Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ` 2015թ. հունվարի 29-ից կյանքի կոչվեց www.armeniangenocide100.org կայքը՝ տարբեր բովանդակալի բաժիններով: Դրանցից էր «Այս օրը 100 տարի առաջ» բաժինը, որտեղ թերևս առաջին անգամ փորձ արվեց մեկտեղել հայալեզու ու օտար մամուլում 1915-ին լույս տեսած հոդվածները: Հետազոտությունն արդեն պատշաճ գիտական մակարդակով հրատարակվել է առանձին ժողովածուով, որն էապես հեշտացնում է Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերով զբաղվող հետազոտողների գործը:
Yerkir.am զրուցել է վերնշյալ հսկայածավալ աշխատանքով զբաղվող մասնագիտական խմբի անդամների՝ Գայանե Մանուկյանի (ծրագրի համակարգող, գլխավոր խմբագիր), Արմեն Մարուքյանի (խմբագիր), Ժիրայր Պէօճեքեանի (փորձագետ, խմբագիր), Անի Ոսկանյանի (խմբագիր) և Մարիամ Հովսեփյանի (փորձագետ) հետ:
- Այս ուսումնասիրությամբ նպատակ դրվեց ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1915թ. մամուլի արձագանքը` յուրատեսակ օրացույց, որը օր առ օր ներկայացնում է, թե ինչ էր գրում ոչ միայն հայկական, այլև օտար մամուլը հայերի ծայրահեղ ծանր դրության մասին: Հարկ է ընդգծել, որ, չնայած արմատավորված կարծիքին, 1915թ. մամուլի էջերում տեղ են գտել նյութեր ոչ միայն հայերի զանգվածային սպանությունների, այլև ինքնապաշտպանական մարտերի, գաղթականությանն օգնություն կազմակերպելու և մի շարք այլ կարևոր թեմաների մասին:
Մամուլի այս նյութերը հիրավի ունեն սկզբնաղբյուրի նշանակություն, և դրանցով հնարավոր է նաև վերականգնել Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Այս նյութերի մի մասը կա՛մ քիչ հայտնի են, կա՛մ էլ առաջին անգամ են դրվում շրջանառության մեջ: Նյութերը քաղված են բացառապես բնագրերից: Անշուշտ, հետազոտական խումբը հեռու է այն մտքից, որ հնարավոր է մեկտեղել 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր, հատկապես` օտար մամուլի նյութերը, հասկանալի է, որ դրանց մի մասը դեռևս հասանելի չէ:
Առիթից օգտվելով՝ մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակին, Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի և Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» օրաթերթի խմբագրակազմերին, որոնք անմիջապես արձագանքեցին մեր խնդրանքին և ցուցաբերեցին իրենց օժանդակությունը: Որոշ դեպքերում, դժբախտաբար, արձագանք չեղավ: Բազմաթիվ երկրներում հայկական տեղական կազմակերպությունները կամ անհատ մտավորականները մամուլի արձագանքի հավաքածուներ են կազմել։ Մենք նրանց աշխատանքից էլ ենք օգտվում: Նշենք, որ մեր այս աշխատանքի մեջ մեծագույն բացն արաբական մամուլն է։ Մի կողմից` արաբական մի շարք երկրներում քաղաքական իրավիճակը, մյուս կողմից` օրվա թերթերի էլեկտրոնային տարբերակների պաշտոնական վաճառքի բարձր սակագները պատճառ դարձան, որ այս հանգրվանում արաբական մամուլը բացակայի այս հավաքածուից։
Ամենօրյա հրապարակումներում կարելի է հանդիպել Արշակ Վռամյանի, Արամի, Անդրանիկի և շատ ու շատ ուրիշ երախտավորների հոդվածներն ու կոչերը, դիտարկումները, որոնք ոչ միայն ներկայացնում են օրվա իրավիճակը, այլև, կարծես, տարբեր պատմական փաստերի հիման վրա արդեն տեղի ունեցած դեպքերի վերլուծություններն են: Հաճախ թերթերում հանդիպում ենք Օսմանյան իշխանությունների կողմից սպանված նվիրյալ հայորդիների վերջին հոդվածները, նաև ազգային-քաղաքկան այնպիսի գործիչների՝ Ռուբենի, Զաբել Եսայանի, Սիմոն Վրացյանի, Լիպարիտ Նազարյանցի, Շավարշ Սիսաքյանի, Վահագն Քրմոյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց թղթակցությունները: Հարկ է նշել, որ աշխատությունն ունի դաստիարակչական կողմ, այն մեր եղեռնազարկ մտավորական փաղանգի մտքի շտեմարան է, այն ոչ միայն օգտակար է պատմաբանների, այլև լրագրողների, խմբագիրների համար: Ցեղասպանությունից տարիներ հետո ուսումնասիրելով փաստաթղթերը, ի մի բերելով դեպքերը և վկայությունները, հնարավոր եղավ ուրվագծել Ցեղասպանության ողջ պատկերն ու փուլերը:
Այն ուսուցողական է յուրաքանչյուր քաղաքացու համար. շուրջ 100 տարի առաջ հրապարակված մամուլի էջերից մեզ են փոխանցվում մեր ժողովրդի նվիրյալների գործունեության, նվիրաբերումի օրագրություններ, նրանք են` Արամ Մանուկյան, Վռամյան, Վանա Իշխան, Ակնունի… Անբացատրելի հուզումով թերթում էինք Վանի ինքնապաշտպանության օրերին Վանում հրատարակված «Աշխատանք» թերթը, որը ոչ միայն փոխանցում է տեղի ունեցածը, այլև հայրենասիրական ոգին… Ըստ էության` այս բաժինը 1915թ. մամուլի նյութերի շտեմարան ստեղծելու առաջին համարձակ փորձն է:
Հույս ունենք, որ այս աշխատանքները այս ամենով չեն սահմանափակվի երկու առումով: Նախ` Հայոց ցեղասպանությանը անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով։ Ցեղասպանության գործընթացը և Ցեղասպանության հետևանքները շարունակվել են հաջորդող տարիներին, և արժե այդ մասին տեղեկությունները կենտրոնացնել։ Ցեղասպանության հետևանք էին նաև սփյուռքյան գաղութները, հետևաբար արժե այդ հանգրվանի մասին վկայություններն ու տեղական մամուլի արձագանքը հավաքել։ Ի վերջո, այս բոլորը մաս են կազմում մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի պատմության, անմիջականորեն առնչություն ունեն մերօրյա Հայաստանին հետ ու պայմանավորում են հայ ժողովրդի ներկան, այսինքն` նրա հայաստանաբնակ ու սփյուռքաբնակ հատվածների փոխներգործությունը։