կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 22:58
Արցախ

Արցախը հայտնվել է «GEO»-ի էջերում

Արցախը հայտնվել է «GEO»-ի էջերում

Հայտնի ֆրանսիական պատկերազարդ ամսագիր «GEO»-ն 2018 թվականի դեկտեմբեր ամսվա համարում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) մասին 16 էջանոց լայնածավալ ռեպորտաժ է հրապարակել:

Պատրիկ Բուաթէի ռեպորտաժը սկսվում է Արցախի գեղատեսիլ բնության նկարագրությամբ, որը ճանապարհորդության հենց սկզբից հայտնվում է նրա առջև` Երևանից մինչև Ստեփանակերտ ճանապարհին, ինչպես նաև ազգային կոլորիտի, որը նա տեսել է տեղական շուկայում, և ստացված տպավորությունների տակ նա մեր տարածաշրջանն անվանել է «բերրի և արևոտ այգի, որտեղ ամեն ինչ աճում է առատությամբ»:
 
Լրագրողի խոսքով` Արցախը հող է, որն իրենում ամբողջացնում է հայ ժողովրդի պատմությունը և հարուստ է իր հին պատմական, մշակութային ու ճարտարապետական հուշարձաններով:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ նա ներկայացրել է տնտեսական զարգացման միջին տարեկան մակարդակը, այն գնահատելով բարձր, և մասնավորապես նշել հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտները, որոնք նպաստում են այդ մակարդակին: Հեղինակը անդրադարձել է նաև տեղի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակին` ընդգծելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության կարևորությունը:
 
Տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկը Բուաթէն համարել է Ադրբեջանի կողմից շրջափակումը՝ հաշվի առնելով նաև, որ Ստեփանակերտում ժամանակակից օդանավակայան է կառուցվել, սակայն ոչ ուղևորատար, ոչ առևտրային չվերթները չեն կատարվում Ադրբեջանի բաց սպառնալիքների շնորհիվ:
Ադրբեջանը որոշ չափով խոչընդոտում է երկրի գյուղատնտեսության զարգացմանը ևս, մասնավորապես` ԵՄ երկրներին համոզելով չգնել «Made in Artsakh» պիտակավորմամբ ապրանքները:
 
Ռեպորտաժում ներառվում է «Golden Fish» ընկերության գործունեությունը, որը զբաղվում է թառափի բուծմամբ: Ընկերության նպատակն է արտադրել տարեկան 2.5-ից 4 տոննա սև խավիար: «Սև ոսկու» առաջին խմբաքանակի արտադրությունը նախատեսվում է 2020 թվականին:
 
Պատրիկ Բուաթէն Արցախի մասին ռեպորտաժում անդրադարձել է նաև ռազմական թեմային: Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ այցելելիս նա տեսել է, որ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը գտնվում է բնակավայրերի հարևանությամբ, և հակառակ կողմից հրետակոծություններ հնարավոր են ցանկացած պահի, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին, երբ քառօրյա պատերազմը երկու կողմերում հանգեցրեց 350 մարդու մահվան:
 
Սակայն, չնայած այս ամենին, Լեռնային Ղարաբաղը շարունակում է գրավել զբոսաշրջիկներին:
«Նրանց մեծ մասը 7 միլիոնանոց հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և աշխարհի այլ երկրներից: Եվ ըստ վիճակագրական տվյալների՝ 2000 թ.-ին այցելել է 4000 զբոսաշրջիկ: 2017 թ.-ին այդ թիվը կազմել է 28 հազար: 5 տարվա ընթացքում նախատեսվում է այդ թիվը հասցնել 50.000-ի», - նշվում է ռեպորտաժում:
 
Վերջում Պատրիկ Բուաթէն անդրադառնում է Արցախում ֆրանսերեն լեզվի և ֆրանսիական մշակույթի զարգացմանը և այդ առումով կարևորում Ստեփանակերտում գործող ֆրանկոֆոնիայի ակումբի աշխատանքը:
 
«Ստեփանակերտում ֆրանսահայկական բարեկամությունը ունի իր «տաճարը»` Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը: Կենտրոնի տարածքում գտնվող պուրակում տեղադրված է մի մեծանկար, ուր նշված է վայրը, որտեղ ապագայում նախատեսվում է կառուցել հայտնի ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Էլուարի անվան կենտրոնը: Մեծանկարի վրա ֆրանսերեն և հայերեն լեզուներով գրված են տողեր նրա «Ազատություն» բանաստեղծությունից»,- ընդհանրացնում է հեղինակը: