կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-30 14:33
Քաղաքական

Սյունիքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները և Նախիջևանի խնդրի ազդեցությունը այդ ամենի վրա

Սյունիքի նկատմամբ ադրբեջանական հավակնությունները և Նախիջևանի խնդրի ազդեցությունը այդ ամենի վրա

Մի անգամ՝ 2018 թ., ԵՊՀ իրանագիտության ամբիոնում Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած իրանցի մասնագետների հետ քննարկում էինք արցախյան հակամարտության հարցում իրանական դիրքորոշումը, և իրանցի մասնագետներից մեկը մի միտք ասաց, որը 2019 թ. դեկտեմբերին գրեթե բառացի հիշել և մեջբերել եմ սոցիալական ցանցերից մեկի իմ էջում. «Երբեմն ձեզ՝ հայերիդ, որպես հակամարտության կողմ, երբեմն էլ նաև ադրբեջանական քարոզչության ազդեցությամբ թվում է, որ արցախյան հիմնախնդիրն Ադրբեջանի համար ամենակենսական խնդիրն է, այնինչ իրականում ամենակենսականը ոչ թե Արցախն է, այլ Նախիջևանը։ Արցախը այս պահին չկա իրենց համար, բայց Նախիջևանը դեռ կա, ու դեռ պետք է կարողանալ այն պահել։ Քանի դեռ Նախիջևանը չունի ցամաքային սահման Ադրբեջանի հետ, պոտենցիալ կորստյան ենթակա տարածք է։ Նկատի ունեցեք, որ «արցախյան հակամարտություն» կոչվողը ձեր հակառակորդների համար ընդամենը հարմար պատրվակ է իրենց թիվ մեկ խնդիրը լուծելու և հարմար առիթի դեպքում հերթական պատերազմի սանձազերծմամբ դեպի Նախիջևան տանող ցամաքային ուղի որոնելու համար»։

Այս քննարկման ու իրանցի փորձագետի ձևակերպումների մասին հարկ եղավ հաճախ հիշել, հատկապես երբ պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սկսեց նախ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա, ի թիվս ՀՀ այլ տարածքների, «պատմական ադրբեջանական հող» անվանեց նաև Սյունիքը՝ սեփական ժողովրդին խոստանալով շուտով վերադառնալ այդ տարածքներ։ Ադրբեջանական կողմն այդ ամբողջ ընթացքում չբավարարվեց միայն հայտարարություններով, այլ ձեռնարկեց նաև որոշակի իրական ու չափելի գործողություններ՝ սադրանքների դիմելով և զավթելով ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, այդ թվում նաև՝ Սյունիքի մարզում։ Ավելին՝ Իլհամ Ալիևը իր իսկ կողմից «պատմական ադրբեջանական տարածք» հորջորջված Զանգեզուրի զավթման համար պատմագիտական և գաղափարական կեղծ լծակներ ստեղծելու նպատակով փոփոխություններ արեց Ադրբեջանի վարչաքաղաքական քարտեզում՝ ստեղծելով «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» անունով տարածքային միավոր, իսկ ավելի ուշ արդեն բացահայտ հայտարարեց, որ եթե կա «Արևելյան Զանգեզուր», կա նաև «Արևմտյան Զանգեզուր», որը նույնպես «պատմական ադրբեջանական տարածք է»։ Ակնհայտ է, որ այստեղ ևս կիրառվում է այն հայտնի մոդելը, որը՝ որպես պանթյուրքականության և ադրբեջանական ծավալապաշտության բաղկացուցիչ մաս, կիրառվել է և այժմ էլ շարունակում է կիրառվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի դեպքում։ Եթե ՀՀ ողջ տարածքը Ադրբեջանի պատմության դասագրքերում և այդ երկրի ԳԱ պատմության ինստիտուտի հրատարակած աշխատանքներում անվանվում է «Արևմտյան Ադրբեջան», ապա Իրանի հյուսիսային տարածքները կամ պատմական Ատրպատականը ողջ Ադրբեջանում ճանաչված է որպես «Հարավային Ադրբեջան»։

