Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
150 տարի առաջ Թիֆլիսում Գրիգոր Արծրունու խմբագրմամբ սկսում է հրատարակվել «Մշակ» օրաթերթը, որն իր հետագիծն է թողել ոչ միայն հայ մամուլի պատմության մեջ, այլև ազգային, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում։ Որոշակի ընդմիջումներով և ունենալով տարբեր խմբագիրներ՝ 1872-1921 թթ. ընթացքում՝ իր հրատարակության բոլոր շրջափուլերում, պարբերականը ներկայացնում էր ընթերցողներին հուզող խնդիրներն ու դրանց պատճառները, ինչպես նաև հասարակության առաջընթացի սեփական պատկերացումներն ու ծրագրերը ։ Ընդ որում, հետաքրքրությունների շրջանակը չէր սահմանափակվում միայն այսքանով։ Չկար որևէ բնագավառ, որ դուրս մնար խմբագրակազմի ուշադրությունից՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն և մշակույթ։
Թերթն ունեցել է հրատարակության մի քանի փուլ՝ Գրիգոր Արծրունու, Ալեքսանդր Քալանթարի, Համբարձում Առաքելյանի, Լեոյի խմբագրությամբ, թեև Լեոյից առաջ՝ մի կարճ ընթացք, խմբագրական գործը վստահվել է Հ. Առաքելյանի, Ա. Քալանթարի որդիներին ու Ալեքսանդր Շիրվանզադեին։ Բնորոշ է եղել այն, որ առաջնահերթ հիմնահարցերի ու խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հայացքներն ու մոտեցումները հիմնականում մնացել են նույնը։ Աշխատաոճի հիմքում Արծրունու առաջարկած նշանաբանն էր՝ քննական ու մտրակողական մոտեցում հանդես բերել ազգային խնդիրների նկատմամբ, զբաղվել ինքնաճանաչողությամբ, հանդես գալ առաջարկներով՝ աշխատելով դրանք կյանքի կոչել ։
Կարելի է վստահ պնդել, որ «Մշակը» կարողացել էր նվաճել հանրային լայն շերտերի համակրանքը՝ հրապարակումներով դառնալով առաջամարտիկ տարբեր ոլորտներում եղած հիմնահարցերի լուծման ուղիներ գտնելու փնտրտուքում, ինչպես և հաջողության էր հասել խմբագրության կորիզի շուրջ հասարակական առողջ ուժերի, անվանի մտավորականների համախմբման գործում։
«Մշակը» թեև տպագրվում էր ոչ հայկական քաղաքում, բայց այն օրերին հայաշունչ և հայաշատ Թիֆլիսը կարծես դարձել էր մեր ժողովրդին համախմբող և ուղղություն տվող հոգևոր կենտրոն։
Գ. Արծրունին նպատակադրվել էր հոդվածների միջոցով զարկ տալու զանազան հարցերի շուրջ հանրային քննարկումներին՝ այդպիսով ձևավորելով կարծիքներ ու առաջարկներ։ Խմբագրի մտահղացմամբ՝ թերթը վերածվելու էր հայ հասարակական մտքի անդաստանն ակոսող մտավոր մշակի։ Լիբերալ-ազատական ուղղվածության հետևորդ այս պարբերականը հիմնականում նախընտրում էր հիմնախնդիրների լուծման ոչ հեղափոխական մեթոդները՝ ապավինելով Ռուսական կայսրության կողմից անցկացվելիք կամ խոստացված բարենորոգումներին։ Դա չէր առնչվող Հայկական հարցին վերաբերոող զարգացումներին։ Այս առումով պետք է փաստել, որ խմբագիրն ու աշխատակիցները հատկապես ոգևորվել էին բալկանյան պատերազմների հետևանքով միջազգային ասպարեզում Արևելյան հարցի արծարծումներից և հույս էին փայփայում, որ ռուսական զենքի օգնությամբ Օսմանյան կայսրության ճիրաններում գտնվող քրիստոնյա ժողովուրդները կարող էին ստանալ բաղձալի ազատությունը:
