոնե մինչև այսօր հասարակությունը շատ զուսպ է մոտենում, նկատեց նա, հասարակությունը պետք է իր պահանջմունքները գեներացնի և տեր կանգնի դրանց։ Նա ենթադրում է, որ մեր խոցելիությունը պայմանավորված է հունիսի 20-ի ընտրություններով, որի հետևանքով եկած մարդիկ արհեստավարժ չեն, իսկ նրանց ղեկավարած ոլորտները խոշոր ոլորտներ են։

Պաշտոնական տվյալներով ՀՀ-ում աղքատության մակարդակը 30 տոկոս է, բայց տնտեսագետը համոզված է, որ դա իրականում ավելի բարձր է։

«Եվ այս աղքատության պայմաններում մարդիկ կարող են միայն հավակնել սպառելու բացառապես ամենահասարակ պարենային ապրանքատեսակները, մասնավորապես, կարտոֆիլ։ Հիմա պարզվում է, որ մինչև անգամ այս ապրանքատեսակի կտրվածքով մենք ունենք շատ տխուր հեռանկար»,-ասաց նա։

Պարզվում է՝ կարտոֆիլը թանկացել է, քանի որ արտահանումը մեծացել է այն դեպքում, որ ցանքատարածությունները կրճատվել են։

«Սա ինձ մոտ զավեշտ ու ծիծաղ է առաջացնում՝ ի՞նչ է նշանակում արտահանել, առաջին հերթին դու մտածիր քո հասարակության մասին։ Արտահանումը վատ բան չէ, բայց արտահանում ես այն պարագայում, երբ պահանջարկը բավականաչափ շատ է, ու քո հասարակությունը բավարարված է։ Իսկ կարելի՞ է տեսականորեն այսպես մտածել, որ եկեք՝ այն եղածն էլ՝ ինչ կա-չկա արտահանենք, իսկ քո հասարակությունը բացարձակապես ոչինչ չօգտագործի»,-ասաց Վարդան Բոստանջյանը։  

Մանավանդ այն հասարակությունը, որն իր գոյատևումը, ֆիզիոլոգիական վիճակը պահելու համար տարբերակ չունի ասելու՝ ընդհանրապես սա հանում ենք մեր սպառման օրակարգից։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․