կարևոր
6415 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-01 17:58
Քաղաքական

«Նեմեսիս» գործողության ձեռնարկների արձագանքը պոլսահայ պարբերականների էջերում (1920-1922 թթ․)

«Նեմեսիս» գործողության ձեռնարկների արձագանքը պոլսահայ պարբերականների էջերում (1920-1922 թթ․)

Հայկական հարցի և հայոց պետականության պատմության մեջ ուրույն տեղ են գրավում 1920-1922 թվականների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ճակատագրական դեր են ունեցել հայ ժողովրդի հետագա պատմական ողջ ընթացքի վրա։ Սկսած Սևրի պայմանագրից, թուրք-հայկական պատերազմից, Հայաստանի բռնի խորհրդայնացումից մինչև Փետրվարյան ապստամբություն՝ այս ամենի համատեքստում էր նաև 1919 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում «Նեմեսիս» պատժիչ գործողության մասին որոշման ընդունումն ու դրա իրականացմանը ձեռնամուխ լինելը։ Մեր այս հոդվածով փորձելու ենք ամփոփ ներկայացնել, թե ինչպիսին էր այդ գործողությունների արձագանքը պոլսահայ պարբերականների էջերում, և հատկապես ինչպիսին է եղել ձեռնարկների հասարակական հնչեղությունը։ Մեր ուսումնասիրության շրջանակից դուրս կմնան այդ ծրագրի մանրամասները, քանի որ «Նեմեսիս» գործողության մասին մեզանում և սփյուռքում գրվել են բազմաթիվ վերլուծական հոդվածներ, աշխատություններ, հուշագրություններ։

Պետք է փաստել, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումը, դաշնակցական հայտնի և այդ գործողության մեջ ընդգրկված գործիչների նկատմամբ սկսված հալածանքները, նրանց մի մասի պարտադրված արտագաղթն օտար երկրներ և քաղաքական իրողությունների փոփոխությունը մեծապես խանգարում են «Նեմեսիսի» իրագործմանը։ Այն մնում է անավարտ։

Անհրաժեշտ է նշել, որ խնդրո առարկա ժամանակահատվածում պոլսահայ բարձր վարկանիշ ունեցած կոնկրետ երեք օրաթերթերի (ՀՅԴ ոչ պաշտոնական օրգան «Ճակատամարտը», ռամկավարների ոչ պաշտոնական խոսափող «Ժողովուրդի ձայնը-Ժամանակը», չեզոք պարբերական «Վերջին լուրը») նյութերի քննական վերլուծությունը մեզ թույլ է տալիս հանգելու այն եզրակացությանը, որ այդ պարբերականների աշխատակիցներն ու ընթերցողների լսարանը գրեթե անտարբերությամբ է կարդացել մեկ այլ դավաճանի՝ Վահե Իհսանի սպանության լուրը։ Չկա որևէ արձագանք կամ վերլուծական հոդված դրա կապակցությամբ։ Միայն «Ճակատամարտի» համարներից երկուսում «Ընթացիկ կյանք» խորագրի ներքո փոքրիկ լուրեր են տպագրվել այդ ձեռնարկի մասին, որոնցում այն չի դիտարկվել իբրև վրեժխնդրության արտահայտություն, այլ ներկայացվել է որպես ընթացիկ տեղեկատվություն, թեև այս ձեռնարկը հատուցման գործողություների առաջին դրվագների շարքում էր։ Այդ անձնավորության սպանության հաջորդ օրը «Ճակատամարտը» գրում է․ «Երէկ առտու ժամը ութի ատենները Բերա, Թարլա Պաչի պօղոտայէն անցած ժամանակ, անծանօթի մը կողմէ սպաննուած է Վահէ Իհսան անուն անձ մը։ Սպաննիչը չէ ձերբակալուած»։ Թերթի հաջորդ համարում նույն թեմայի վերաբերյալ ծաղկաքաղ էր արված մայրաքաղաքի թուրքական թերթերից: Թուրք լրագրողներն առաջ էին քաշում այդ սպանությունը կատարելու հարցում վրեժխնդրության վարկածը, ինչը «Ճակատամարտը» ոչ հաստատում էր, ոչ՝ հերքում։ Հիշյալ թուրքական թերթերից մեկը նշում էր, որ Վահե Եսայանի կամ Իհսանի սպանության՝ «վրէժխնդրական արարք մը ըլլալը կը հաստատուի անով, որ սպաննուածը գէշ համբաւ կը վայելէր պատերազմի շրջանին և իր պաշտօնն ու ազդեցութիւնը չարաչար գործածած էր՝ մեծ վնաս հասցնելով իր հայ հայրենակիցներուն»։ Թուրքական մեկ այլ թերթ կառավարության լրտես էր համարում Իհսանին, որն իբրև այդպիսին «նուազ համակրութիւն կը վայելեր»։