Կարծում էին նաև, որ արևմտահայությունը Ռուսաստանի աջակցությամբ ձերբազատվելու էր իր խնդիրներից։ Նշենք, որ դեռևս 1876 թվականից Արծրունին «Մշակում» սկսել էր վարել «Հայոց խնդիր» խորագիրը, որի ներքո բարձրացնում էր ողջ հայությանը մտահոգող ազգային-քաղաքական խնդիրներ։ Դրանց մեջ առաջնային էր արևմտահայերի ազատագրության հարցը, որի լուծումը պարբերականի հիմնադիր խմբագիրը կապում էր ռուսական զենքի հաղթանակի հետ՝ գրելով, թե «ուրիշ ճանապարհ չկայ, եթէ ոչ զէնքը ձեռքին արիւն թափելով» հասնել Հայկական խնդրի լուծմանը ։ Հետագայում նույնպես մշակականները այս հարցում չփոխեցին իրենց դիրքորոշումը՝ արևմտահայության փրկությունն ու ճակատագիրը կապելով Ռուսաստանի հետ, որին չմիանալու պարագայում անգամ համաձայն էին նրա աջակցությամբ ստանալ ինքնավար կարգավիճակ, միայն թե արևմտահայերը թոթափեին թուրքական լուծը ։ Հրատարակության գրեթե բոլոր փուլերում օրաթերթն առաջ է տարել այս գիծը, որը խմբագրակազմի՝ ինչ-որ առումով ռոմանտիկական մոտեցումների արտահայտությունն էր։ Դա ցայտուն կերպով դրսևորվել է Համբարձում Առաքելյանի խմբագրական գործունեության շրջանում:
Աշխարհաքաղաքական շահերը կարծես անտեսվում էին այս պարագայում, թեև թերթը գրում էր, որ հայոց խնդիրը քաղաքական խաղերի առարկա էր դարձել Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի ձեռքին ։ Պետք է արժանին մատուցել «Մշակի» պատմության մեջ անվանի գրող, հասարակական գործիչ Րաֆֆու կատարած անգնահատելի աշխատանքին՝ Գրիգոր Արծրունու խմբագրության շրջափուլում։ Նա իր հրապարակախոսական հոդվածներով և ծրագրային-քաղաքական վեպերով ընթերցողներին էր ներկայացնում օսմանյան լծից ազատագրվելու հստակ ճանապարհ՝ նրանց հոգիներում վառելով ու բորբոքելով ազատագրական պայքարի կայծերը ։ Այդ տարիներին մեծ ժողովրդայնություն էին վայելում Րաֆֆին «Մշակի» և «Մշակը» Րաֆֆու շնորհիվ։ Ազատագրության ուղիների շուրջ Արծրունու և Րաֆֆու միջև առաջացած տարաձայնությունները կարճ ժամանակ անց վերջ են դնում նրանց համագործակցությանը։ Հիմնական տարբերությունն այն էր, որ թերթի խմբագիրը հակված էր պետական բարեփոխումների և ոչ թե հեղափոխությունների միջոցով հարցերին լուծում տալուն։ Այս ամենով հանդերձ՝ թղթակցական լայն ցանցն արդեն ցեղասպանության շրջանում պարբերականին հնարավորություն էր ընձեռում ամբողջական պատկերացում տալու Հայկական հարցի զարգացումների և այն մասին, թե ինչ էր կատարվում Արևմտյան Հայաստանում։
Առաջին աշխարհամարտը բեկումնային եղավ արևմտահայության ճակատագրի համար։ Օգտվելով աշխարհաքաղաքական նպաստավոր հանգամանքներից՝ երիտթուրքական իշխանություններն սկսեցին հայերի տեղահանության և կոտորածների քաղաքականության իրականացումը ։ Նրանց հեռահար և հիմնական նպատակները հայության ոչնչացումն ու Արևմտյան Հայաստանի, Օսմանյան կայսրության հայաշատ բնակավայրերի հայաթափումն էին։
Տեղեկատվական վակուումի պայմաններում արագորեն իրականացվում էր հայրենազրկման հայաջինջ ծրագիրը։ Բուն Արևմտյան Հայաստանում կյանքը կարծես կանգ էր առել, և բնական էր, որ հաստատված գրաքննության աչալուրջ հայացքի ներքո անհնար էր արդեն միայն մայրաքաղաք Կ. Պոլսում հրատարակվող հայկական (և ոչ միայն) թերթերի էջերում անդրադառնալ հայերի հանդեպ իրականացվող եղեռնագործությանը։ Առավելապես օտարերկրյա լրատվական գործակալությունների, բարի կամքի տեր դեսպանների, հյուպատոսների և ցեղասպանության մսաղացից մազապուրծ վերապրողների շնորհիվ էին մամուլի հայկական ու օտարալեզու օրգանները տեղեկանում և իրենց լսարաններին տեղեկացնում մեր ժողովրդի հետ կատարվածի մասին՝ ձևավորելով համապատասխան հասարակական կարծիք։