Ըստ էության, ադրբեջանական կողմը պատերազմի ավարտից հետո անում է հնարավորն ու անհնարինը, անգամ սպառնում ուժի կիրառմամբ և նոր պատերազմով, որպեսզի, ի հաշիվ ՀՀ Սյունիքի մարզի, ունենա ցամաքային ուղիղ կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և այդ ցամաքային ճանապարհն ունենա առնվազն միջանցքի կարգավիճակ, քանի դեռ չի հաջողվել բռնազավթել ողջ Սյունիքը։

Ալիևի հայտարարությունները Սյունիքի վերաբերյալ մեզանում հաճախ են մեկնաբանվում միակողմանիորեն, պարզ ծավալապաշտության և հակահայկականության համատեքստում, այնինչ դրանց ընդունումը դեռ չի նշանակում տեսնել խնդրի խորքը և էությունը։

ԽՍՀՄ փլուզումը և արցախյան հակամարտության ակտիվ պատերազմական փուլը, Հեյդար Ալիևի նախիջևանյան ակտիվ գործունեության շրջանը (1990-1993 թթ.) և նույն այդ ժամանակահատվածում Բաքվի անցած քաղաքական անկայունության և խոր ցնցումների փուլը ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար չլուծված խնդիր է ոչ միայն Արցախյան հարցը, այլ նաև Նախիջևանի հարցը։

Չունենալով ցամաքային սահման Ադրբեջանի հետ՝ Նախիջևանն ունի ցամաքային սահմաններ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի հետ։ Ընդ որում, միայն վերջին 100 տարվա ընթացքում նշված 3 պետություններից 2-ը՝ Հայաստանը և Թուրքիան, կարողացել են պարբերաբար իրենց վերահսկողությունը հաստատել ամբողջ Նախիջևանի կամ դրա մեծ մասի վրա։ Հայաստանի դեպքում դա եղել է է 1919 թ. գարնանը՝ տևելով մինչև նույն տարվա հուլիսը, Թուրքիայի դեպքում՝ 1919 թ. հուլիսից մինչև Նախիջևանի խորհրդայնացումը։ Փոքր-ինչ այլ է իրավիճակը Իրանի դեպքում, որը միայն 1828 թ. է զիջել Նախիջևանի խանությունը ցարական Ռուսաստանին։

Նախիջևանը խնդրահարույց է Ադրբեջանի համար մի քանի առումներով.

• Չունի ցամաքային սահման Ադրբեջանի հետ։
• Ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ, ինչը բարդացնում է այն Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ պահելը, հատկապես երբ այնտեղ իշխանության է լինում պետական կառավարման փորձ և քաղաքական լայն հավակնություններ ունեցող առաջնորդ։
• Սահմանակցում է Իրանին և գտնվում նրա կրոնական և տնտեսական բավական ուժեղ ազդեցության տակ։
• Սահմանակցում է Թուրքիային, գտնվում նրա ոչ միայն քաղաքական և սոցիալ-տնտեսական, այլև մասամբ ռազմական ազդեցության տակ։
• Ունի ՀՀ-ի հետ ձգվող բավական երկար սահման, որի պաշտպանությունը նույնպես առանց ցամաքային սահմանի կարող է լինել բարդ առաջադրանք։

Ինքնավար հանրապետության կարգավիճակը, Ադրբեջանի հետ սահման չունենալը, Իրանի և Թուրքիայի հետ սահմանակցությունը և ուղիղ շփումները, ի տարբերություն ԱՀ վարչական և անգամ տնտեսական շրջանների, Նախիջևանին կենտրոնի հետ հարաբերություններում դարձնում են բավական տարբեր և նույն այդ կենտրոնից անկախ գործող։ Այդպիսին էր իրավիճակը նախկինում, որոշակի տարբերություններով այդպիսին է նաև այսօր։