Վերոնշյալ պոլսահայ պարբերականների էջերում Վահե Իհսանի սպանության լուրի հպանցիկ անդրադարձը և միևնույն ժամանակ հայոց ցեղասպանության պատճառահետևանքային կապերի վերհանմանը նվիրված բազմաթիվ հրապարակումները կարծես ցույց էին տալիս, որ տվյալ պարագայում Մեծ եղեռնը հայ հասարակությունը դավաճանների գործելակերպով չէր պայմանավորում, այլ հասկանում էր, որ արևմտահայերի տեղահանությունն ու ջարդերը նախապես ծրագրված էին եղել թուրքական իշխանությունների կողմից։

Այս առումով բոլորովին այլ էր այդ օրաթերթերի վերաբերմունքը Սայիդ Հալիմի և Մեհմեդ Թալեաթի ու հայոց ցեղասպանության մնացած կազմակերպիչների սպանությունների նկատմամբ։ Այս կապակցությամբ կարևոր մի քանի հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։

-Թե´ Վահե Իհսանի, թե´ Սայիդ Հալիմի, թե´ Մեհմեդ Թալեաթի սպանությունների մասին գրելիս կամ թուրքական ու արտասահմանյան մամուլի օրգաններից թարգմանաբար նյութեր տպագրելիս «Ճակատամարտը», «Ժողովուրդի ձայնը-Ժամանակը», «Վերջին լուրը» թեև արտահայտում էին զուտ իրենց խմբագրությունների կամ համակիրների կարծիքն ու մոտեցումները, բայց դրանք ներկայացնում էին որպես ողջ հայության տեսակետներ, քանի որ այդ մարդասպան ձեռնարկներն անմիջականորեն կապված էին Հայոց ցեղասպանության կազմակերպման, ծրագրման և իրագործման հետ։

-Պարբերականների հեղինակների մտքով հավանաբար չէր անցնում (բացառությամբ «Ճակատամարտի»), որ այդ սպանությունները կատարվում էին «Նեմեսիս» գործողության շրջանակում, և ամենևին պատահական չէին ընտրված զոհերը։

-Երեք օրաթերթն էլ միակարծիք էին այն հարցում, որ Սայիդ Հալիմի և Մեհմեդ Թալեաթի սպանությունները իրականացնող անձինք անմեղ էին, որ նրանք, ըստ էության, ի կատար էին ածել 1918 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Մուդրոսի զինադադարից հետո օսմանյան ռազմական դատարանի կողմից երիտթուրքական պարագլուխների համար կայացված մահվան դատավճիռները։

Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Վահե Իհսանի սպանության մասին լուրերում վերոհիշյալ պարբերականները չէին անդրադառնում նրան գնդակահարողի ազգային պատկանելության հարցին, այնինչ Սայիդ Հալիմի և Մեհմեդ Թալեաթի սպանությունների դեպքում արդեն պարբերաբար շեշտվում էր նրանց սպանողների հայ լինելու հանգամանքը։

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Թալեաթ փաշայի գնդակահարությունն արդեն բացում է գրեթե բոլոր խաղաքարտերը, քանի որ նրան սպանող Սողոմոն Թեհլիրյանը ձերբակալվում և դատարանի կողմից արդարացվում է։

«Ժողովուրդի ձայնը-Ժամանակ» օրաթերթի հոդվածի վերնագիրն է շատ խոսուն՝ «Վրիժառուն»։ Այս սեփական թղթակցության մեջ նշվում էր, որ աշխարհը սահմռկեցնող սարսափազդու ոճիրը՝ հայոց Մեծ եղեռնը, անպատիժ չէր մնացել․ «Թալէաթ ոչ ևս է։ Ան, որ հազարաւոր անմեղներու արիւնը թափելով չէր յափրացած և իր թաքստոցին մէջ նորանոր դժոխային ծրագիրներ յղանալու ետեւէ էր, ինկաւ վրիժառու հայ գնդակին տակ»։ Լրագրողը պնդում էր, որ Թեհլիրյանը լուծել էր հազարավոր անթաղ մնացած իր հայրենակիցների անտեղի սպանության վրեժը, մեջբերում էր հարցաքննության ժամանակ նրա ասած խոսքերն՝ ուղղած հարցաքննող ոստիկաններին․ «Ես կատարեցի իմ պարտականութիւնը, ինծի համար միեւնոյնն է, եթէ նոյնիսկ ասկէ յետոյ գլուխս ալ կտրելու ըլլաք»։

«Վերջին լուր» պարբերականում Հովհաննես Ասպետը գրում էր․ «Երբ իմացա վայրագ տիքթաթորին սպանութիւնը, անմիջապէս խորհեցայ, որ շանթահարիչ ձեռքը միմիայն վշտահար հայու մը վրէժխնդիր ձեռքը կրնար ըլլալ»։ Նա վստահեցնում էր ընթերցողներին, որ Թալեաթի ոճրակից ընկերները շարունակ պետք է շրջվեին՝ «տեսնելու համար մօտենալը վերահաս Արդարութեան սուրին, որ մութին մէջ կը շողշողայ»։ Հեղինակը չէր անդրադարձել Սողոմոն Թեհլիրյանի կյանքին, քանի որ գտնում էր, թե այդ արդար պատժիչ ձեռնարկը ուրիշ հայեր նույնպես երազում էին ի կատար ածել։ Նա վկայակոչում էր ընկերոջ հետևյալ խոսքերը․ «Գաւառացի բարեկամ մը ունիմ, որուն բոլոր ազգականները տարագրուած ու մեռած են, միտքը դրած է Թալէաթը սպաննել, և կ’ընէ, որովհետև վիշտէն գրեթէ խենդի պէս եղած է»։

«Ճակատամարտ» օրաթերթը 1921 թվականի մարտի 18-ի համարում տպագրել էր Բեռլինից ստացած երկու հեռագիր, որոնցում մանրամասներ էին հաղորդվում Թալեաթի սպանության մասին: «Իր սպաննիչը հայ ուսանող մըն է՝ Սողոմոն Թէյլիրեան անունով, 24 տարեկան․․․Սպաննիչը չարաչար կերպով խոշտանգուեցաւ ամբոխին կողմէ։ Համառօտակի հարցաքննուելով՝ յայտարարեց․ «Թալէաթ փաշան սպաննեցի՝ վրէժը առնելու համար իմ ծնողքիս, որ սպաննուեցան իր հրամանովը․․․Պերլին եկած էի զայն սպաննելու վճռական դիտաւորութեամբ»,- կարդում ենք դրանցից մեկում։ Նույն համարում «Օրը օրին» խորագրի ներքո Երվանդ Օտյանը գրում էր, որ Թալեաթի կամ Էնվերի սպանությունները «վրէժխնդրական որևէ յագեցում չեն տար մեզի, գիտնալով հանդերձ, որ այդ երկու չարագործները պատասխանատուութեան մեծ բաժին մը ունեցած են հայաջինջ սարսափներուն մէջ․․․Մէկ միլիոնէ աւելի կիներու, մանուկներու եւ ծերերու բռնաբարումը, բնաջնջումը եւ սպանութիւնը, ամբողջ ժողովուրդի մը թալանն ու կողոպուտը վերագրել մէկ քանի տասնեակ արիւնարբու դիւահարներու և զանոնք պատժելով՝ արդարութիւնը գործադրուած նկատելը առնուազն ծիծաղելի պիտի ըլլար և բնաւ պիտի չհամապատասխանէր գործուած ահաւոր ոճիրին մեծութեան»։

