Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1804 թ. Անգլիայում հիմնադրված քրիստոնեական հրատարակչական կազմակերպություն B.F.B.S.-ն իր The Bible in the World տեղեկագրում տեղեկություններ էր ներկայացնում թե՛ համայն աշխարհով մեկ իր ներկայացուցիչների գործունեության և թե՛ տվյալ երկրներում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Տեղեկագրի` 1916 թ. հունվար ամսին հրատարակված համարում տեղ գտած լուրում ներկայացված է Մուսա լեռան շուրջ 5 հազար հայ բնակիչների դրաման: Այդ մասին պոլսահայ Hyetert կայքէջում գրում է Բուղրա Փոյրազը:
Հրապարակման հեղինակը նշում է, որ, այդ աղբյուրի համաձայն, Անթաքիայի նահանգապետը տվյալ շրջանի 6 հայկական գյուղերի բնակիչներին հրամայել է տեղահանությանը նախապատրաստվել յոթ օրվա ընթացքում, սակայն տեղի հայերը, քաջ գիտակցելով, թե իրականում ինչ նպատակ ուներ այդ աքսորը, որոշում են դիմադրել: Նրանք այդ նպատակով զինված բարձրանում են Մուսա լեռը: Մուսալեռցի հայերը 6 շաբաթ զինված դիմադրություն են ցուցաբերում: Այդ ընթացքում Անթաքիան գտնվում էր թուրք զինվորների և զինված հրոսակախմբերի հսկողության տակ: Ի վերջո, հորիզոնում երևում են ֆրանսիական ռազմանավերը, որոնք շուրջ 1000 հայ տղամարդու, 3000 կնոջ ու երեխայի 1915 թ. սեպտեմբերի 14-ին հասցնում են Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստը:
Ոչ մի իր չունեցող հայ գաղթականները Եգիպտոսի իշխանությունների կողմից վերաբնակեցվում են 500 վրանից բաղկացած ճամբարում: B.F.B.S. կազմակերպության` Եգիպտոսում գտնվող մասնաճյուղի աշխատակիցներն աջակցում են այդ հայերին, նաև անվճար Սուրբ գրքեր բաժանում նրանց: Կազմակերպության ներկայացուցիչները տեղի հայկական եկեղեցում, օգտագործելու նպատակով, Ավետարան են տրամադրում հայ քահանային, որի լուսանկարը կցված է հրապարակմանը:
Թարգմանեց` Մելինե Անումյանը