Հեյդար Ալիևը 1990-1993 թթ., երբ Նախիջևանի խորհրդարանի նախագահն էր, Նախիջևանում շատ դեպքերում վարում էր կենտրոնից անկախ և որևէ կերպ Բաքվի հետ չհամաձայնեցված քաղաքականություն, կատարում պաշտոնական այցեր հարևան երկրներ, կնքում պայմանագրեր, վերցնում դրամական վարկեր՝ չունենալով Բաքվի ո՛չ համաձայնությունը, ո՛չ թույլտվությունը։ Հեյդար Ալիևի այդ թվականների հարցազրույցներն ու հետագա հուշերը այդ շրջանի մասին բացահայտ ցույց են տալիս Նախիջևանի դե ֆակտո անկախությունը և Հեյդար Ալիևի վարած անկախ քաղաքականությունը Նախիջևանի բոլոր հարևանների, այդ թվում՝ ՀՀ-ի նկատմամբ։ Օրինակ՝ 1993 թ. օգոստոսի 10-ին «Собеседник» թերթի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ Հեյդար Ալիևը այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել Նախիջևանը զերծ պահել Հայաստանի հետ զինված հակամարտության մեջ մտնելուց, պատասխանել է. «Ես մշտապես շփման մեջ էի Հայաստանի ղեկավարության հետ, և ինձ հաջողվեց նրանց հետ ընդհանուր լեզու գտնել։ Նախիջևանցիները ինձ հենց այդպես էլ ասացին, որ պատրաստ են դիմանալու թե՛սովին, թե՛ ցրտին, միայն թե չպատերազմեն»։

1999 թ. հոկտեմբերին մեկ այլ առիթով Հեյդար Ալիևն անդրադարձել է նաև Նախիջևանում եղած ժամանակ իր ունեցած հարաբերություններին Իրանի և Թուրքիայի հետ՝ մասնավորապես նշելով. «Ես մի քանի անգամ Թուրքիա գնացի։ Արտասովոր բան էր, բայց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելը որոշում ընդունեց 100 միլիոն դոլար վարկ տրամադրելու Նախիջևանին, որպեսզի դրանով պարեն գնվի և բերվի Նախիջևան։ Դա մեզ համար փրկություն էր։ Սակայն Ադրբեջանում այդ ժամանակ իշխանությունը ԱԺՃԿ-ի ձեռքերում էր։ Նախիջևանում գտնվող նրանց ներկայացուցիչները սրան դեմ հանդես եկան։ Նրանք ինձ հարցնում էին, թե ինչպես և երբ եմ վերադարձնելու այդ վարկերը, արդյոք դա հետո Ադրբեջանի հաշվի՞ն եմ վերադարձնելու։ Ասացի. «Եղբա՛յր, քո ի՞նչ գործն է, քո փորն ինչո՞ւ է ցավում, թե մենք ինչպես ենք դա վերադարձնելու»։ Ես գիտեի, որ դա վարկի անվան տակ տրվել է մեզ որպես օգնություն։ Այլ կերպ չէր կարող լինել։ Դա մեր հանդեպ Թուրքիայի վերաբերմունքի մի դրսևորում էր։ Ադրբեջանի ղեկավարներն այն ժամանակ իմ մասին այստեղ-այնտեղ ինչեր ասես, որ չէին խոսում։ Ասում էին՝ Հեյդար Ալիևը քանդում է մեր պետականությունը, գնում է Թուրքիա, ինքնագլուխ վարկ վերցնում, ինքնագլուխ բաներ անում։

Հետո ես գնացի Իրան։ Գնալուցս առաջ բանակցեցինք, Իրանից էլեկտրաէներգիայի գիծ քաշեցինք։ Դա էլ ծանր պայմաններում եղավ…