«Ճակատամարտը» համամիտ էր ֆրանսիացի լրագրող Օգյուստ Կովեի արտահայտած մտքերի հետ, որոնք նա ներկայացրել էր ֆրանսիական թերթերից մեկում։ Նյութը թարգմանաբար տպագրվել էր «Ճակատամարտում»։ Հեղինակը գեղեցիկ մահ էր համարում Թալեաթի վախչանը, թեև կարծում էր, որ դա քիչ էր նրա համար։ Նա դա հիմնավորում էր հետևյալ կերպ․ «Թալէաթը մէկուկէս միլիոն հայերու բնաջնջման հրաման տուողն է։ Անտարակոյս, իբրև հաւանող և մեղսակից ունեցած է Իթթիհատի կառավարութեան և քօմիթէին միւս անդամները և գերման դեսպանատունը։ Առանձին չէր գործեր․․․Որոշած էր ջնջել հայկական խնդիրը կայսրութեան մէջէն՝ հայերը բնաջնջելով․․․Ան անձնատուր եղաւ համիսլամական և թուրանական քաղաքականութեան»։

Պոլսահայ վերոհիշյալ պարբերականները իրենց հրապարակումների մեջ տեղ էին հատկացրել նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը։ Դրանցում, բնականաբար, հավատ կար եվրոպական արդարադատության նկատմամբ։ Պարզ է, որ Թեհլիրյանի արդարացումը դատարանի կողմից և 1921 թվականի հունիսի 4-ին նրա ազատ արձակումը ցնծության առիթ էր ոչ միայն այս թերթերի խմբագրությունների աշխատակիցների, այլև աշխարհասփյուռ հայության համար։ Տեղին է մեջբերել հետևյալ հատվածը «Վերջին լուր» օրաթերթից․ «Մենք կը սպասէինք այս վճիռին, քանի որ․․․Թուրքիա գտնուող բազմաթիւ գերման սպաներ ու քաղաքացիներ աչքովնին տեսած էին անլուր խժդժութիւնները, և երբ զոհերէն մին, հրազէնը բարձրացնելով, իր կորսուած ընտանիքին վրէժը լուծեց ամբողջ ազգի մը ջարդարարէն, Պէրլինի դատաւորները չէին կրնար արդարութենէ շեղիլ՝ դատապարտելով Աստուծոյ կողմէ զինուած այդ մարդը, որ կուգար միջոցն ըլլալ թէ´ մարդկութեան և թէ´ իր կառավարութեան կողմէ վճռուած մահապարտի մը պատիժին գործադրութեան»։ Ընդ որում, հատկապես նշվում էր, որ Թալեաթը, թեև «մարդկութեան առջեւ արդէն դատապարտեալ մըն էր իբր հայոց մեծագոյն ոճրագործներէն մին», բայց նա նաև մահվան էր դատապարտվել Օսմանյան կայսրության դատարանի կողմից։

«Ճակատամարտ» օրաթերթում Սողոմոն Թեհլիրյանի դատավարության մասին առաջին թղթակցություններից մեկում նույնպես մեջբերել էին ընդհանուր դատախազի այն խոսքերը, թե «նոր թուրք կառավարութեան կողմէ Թալէաթ մահուան դատապարտուած էր»։ Տպագրել էին նաև դատավարության սղագրությունից կարևոր հատվածներ։ Դրանց մեջ կարևոր էր մասնավորապես Թեհլիրյանի պատասխանն այն հարցին, թե չգիտեի՞ր, որ գերմանական օրենքով արգելված է մարդասպանությունը։ Նա իրեն մեղավոր չէր համարել․ «Ես մարդասպան մը չեմ»։ Իսկ հայկական մամուլն ու հայ ժողովուրդը նրան առ այսօր հերոս է համարում, հերոս, ում նմանների շնորհիվ հայությունը գլխահակ չի կանգնում իրեն հայրենիքի մեծ մասից ժամանակավորապես զրկած, իր բազմահազար ազգակիցներին կոտորած թուրք հանրույթի առաջ։

Նման հայորդիների շարքում է նաև «Նեմեսիս» գործողության մեջ ընդգրկված անվեհեր վրիժառու Արշավիր Շիրակյանը։ 1920 թվականի մարտի 27-ին Կ․Պոլսում Վահե Իհսանին մահապատժի ենթարկելուց հետո նա 1921 թվականի դեկտեմբերի 5-ին գնդակահարում է Հռոմում թաքնվող Սայիդ Հալիմ փաշային։ «Վերջին լուրը» համառոտ ներկայացնելով թուրքական թերթերի տեսակետներն այս դեպքի առիթով՝ նաև իր կարծիքն էր հայտնում թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության մասին։ Այդ թերթերից մեկը գրում էր․ «Հալիմ փաշայի սպանութեամբ մէկ տարուան մէջ երկու եպարքոս վրէժխնդրութեան զոհ կ’երթան։ Նախկին եպարքոս Թալէաթ փաշայ ալ Պերլինի մէջ Թէհլիրեանի կողմէ նահատակուեցաւ, և գերման երդուեալները անպարտ արձակեցին զայն․․․Հայ մըն է սպաննիչը»։ Մեկ այլ թուրքական պարբերականից թարգմանված թղթակցության մեջ հայ վրիժառուներին մեղադրում էին արևմտահայերի տարագրությանը և ջարդերին իբրև թե անմասն մնացած Սայիդ Հալիմի սպանության համար։ Սպանված նախկին վարչապետի տղան՝ Հալիմ Սայիդը, թուրքական մամուլին հայտնել էր․«Անկասկած ոճրագործը հայ քօմիթէներուն մէկ գործիքն է։ Ոճիրէն անմիջապէս յետոյ հայերէն թերթերը կը պնդէին, որ Սայիտ Հալիմ տեղահանութեան և ջարդի մեղսակից է։ Իսկ յետոյ ելան գրեցին, թէ ասպարէզէ քաշուած եգիպտացի իշխան մը սպաննելու չափ անխելք հայ մը չի կրնար գտնուիլ։ Այս վիճակը ուշագրաւ է։ Հայ թերթերը մինչ առաջ հայրս կ’ամբաստանէին, որպէսզի ոճրագործը արդարացնեն, ետքը, երբ ան չի ձերբակալուեցաւ, սկսան գրել, թէ հայ չէ»։

«Վերջին լուրն» այս ամենին այսպես էր արձագանքում․ «Մենք ձանձրացանք պատասխանելէ թուրք թերթերու հակահայ հրատարակութեանց, որոնք կը թոյլատրուին զարմանալի մտայնութեամբ մը։ Ուրախ ենք մատնանշելով, թէ ի´նչպէս այսքան աղէտներէ ետք թուրք թերթերը կը համարձակին տակաւին պաշտպանել եւ արդարացնել տեղահանութեան եւ հետեւաբար ջարդի քաղաքականութիւնը»։ Համարներից մեկում թարգմանաբար տպագրել էր իտալական մամուլի անդրադարձը Սայիդ Հալիմի սպանությանը։ Դրանում վերլուծելով տեղի ունեցածը՝ եզրակացվում էր, թե սպանությունը «մանրամասնօրէն կազմակերպուած էր և չէր կրնար սեպւիլ անհատական արարք մը»։ Իտալացի լրագրողները կարծում էին, որ «իսկապէս ճարտարօրէն կատարուած մահափորձ մըն է ասիկա»։

Իր հերթին «Ժողովուրդի ձայնը-Ժամանակ» օրաթերթը, թարգմանաբար տպագրելով մայրաքաղաքի թուրքական թերթերի արձագանքը Սայիդ Հալիմի սպանությանը՝ առանց մեկնաբանության ներկայացնում էր դրանց տեսակետն առ այն, որ այդ ձեռնարկը «հայ գաղտնի ընկերութեան մը անդամներուն գործն է»։ Թուրքական թերթերը մտածում էին, որ «Էնվէր և Ճէմալ փաշաներն ալ այդ կերպով պիտի սպաննուին, ինչ-որ այդպիսի ընկերութեան մը գոյութիւնը իրապէս կ’ապացուցանէ»:

«Ճակատամարտ» օրաթերթը բավական հանգամանորեն էր լուսաբանել Սայիդ Հալիմի սպանության հանգամանքները՝ ասես փորձելով խճճել պատժիչ գործողությունը կատարած անձի փնտրտուքները։ Մեջբերում էր իտալական թերթերից մեկի հրապարակումից մեկ հատված, որում արվել էր «ենթադրութիւն մը, որ բաւական հիմնաւոր կը թուի, այն է, թէ Սաիտ Հալիմ փաշայի սպանութիւնը կազմակերպուած է Ժընէվի Հայ հայրենասէրներու կոմիտէին կողմէ»։ Հանդես էր գալիս նաև «մաղթանքով»․ «Մենք կը մաղթենք, որ գտնուի վերջապէս առաջնորդող թելը, որովհետեւ ոճրագործութիւնը, մանաւանդ իր քաղաքական հանգամանքով, պէտք չէ, որ անպատիժ մնայ»։

«Ճակատամարտը» ներկայացրել էր թուրքական շրջանակներում շրջանառվող «սև ցանկի» ոչ պաշտոնական վարկածը, որն արտահայտված էր թուրքական մամուլում մասնավորապես՝ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի կողմից Ջեմալ Ազմիի և Բեհաեդդին Շաքիրի սպանություններից հետո։ Թարգմանաբար տպագրված այդ թղթակցության մեջ թուրք լրագրողը, անդրադառնալով Թալեաթ և Սայիդ Հալիմ փաշաների, Բեհբութ խան Ջիվանշիրի սպանություններին, նշում էր․ «Այս ոճիրներուն շարունակութիւնը և յաջորդականութիւնը այլևս ոչ մէկ կասկած կը թողուն, թէ կազմակերպուած և կանոնաւոր ծրագրով մարմին մը գոյութիւն ունի։ Սաիտ փաշայի սպանութենէն ետք «Պոսֆօր» խօսած էր սեւ ցանկի մը մասին, որուն մէջ յիշուած էին նաեւ Պէհաէտտին Շաքիր և Ճէմալ Ազմի պէյերու անունները»։ Առաջարկում էր նաև ամեն կերպ նպաստել թուրքական պետության անկախությանը և անձեռնմխելիությանը, որպեսզի կարողանային դեմն առնել նախկին «անմեղ» բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ իրականացված «հանցագործությունների»։

«Ժողովուրդի ձայնը-Ժամանակ» օրաթերթը նույն սպանությունների առիթով նույնպես ներկայացնում էր թուրքական մամուլի օրգանների արձագանքը, որոնք Ջեմալ Ազմիին և մյուս սպանվածներին համարում էին նահատակներ, հայրենիքին ծառայած նվիրյալներ ու անմեղ զոհեր: Սպանությունը կատարած երկու անձանց, որոնք խույս էին տվել ոստիկանների հետապնդումից, հայ էին համարում թե´ թուրքական թերթերը, թե´ Բեռլինի ոստիկանությունը։ Հետաքրքիրն այն էր, որ ակամա ընդունում էին սպանվածների մեղավոր լինելը հայության առջև, գրելով, թե նրանք իբրև թե խաղաղության վերջնական պայմանագրի կնքվելուց հետո պետք է վերադառնային Կ․Պոլիս՝ «թուրք արդար դատարանի մը առջեւ տալու համար պատերազմի ընթացքին իրենց գործունէութեան հաշիւը»։

«Վերջին լուր» օրաթերթի սեփական թղթակիցը Բեռլինից մանրամասներ էր հաղորդում կատարվածի մասին՝ պատկերացում տալով հասարակական կարծիքի մասին, որի համաձայն՝ այս սպանության ձեռնարկները հայերի վրեժի արտահայտություն էին։ Մասնավորապես այդ թղթակցության մեջ կարդում ենք հետևյալը․ «Ոստիկանութիւնը և Պերլինի ամբողջ մամուլը միաձայնութեամբ կը յայտարարեն, որ ինչպէս ասկէ առաջ Թալէաթ, այս անգամ ալ անկասկած այս երկու թուրքերը վրիժառութեան զոհեր են, որովհետև ասոնք ալ հայկական տարագրութեանց և ջարդերու մէջ առաջնակարգ դեր մը կատարած են»։

1922 թվականի կեսին պոլսահայ պարբերականներն ավելի զգուշավոր էին դարձել երիտթուրքական պարագլուխների սպանությունների թեմային անդրադառնալիս։ Պատճառներն առավել քան հասկանալի էին։ Աշխարհաքաղաքական նոր հագամանքներն էին ստիպում աշխարհասփյուռ հայությանը, այդ թվում՝ Թուրքիայում դեռևս մնացած հայերին, ավելի չափավոր լինել իրենց քաղաքական պահանջների մեջ։ Թվարկենք այդ պատճառներից հիմնականները․ քեմալականների վերջնական հաղթանակ, Հայաստանի խորհրդայնացում և խորհրդային կայսրապետության կայացում, Հայկական հարցի լուծման հետ կապվող հույսերի նվազում։

Բնական էր այն ինքնապաշտպանական մղումը, որով պոլսահայ վերոնշյալ պարբերականները գրում էին 1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսում Ստեփան Ծաղիկյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից «Նեմեսիսի» զոհերից Ահմեդ Ջեմալի սպանության մասին։ Երեք օրաթերթն էլ դա վերագրում էին ոչ թե հայ վրիժառուներին, այլ խորհրդային իշխանությունների կողմից ուղարկված մարդասպաններին։ Այդ ժամանակահատվածում, ինչպես վկայում էին պարբերականների հրապարակումները, խորհրդային իշխանությունները պայքարում էին իրենց համաիսլամական ընդհանուր ընդվզման դեմ, և այդ ծիրում նաև Էնվեր ու Ջեմալ փաշաների գործունեությունն էր նրանց անհանգստացնում։ Ահա թե ինչ էր թարգմանաբար արտատպել Կ․Պոլսում հրատարակվող թուրքական թերթերից «Վերջին լուրը»․ «Շատ կարելի է, որ Ճէմալ սպաննուած ըլլայ Իսլամական միութեան թշնամի քօմիթէի անդամի մը կողմէ։ Կը թուի, թէ այդ քօմիթէն շատ կը վախնար, որ Ճէմալ Աֆղանիսթանի մէջ կը խաղայ այն դերը, զոր կը խաղայ Էնվէր Պուխարայի մէջ։ Եթէ այս լուրը ճիշդ է, սպաննիչին անձը բնաւ կարևորութիւն չունի։ Այս պարագային անիկա Սօվիէթներու մէկ գործիքն է միայն»։ Գրեթե նման եզրակացությամբ նյութ կար «Ժողովուրդի ձայնը-Ժամանակ» օրաթերթում։ «Ճակատամարտը» ևս համակարծիք էր․ «Կ’ըսուի, թէ Սօվիէթներու կողմէ մասնաւոր մարմին մը խիստ կերպով կը հետապնդէ համաթուրանականութեան առաջնորդները»։ Տպագրել էր նաև թուրքական թերթերի տեսակետներն այդ սպանության վերաբերյալ։ Ըստ թուրք լրագրողների կարծիքի՝ հայերն էին վրեժ լուծել Ահմեդ Ջեմալից․ «Գալով հայերէն թերթերուն՝ անոնք աւելի շատ կը զբաղին ոճրագործով և սպանութիւնը կը վերագրեն պոլշեւիկներուն։ Բացայայտ է, թէ ասիկա որքան անիմաստ է․․․Նկատելով, որ Իթթիհատի ղեկավարները մէկիկ-մէկիկ սպաննուած են հայերու կողմէ՝ կարելի է վճռել, որ Ճէմալ փաշա ևս զոհ եղած է հայերու ոխակալութեան և վրէժին»:

«Ժողովուրդի ձայնը-Ժամանակ» օրաթերթում թարգմանաբար թուրքական մամուլից մեջբերված հատվածներում բացահայտ սպառնալիք կար՝ ուղղված այդ սև շարքի շարունակվող ձեռնարկների հեղինակ հայ գաղափարական խմբակի անդամների և հանձինս նրանց՝ հայ ժողովրդի հասցեին։ Դրանցից մեկում կարդում ենք․ «Այս մահափորձերը նոր խմորումներ, նոր ջղաձգութիւններ, նոր պայքարներ պիտի հրաւիրեն․․․Այսպիսի քաղաքական ու ցեղային դէպքերու ուրիշ մէկ երեւոյթն ալ պէտք է նկատողութենէ չհեռացնել․ տրամաբանական է, որ ամէն գործ իր հակազդեցութիւնը կ’ունենայ։ Հետեւաբար վախ կայ, որ Պաքուի կամ Պերլինի մէջ մարդ սպաննողներուն պատիժը ուրիշ անմեղներ կրեն»։ Թուրք լրագրողները պահանջում էին, որ օրենքի առաջ պատասխան տային թուրք պետական ու կուսակցական գործիչներին սպանող հայերը՝ մոռանալով, որ միլիոնից ավել հայ էր դաժանաբար սպանվել, հազարավորներն էլ բռնի տեղահանվել էին հայրենի երկրից, հայրենազրկվել էին ու անվերադարձ վտարվել հարազատ եզերքից՝ հայոց հայրենիքի տարածքներում թուրքական պետության պահպանման մոլուցքին և մարդկության դեմ ուղղված ցեղասպանության հանցագործությանը զոհ գնալով։

Ամփոփելով մեր ուսումնասիրության արդյունքները՝ կարող ենք փաստել հետևյալը։

-«Նեմեսիս» գործողությունը մնաց կիսատ, բայց Մեծ եղեռնի գլխավոր պատասխանատուների ոչնչացումը կարծես վերահաստատեց հայ ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործության կազմակերպիչների նկատմամբ արդար դատի անհրաժեշտությունը։ Դրանք, ինչպես Հրաչ Տասնապետյանն է իրավացիորեն բնորոշել, հայության երեսից սրբել են «ոչխարային համակերպութեամբ դէպի սպանդանոց քալած ըլլալու ամոթանքը»։

-Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաքում հրատարակված պոլսահայ բարձր վարկանիշ ունեցող ռամկավարների ոչ պաշտոնական գաղափարախոս «Ժողովուրդի ձայնը-Ժամանակ», չեզոք «Վերջին լուր» և ՀՅԴ ոչ պաշտոնական օրգան «Ճակատամարտ» օրաթերթերն անդրադարձել էին «Նեմեսիս» գործողության գրեթե բոլոր առանցքային ձեռնարկներին հիմնականում լուրի և թղթակցության միջոցով։ Չէին նշել, թե ինչ կառույցի նախաձեռնությամբ էին դրանք կյանքի կոչվել, քանի որ բացի վերջին պարբերականից՝ մյուսները հնարավոր է, որ չէին իմանում բուն կազմակերպիչ կառույցի անունը։

-Վերոհիշյալ թերթերն այդ ձեռնարկները համարել էին ոչ թե մարդասպանություն, այլ հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչների արդար պատիժ, որի համար հայ վրիժառուները չպետք է ենթարկվեին պատասխանատվության օրենքի առաջ, քանզի նրանք վրեժից բացի՝ իրագործել էին օսմանյան ռազմական դատարանի կողմից այդ մարդասպանների նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռները։ Պարբերականների հրապարակումները նաև վկայում էին, որ հենց նման կերպ էր հայ հանրությունն ընկալել Թալեաթի ու նրա գործընկերների սպանությունը։

-Պարբերականների նյութերում որպես հերոս էին ներկայացվել Թալեաթի և մյուսների մահվան դատավճիռներն իրականացրած հայորդիները, որոնք ոչ միայն անձնական վրեժ էին լուծել, այլև կարծես դարձել էին հայրենազրկված ու ցեղասպանված մի ողջ ժողովրդի օրհնությամբ նրանց վերջին պատգամն իրականացրած անձինք։

Մարիամ Հովսեփյան

«Դրօշակ» թիվ 3, 2023թ