Հայոց պետականության բացակայության պայմաններում խնդրո առարկա ժամանակահատվածում Ռուսական կայսրության մեջ գտնվող Թիֆլիս քաղաքում կենտրոնացած հայության մտավոր սերուցքը փորձում էր ինչ-որ կերպ աջակցել փախստականներին ու այդ նպատակի շուրջ համախմբել կարող ուժերին։ Այս գործում առանձնահատուկ դեր էր խաղում պարբերական մամուլը` ընթերցողների հոծ բանակով։ Տեղին է մեջբերել պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանի հետևյալ դիտարկումն այս առիթով. «Սխալված չենք լինի, եթե նշենք, որ 1915 թվականի հայալեզու մամուլի նյութերը տեղեկատվական մի հսկայական շտեմարան են, որոնք արխիվային վավերագրերի հետ մեկտեղ հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն։ Այլ աղբյուրների և ուսումնասիրությունների հետ հայալեզու մամուլի նյութերը համադրելու պարագայում հեշտությամբ կարելի է վերականգնել 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցավոր քաղաքականության ամբողջ պատկերն ու ժամանակագրությունը, անշուշտ՝ հաշվի առնելով մամուլի նյութերի ամսաթվերի՝ հին տոմարով լինելու հանգամանքը» ։
Թիֆլիսի «Մշակ» օրաթերթն առաջիններից մեկն էր, որ տեղեկացրեց թուրքական իշխանությունների կողմից իրականացվող արևմտահայերի կոտորածի մասին։ Պարբերականը դրան անդրադարձել է բազմակողմանիորեն։ Խմբագրակազմը կարողանում էր ամբողջականորեն արձագանքել հայության կոտորածներին՝ անաչառությամբ և ժամանակի թույլ տված օպերատիվության սահմաններում լուսաբանելով դեպքերի ընթացքը։ Բազմաթիվ հրապարակումներում անթաքույց արտահայտված է «Մշակի» խմբագրակազմի այն՝ ինչ-որ առումով ոչ քաղաքական ու ռոմանտիկական կարծիքը, որի համաձայն՝ Ռուսական կայսրությունն իր զորքով և հայ կամավորականների հետ ամեն միջոց գործադրել է Արևմտյան Հայաստանը կործանումից ու արևմտահայությանը բնաջնջումից փրկելու համար, սակայն անկարելի է եղել անհնարինը հնարավոր դարձնել ։ Այսինքն՝ Առաջին աշխարհամարտում Ռուսական կայսրությունը ներգրավվել էր առավելապես հենց այս պատճառով և ոչ թե իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով։
Իբրև ասվածի վկայություն պարբերականը հիշատակում էր նաև թուրքական կառավարությանն ուղարկված՝ Ռուսաստանի և դաշնակիցներ Անգլիայի ու Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, որով նրանք դատապարտում էին հայության կոտորածները որպես մարդկության դեմ ուղղված ոճիր, ինչի պատասխանատվությունը դնում էին իշխող կաբինետի բոլոր անդամների վրա ։ 1915 թ. դեկտեմբերի 27-ի խմբագրականում Հ. Առաքելյանը հիշեցնում էր, որ Ռուսաստանը և եվրոպական երկրներն այդպես էլ կյանքի չէին կոչել Պետրոս Մեծի ու Եկատերինա թագուհու այն ծրագիրը, որով պետք է ստեղծվեր Թուրքիայի ավերածությունները և ջարդերը կանխող պատվարի դեր կատարող հայկական պետություն ։ «Մշակը» տպագրել էր անգլիական պառլամենտում լորդ Բրայսի ելույթը, և դրա շուրջ խորհրդածություններով էր հանդես եկել թերթի խմբագիրը ։ «Գլադստօնից յետոյ սա առաջին անգամն է, որ անգլիական մի պետական անձն այսպէս անվերապահութեամբ խօսում է յօգուտ Հայաստանի և հայերի և խոստովանում է, որ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը բարոյապէս և իրաւագիտապէս պարտական են լուծել Հայկական հարցը և վերջ տալ մի բազմաչարչար ժողովրդի մարտիրոսագրութեանը» ,- կարդում ենք թերթում։ Պարբերականը գրում էր, որ հայությանը պատած հուսահատությունից հետո լորդ Բրայսի ճառը, որում նա նորից բարձրացնում էր արդեն «թաղված» համարվող Հայաստանի ինքնավարության հարցը, կարծես հույս, հավատ էր ներշնչում և մխիթարում արևմտահայությանը, «եթէ միայն նրանք այժմ որևէ բանով կարող են մխիթարվել» ։ Հ. Առաքելյանը հիշեցնում էր դեռևս 1913 թ. գարնանն Արևմտյան Հայաստանում շրջագայած և հոդվածաշարը «Մշակ» թերթում տպագրած Տ. Օլգենինի «Անհետացող Հայաստան» խորագիրը. «Չարագուշակ այդ մարգարէութիւնը այսօր կատարված իրողութիւն է… Այսօր այլևս ոչ մի կասկած չունենք, որ անհետացող Հայաստանը արդէն անհետացել է։ Հայաստանը ջնջված… Սոսկալի է արտասանել այս բառերը, բայց որքան և սոսկալի լինի, դա կատարված իրողութիւն է» ։ Պարբերականը նաև փաստում էր, թե Արևմտյան Հայաստանը դարձել էր ավարառության, հրկիզության և կոտորածների դաշտավայր, իսկ հայ ժողովուրդը «Թիւրքաց Հայաստանում բնաջինջ լինելու իրողութեանն է դատապարտված, եթէ ռուսական զէնքը յաղթող չը հանդիսանայ» ։
«Մշակը» առաջարկում էր չհուսահատվել և ազգովի միաբանվել ։ Սրանք խմբագրակազմի առաջարկներն էին, որոնք, ինչպես թերթն էր վկայում իր վերլուծականներում և առաջնորդող հոդվածներում, մնացել էին «ձայն բարբառոյ յանապատի» ։ Պարբերականն արձանագրում էր, որ ազգային մեծ աղետի առաջ հայ ժողովուրդն այդպես էլ չէր մեկտեղել համընդհանուր ջանքերը. «Փոքրոգի ազգ լինելով՝ մենք չը կարողացանք մեր կուսակցական շահերը զոհել ընդհանուր ազգային շահերին և գլուխ բերել ազգային ընդհանուր միութեան գործը» ։
Տարագիր արևմտահայերի դրության, տեղաբաշխման, նրանց համար իրականացվող օգնության զանազան ծրագրերի մասին լուրերը, թղթակցությունները, ռեպորտաժներն սկսեցին ավելի հաճախադեպ դառնալ «Մշակի» էջերում՝ արդեն 1915 թ. օգոստոսի առաջին տասնօրյակից սկսած, իսկ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակից չի եղել թերթի որևէ համար, որում այդ թեմաներին անդրադարձ չլիներ, ընդ որում, դրանց կցվում էին վերլուծականներ և նկատվող թերություններն ու բացերը վերացնելուն ուղղված խորհուրդներ։
Իրենց կարևորությամբ կարելի է առանձնացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և անձամբ Գևորգ V Սուրենյանցի նախաձեռնությամբ սկսված աջակցության ծրագրերի ընթացքը, Էջմիածնի գլխավոր կարգադրիչ հանձնաժողովի, Հայ նպաստամատույց ընկերության, Թիֆլիսում աշխատող Կովկասյան և Հայկական կենտրոնական կոմիտեի, Կովկասի հայոց բարեգործական ընկերության ծավալած ազգափրկիչ գործունեությունը լուսաբանող հոդվածներն ու թղթակցությունները։ Դրանք հիմնականում զետեղված էին «Փախստականների վիճակը», «Հօգուտ հայ փախստականների», «Հրատապ սփոփանք Մայր-հայաստանցիներին», «Հայ գաղթականների դրությունը», «Որբերի համար», «Գաղթականների վիճակը» խորագրերի ներքո։
