կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 14:16
Հասարակություն

Թուրք պատմաբանն արժևորել է հայ գիտնականի` Ցեղասպանության մասին գիրքը

Թուրք պատմաբանն արժևորել է հայ գիտնականի` Ցեղասպանության մասին գիրքը

Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այդ թեմայով բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ` թուրք մտավորական, պատմաբան Սաիթ Չեթինօղլուն գրախոսություն է գրել այս տարի Ստամբուլում «Փենջերե» հրատարակչության կողմից հրատարակված հայ թուրքագետ, պ.գ.թ. Մելինե Անումյանի «Ճանաչում ու դատապարտում. Միություն և առաջադիմություն կուսակցության անդամների դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.)» գրքի վերաբերյալ: Սաիթ Չեթինօղլուն գրախոսականում ներկայացնում է Մ. Անումյանի այս աշխատության կարևորությունը հատկապես թուրք ընթերցողների և պատմաբանների համար: Ստորև ներկայացնում ենք ամբողջական գրախոսությունը:

Սայիթ Չեթինօղլու

Տիրան Լոքմագյոզյանի կողմից թարգմանված և Արսեն Ավագյանի խմբագրությամբ լույս տեսած` Մելինե Անումյանի «Ճանաչում ու դատապարտում. Միություն և առաջադիմություն կուսակցության դատավարությունները (191-1921 թթ. և 1926 թ.)»(1) վերնագրով աշխատության մեջ ուսումնասիրվում է թուրքական պատմագրության մեջ  հազվադեպ անդրադարձ կատարված մի ժամանակաշրջան։ Անումյանն այս աշխատությամբ ընթերցողին ներկայացնում է Միություն ու առաջադիմություն կուսակցության անդամների՝ 1919-21 թթ. և 1926 թ. դատավարությունների մանրամասները, ինչպես նաև համեմատականներ է տանում այդ երկու ժամանակաշրջանների դատավարությունների միջև: Այս ամենի հետ մեկտեղ`  աշխատությունը չափազանց կարևոր է 1908 թ. հուլիսից 1926 թ. հուլիս ընկած ժամանակահատվածի վերաբերյալ  մանրամասն եզրակացության առումով։ Հեղինակն իր եզրակացության մեջ ցույց է տալիս, որ Ցեղասպանությունը շարունակական բնույթ է կրում ու հասնում մինչև մեր օրեր, ինչպես նաև վեր է հանում Միություն ու առաջադիմություն կուսակցության մտածելակերպն ու ավանդույթը, որոնք մեր օրերի մշտական մասն են կազմում. Հանրապետությունը Միություն և առաջադիմություն կուսակցության մտայնության կրողն է։ Թուրքական պետության ավանդույթը և գործելաոճը նույնական է երիտթուրքական ավանդույթի հետ. այս երկրում մինչ օրս իրականում միայն մեկ կուսակցություն է գործում: Դա Միություն և առաջադիմություն կուսակցությունն է, իսկ մյուս կուսակցությունները եղել են նրա գաղափարախոսության կրողը: Նույնիսկ որպես Թուրքիայի Հանրապետության հռչակման ամսաթիվ է ընտրվել հոկտեմբերի 29-ը, քանի որ 1907 թ. հոկտեմբերի 29-ին Մուստաֆա Քեմալն անցել էր Իթթիհատի շարքերը:

Անումյանն ընթերցողին է ներկայացնում դատավարություննների հետ կապված բազմաթիվ փաստեր։ Աշխատության մեկ այլ կողմն էլ այն է, որ 1919-21 թթ. դատավարությունների ժամանակ հայերի ջարդերի մեջ մուսուլման խմբերի լայն մասնակցությունը կոծկելու ջանքերի դեմ հեղինակը, հիմնվելով արխիվային փաստաթղթերի, ժամանակաշրջանի օսմանյան ու այլ մամուլի, վկաների, տարբեր շրջանների դատական գործերի արձանագրություների վրա, հուշերուվ հարստացրել ու ևս մեկ անգամ փաստաթղթերով ապացուցել է հայ ժողովրդին բնաջնջելու պլանի բոլոր մանրամասնություններն ու հավաքական պատասխանատվության հարցը։ Հայոց ցեղասպանության կապակցության կայացված որոշումներն ու փաստաթղթերը ոչնչացվել են դեռևս Ցեղասպանության ընթացքում, և այդ իրողության տեսանկյունից 1919-21 թթ. տեղի ունեցած 60-ից ավելի դատական լսումների արձանագրությունների ուսումնասիրությունը չափազանց արժեքավոր է։ Կարևոր է նաև անդրադարձը ժամանակի մամուլի՝ դատավարությունների ու պատասխանատվությունների վերաբերյալ ունեցած դիրքորոշումներին, որոնց մինչ այդ շատ չեն անդրադարձել պատմագրության մեջ։

Անումյանն աշխատությունն սկսում է Թալեաթի կառավարության հրաժարականից հետո կազմված Ահմեթ Իզզեթ փաշայի կառավարության ծրագրից։ 1918 թ. հոկտեմբերի 19-ին օսմանյան մեջլիսին ներկայացված կառավարության ծրագրում «նորընտիր վարչապետ Ահմեթ Իզզեթի` 1918 թ. հոկտեմբերի 19-ին օսմանյան խորհրդարանում ներկայացրած ծրագրում ոչ մի քննադատություն չկար` ուղղված պատերազմի ժամանակ Միություն և առաջադիմություն կուսակցության վարած քաղաքականությանը: Անգամ «տեղահանության դեպքը» բացատրվում էր «պատերազմական դրության անհրաժեշտությամբ»: Հարկ է նշել, որ Ահմեթ Իզզեթ փաշան ոչ միայն արգելք էր դարձել իթթիհադականների հետաքննությանը, այլև` անգամ հրահանգել ոչնչացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք հնարավորություն կընձեռեին հետաքննություն սկսել ոճրագործների նկատմամբ: Սադրազամ (վարչապետ)  դառնալուն պես նա հրամայել էր անմիջապես դադարեցնել Հատուկ կազմակերպության աշխատանքները և վերացնել տվյալ կազմակերպության արխիվը, բացի այդ` ապահովել էր, որպեսզի հայերի կոտորածների կապակցությամբ հետապնդվող կասկածյալներն ազատ կերպով հեռանան Ստամբուլից»:

Մեկ այլ առանցքային հարց է հետևյալ հանգամանքը, որն ընդգծում են նաև այդ դատավարությունները առաջինն ուսումնասիրած պատմաբաններ Տատրյանն ու Աքչամը (նախքան այս հեղինակները` սույն թեման ուսումնասիրվել է նաև այլ պատմաբանների կողմից-Ակունքի խմբ.). hայտնի չէ, թե որտեղ են հրատարակված այս դատավարություններից առաջ Ստամբուլի ռազմական արտակարգ ատյանի կատարած հետաքննության նյութերը։  Այդ փաստաթղթերը գտնելու հավանականություն կա Գլխավոր շտաբի Ռազմական պատմության ու ռազմավարական արխիվում (ATASE), որը դժվար է ուսումնասիրողների համար բաց արխիվ համարել` դրված լուրջ սահմանափակումների պատճառով։ (2)

Չափազանց սահմանափակ հնարավորություններ ընձեռած դատական լսումների արձանագրությունները, վկայություններն ու մամուլի անդրադարձի չափն իսկ, կարող ենք ասել, որ ընթերցողի համար հասկանալի են դարձնում դեպքի լրջությունն, ու երևան հանում Ցեղասպանության պատասխանատվության հարցը։

Այդ դատերը չափազանց կարևոր են և պատմության մեջ առաջինն են եղել։ Եթե դրանք ավարտին հասցվեին, ապա կարևոր ներդրում կունենային մարդկության պատմության մեջ, և կարող ենք հանգիստ ասել, որ  20-րդ դարում կատարված աղետները, մարդկայնության դեմ իրագործված հանցագործություններն ու ցեղասպանությունները տեղի չէին ունենա. խոչընդոտ կհանդիսանային դրանք այդ ամենի համար։ Ցավոք, մարդկությունը պարտվել է ռեալ պոլիտիկին։ Եթե այդ դատերը դիտարկենք` հաշվի առնելով աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրում ենք, ապա  կտեսենք, որ դրանք շատ կարևոր էին այն առումով, որ օսմանյան-թուրքական պատմության մեջ առաջին անգամ դատվում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ ու իշխանության եկած կուսակցության անդամներ, ինչպես նաև այն առումով, որ պատմության մեջ առաջին անգամ կենտրոնական կառավարության կողմից կազմակերպված ջարդերի ժամանակ զոհ դարձած հայերին թուրք պաշտոնյաները պաշտպանել են ու նրանց իրավունքները ներկայացրել են հանցագործների դատավարությունների ընթացքում։ Նոր պատմության մեջ առաջին անգամ տարբեր աստիճանի քաղաքացիական կամ զինվորական թուրք պաշտոնյաներ, բազմաթիվ վտանգներ  հաշվի առնելով, կամավոր կերպով ընդունել են հայ զոհերի օգտին վկայություն տալու առաջարկը։ Չնայած դատերը քննած դատարանները արդարության հասնելու գործում հիմնվել են ամբողջությամբ պատերազմի ժամանակվա պաշտոնական բնօրինակ փաստաթղթերի վրա, միևնույնն է՝ որոշումների կայացման գործում դատարանի դահլիճներում արված վկայություններն ու տրված ցուցմունքներն էլ կարևոր ու հատուկ դեր են կատարել։ (3)

Մանրամասները` սկզբնաղբյուրում: