Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են առաջ տանել ներկայիս շփման գծից ՀՀ զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի «հայելային հետ քաշման» հակահայաստանյան և հակահայկական թեզն ու վտանգ «չեն տեսնում» մեզ սպառնացող վտանգների մեջ, կրկնեմ նախորդիվ արված հարցադրումներս՝ դրանց ավելացնելով նորերը։
Եվ այսպես՝
Կապան քաղաք։ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանի հենց մուտքի մոտ գտնվող «Սյունիք» օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։
Սյունիքի Խնածախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։
Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։
Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։
Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։
Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։
Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու՝
քաղաքի հրապարակու՞մ,
գյուղամիջու՞մ,
ակումբի շենքու՞մ,
դպրոցի կամ եկեղեցու բակու՞մ,
թե՞ բնակավայրերը, ամբողջությամբ հայտնվելով չեզոք գոտում և կամ անցնելով Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայաթափվելու են։
Արդյո՞ք «որևէ համայնք, ՀՀ որևէ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող» պնդման և առ այդ պնդումը եղած վստահության հիմքում նախապես ընկած չէ պատկերացումն ու ոչնչով չհիմնավորված, բայց ներքին այն համոզմունքը, որ նշյալ և նույն իրավիճակում հայտնված մեր մի քանի տասնյակ բնակավայրերը ապրիորի հայկական չեն, հետևաբար՝ նրանց կորուստը չի կարող դիտարկվել որպես ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստ։
Եվս մեկ անգամ՝․ «հայելային հետ քաշում»-ը հակահայաստանյան և հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի, զրկելու է վերականգնման բոլոր հնարավորություններից։
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