Նկատելի է այն, որ սկզբնական շրջանում տարագիր հայերի կարգավիճակը դիտարկվում էր՝ նկատի առնելով Առաջին աշխարհամարտի հետևանքով հայրենի բնակավայրերը ժամանակավորապես լքած մարդկանց, իսկ արդեն 1915 թ. ապրիլի վերջից կամ մայիսի սկզբից նրանց փախուստը կամ գաղթը և խնդիրները «Մշակի» հրապարակումներում ներկայացվում էին արդեն թուրքական ցեղասպանական գործողությունների ծիրում։ Գաղթականների կենսապահովման և կյանքի փրկության խնդիրն էր առաջնահերթ թերթի աշխատակիցների, Թիֆլիսում և այլուր կենտրոնացած հայկական կառույցների և ընդհանրապես աշխարհասփյուռ հայության համար։ «Ժամանակակից հայ կեանքի իրականութեան մէջ ամենահրատապ հարցը հայ փախստական-գաղթականների հարցն է» ,- գրում էր «Մշակը»:
Թերթը լուսաբանել է բարեսիրական ծրագրերի ընթացքը, դրանց համատեղման, մեկ ընդհանուր մարմնի կողմից կառավարման աշխատանքները, առաջացած դժվարությունները։ Այդ առումով առանձնահատուկ ընդգծվել է 1915 թ. մարտի 1-3-ը կաթողիկոսի հանձնարարությամբ Էջմիածնում տեղի ունեցած համաժողովը, որտեղ հայ փախստականների օգնության գործի կազմակերպումը դրվել էր «րացիօնալ» հիմքերի վրա , մշակվել, վերջնական տեսքի էր բերվել և հաստատվել նրանց օգնելու ծրագիրը, ինչպես նաև ձևավորվել էր Գևորգ V Սուրենյանցի անմիջական ղեկավարության ներքո ստեղծված «Եղբայրական օգնության» գլխավոր կարգադրիչ կամ կենտրոնական հանձնաժողովը ։ Այն հոգևորական (4) և աշխարհիկ (8) ներկայացուցիչների միջոցով իր ձեռքում էր կենտրոնացնելու այդ աշխատանքների ընդհանուր ղեկավարությունը, թեև Կովկասի հայ բարեգործական ընկերությունը և նրան կից Հայկական կենտրոնական կոմիտեն ու Հայ գյուղատնտեսական և տնայնագործական ընկերությունն իրենց ազատ էին համարել նվերներ ստանալու և բաժանելու հարցում, ինչը մնացած բարեգործականների կողմից չէր ողջունվել :
«Մշակը» բավական մանրամասն է ներկայացրել «Եղբայրական օգնության» գլխավոր կարգադրիչ կամ կենտրոնական հանձնաժողովի նիստերը, որոշումները, ծավալած գործունեության արդյունքները և ֆինանսական հաշվետվությունները։ Այս առումով բավական է հիշատակել, ասենք, «Էջմիածնի համագումարը փախստականների մասին» եռամաս թղթակցությունը, որում արտացոլված են բարեսիրական հայկական տարբեր կազմակերպությունների սերը տարագիրների և գործուն մտահոգությունը նրանց ճակատագրի ու խնդիրների շուրջ : Բացի այդ՝ կոպեկ-կոպեկ նշված էր, թե ինչի վրա էին ծախսվել հանգանակված կամ իբրև նվիրատվություն ստացված դրամական միջոցները , ինչն ապահովում էր կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը և մեծացնում հասարակության ու Ռուսական կայսրության պետական կառույցների վստահությունը նրանց աշխատանքի նկատմամբ։ Այդ թղթակցության մեջ բերված էին տվյալներ հայ գաղթականների թվի, տեղաբաշխման վայրերի, ստացած և առաջիկայում նախատեսված աջակցության տեսակի ու ծավալների մասին։ «Մշակը» իր հրապարակումների միջոցով օրըստօրե կարծես ամբողջական տեղեկատվություն է տվել արևմտահայերի կոտորածների ու տեղահանության, ջարդերից փրկված բեկորների սփռման աշխարհագրության, տարագիրների տեղաբաշխման, նրանց համար իրականացվող բազմազան ծրագրերի մասին։ Եթե այլ պարբերականներ տարբեր կերպ չներկայացնեին այդ ամենը, միայն «Մշակը» բավական կլիներ, որ այսօր մենք ամբողջական պատկերացում կազմեինք հիշյալ խնդիրների վերաբերյալ։ 1915 թ. տարեվերջյան համարում, ամփոփելով կատարած աշխատանքը, թերթը փաստում էր, որ միայն տեսականորեն չէր ծառայել հայ ժողովրդին, այլ դա արել էր նաև գործնականորեն : Թերթի խմբագրությունը հանուն հայ փախստականների հիմնել էր ընկերություններ ու հանձնաժողովներ, կատարել հանգանակություններ, կազմակերպել ուղևորություններ և այցելություններ, մասնակցել փախստականներին օժանդակելու նպատակներ հետապնդող ձեռնարկների։ «Միայն յօգուտ փախստականների՝ «Մշակը» կարողացաւ հանգանակել մօտ 83000 րուբլի, բացի յօգուտ կամաւորների ստացված գումարից, որ հասաւ մօտ 50000 ր. գումարի» ,- կարդում ենք տարեվերջյան առաջնորդողում։ Պարբերականը գրում էր, որ աշխատել էր «Խոսքի հետ գործ» նշանաբանով ։ «Մշակը» շնորհակալություն էր հայտնում իր բոլոր աշխատակիցներին ու վստահեցնում նրանց. «Քաջ իմացէք, որ ապագայ սերունդները, պատմութիւնը գնահատելու են ձեզ։ Մի՛ մոռացէք, որ հունձը շատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Վերսկսենք քաշել մեր լուծը, ծանր, բայց քաղցր լուծը վաղվանից՝ 1916 թ. ևս» ։
Ամփոփելով կարող ենք եզրակացնել հետևյալը։
• «Մշակն» իր ուրույն տեղն ունի հայ մամուլի պատմության մեջ և ազգային կյանքում։ Հրատարակման բոլոր շրջափուլերում այն ներկայացրել է համայն հայությանը հուզող թնջուկներն ու դրանցից ձերբազատվելու սեփական պատկերացումները։
• Օրաթերթը վերածվել էր առաջադիմության և լուսավորության համազգային կենտրոնի։
• Հրատարակության տարիներին պարբերականը նպաստել է տարբեր ոլորտներում նկատվող թերությունների և բացերի վերացմանն ու առաջընթացին, հայոց մտավոր ներուժի համախմբմանը համահայկական հիմնախնդիրների լուծման գործում։
• «Մշակը» անդրադարձել է Հայկական հարցի զարգացումներին, դիվանագիտական խաղերին՝ ոչ միայն արձագանքելով հայության նկատմամբ իրականացվող տարաբնույթ եղեռնագործություններին, այլև արժևորելով 1918 թ. մայիսյան հերոսամարտերը։ Թերթի խմբագրակազմը համոզված էր, որ Սարդարապատում կանգնեցվել էր թուրքական զորքերի անկասելի թվացող առաջխաղացումը։ Չէ՞ որ 1918 թ. հունվարից անցնելով հակահարձակման՝ թշնամու զինված ուժերն անընդհատ առաջ էին շարժվել, գրավել էին ու կոտորել՝ առաջացնելով խուճապ։ Ըստ թերթի հրապարակումների՝ Սարդարապատում հայ ժողովուրդն ապացուցել է, որ թուրքերն ամենևին անպարտելի չէին, որ միավորվելու, իր առջև հաղթելու նպատակը դնելու դեպքում կարող էր պարտության մատնել թշնամու զորքին։
• Չպետք է մոռանալ, որ Սարդարապատից հետո թուրքական ռազմաքաղաքական իշխանությունները բանակցությունների մեջ էին մտել Բաթումում գտնվող հայկական պատվիրակության հետ, իսկ 1918 թ. հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով ստիպված էին ճանաչել Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հաղթանակները նպաստել են Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրմանը։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում գրանցած հաղթանակներով հայ ժողովուրդը ստիպեց թուրքական իշխանություններին հաշվի նստել իր շահերի հետ։ Այս ամենն արտացոլված է նաև «Մշակի» էջերում նրա հրատարակության բոլոր փուլերում։
Մարիամ Հովսեփյան
ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու