կարևոր
2737 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-24 11:56
Քաղաքական

Իշխող քաղաքական ուժը ձախողել է իր նախընտրական խոստումները և արել է դրա հակառակը․ նրանք պետք է հեռանան ամենապարզ ձևով․ Արծվիկ Մինասյան

Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց վճռականությունը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը և իրենց նախընտրական ծրագրերում նշել են, որ բոլոր ջանքերը պետք է գործադրեն դրան հասնելու համար, «Հայաքվե» նախաձեռնության օրինագծի հարցով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց հիմնական զեկուցող, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Այսօր ունենք մի իրողություն, երբ Արցախը հայաթափված է, ադրբեջանական վանդալիզմն ամեն օր երևում է նաև զավթված տարածքների մշակութային արժեքների, մեր հայրենակիցների սրբատեղիների նկատմամբ։ Մենք արձանագրում ենք, որ հանգել ենք այս իրողությանը, որովհետև իշխող քաղաքական ուժը 2021 թվականին տված իր խոստումները ոչ միայն չի կատարել, ձախողել է, այլև արել է ուղիղ հակառակը՝ ամեն ինչ անել, որպեսզի նախընտրական իրենց իսկ տված խոստումների ուղիղ հակառակ պատկերն ունենան», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, թե հարց է առաջանում՝ եթե այս իրավիճակում իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու «Հայաքվեի» նախաձեռնությանը, ի՞նչ գնահատականի պետք է արժանանա ժողովրդի կողմից։

«Մենք այսօր արձանագրում ենք այդ շեղումը։ Եվ եթե «Հայաքվե»-ի առաջադրած օրինագծի վերաբերյալ խորհրդարանում հայտնված ուժերն արտահայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն նրանք լեգիտիմ չեն, նրանք հանցագործություն են գործում հայ ժողովրդի նկատմամբ, սահմանադրական առումով նրանք զրկվել են այդ ժողովրդին ներկայացնելու իրավունքից։ Կա՛մ նրանք պետք է առաջարկեն այլ միջոց՝ իրենց իսկ տված խոստումներն իրականացնելու ուղղությամբ, կա՛մ պետք է հեռանան ամենաուղիղ և պարզ ձևով՝ հրաժարական և հեռացում», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք` «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկել է Հայաստանի քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի, քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։