Ես գնացի Իրան, որ Նախիջևանի փրկության համար մի օգնություն ձեռք բերեմ։ Երբ գնացի այնտեղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Թոֆիգ Գասիմովը Իրանին նոտա ուղարկեց, թե «դուք խախտում եք պետական կարգը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը չունի իրավասություն՝ անկախ արտաքին քաղաքականություն վարելու։ Դուք նախագահական ինքնաթիռ եք ուղարկել Նախիջևան և Հեյդար Ալիևին տարել եք Թեհրան»։

Հենց հասա Իրան, երկրորդ օրը այդ նոտան ինձ ցույց տվեցին։ Զարմանք արտահայտեցի։ Ասացին, որ «թող նրանք գնան գրողի ծոցը, մենք լավ գիտենք մեր անելիքը, Նախիջևանում մեր եղբայրներն են ապրում»»։

Հետևաբար Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների ու ոտնձգությունների խորքում ընկած հիմնական պատճառը ոչ միայն և ոչ այնքան Հայաստանից պարզապես նոր տարածքներ պոկելն է, որքան Նախիջևանի հետագա կարգավիճակի և այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ պահելու հարցի լուծումը։ Իլհամ Ալիևը չունի որևէ երաշխիք, որ վաղը Նախիջևանում չի կրկնվի այն, ինչ տեղի է ունեցել 1991-1993 թթ.՝ իր հոր ղեկավարման տարիներին, երբ Նախիջևանը փաստացիորեն դուրս էր եկել Ադրբեջանի վերահսկողությունից։ Այդ սցենարի կրկնության հարցն այնքան նուրբ է ու Ադրբեջանի համար այնքան վտանգավոր, որ Իլհամ Ալիևը չհամարձակվեց անգամ թոշակի ուղարկել Վասիֆ Թալիբովին այն դեպքում, երբ 2 տարի առաջ բուն Ադրբեջանում ազատվեց, այսպես կոչված, բոլոր «հինգվարդիականներից»։ Դժվար չէ կռահել, թե ինչպես էր արձագանքելու Վասիֆ Թալիբովը, եթե Ալիևը որոշեր նրան էլ արժանացնել Ռամիզ Մեհդիևի ու մյուսների ճակատագրին։

Նախիջևանին հատուկ են երևույթներ, որոնք մշտապես ԱՀ հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպությունների և լրագրողների ուշադրության կենտրոնում են։ Դրանցից են, օրինակ.

• Խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի, նրա որդու և այդ կլանի միահեծան իշխանությունը Նախիջևանում և հսկայական ֆինանսական միջոցների, տնտեսական կառույցների տիրապետումը։
• ՆԻՀ առանձին համազորային բանակի հրամանատար Քյարամ Մուստաֆաևի և նրա թիմի մեծ ազդեցությունը Նախիջևանի ողջ տարածքում։
• Ե՛վ Նախիջևանում, և՛ ՆԻՀ առանձին համազորային բանակում տիրող իրավիճակը բացասական իմաստով էականորեն տարբեր է Ադրբեջանի մնացած տարածքում և ԱՀ ԶՈՒ-ում տիրող իրավիճակից։ Համարվում է, որ Նախիջևանում հաստատված բռնատիրական կարգերն իրենց բովանդակությամբ գերազանցում են ալիևյան բռնատիրությանը։
Մյուս հետաքրքրական փաստն այն է, որ Ադրբեջանում թե՛ քաղաքական, թե՛ հասարակական տարբեր շրջանակներ ունեն վախեր առ այն, որ Նախիջևանում կարող է ամեն պահի տեղի ունենալ շրջադարձային փոփոխություն, անցկացվել անկախության հանրաքվե և հռչակվել Ադրբեջանից բացարձակ անկախությունը։ Այս թեմայով խոսակցությունները ակտիվացել էին հատկապես 2020 թ. մայիս-հունիս ամիսներին, և այդպիսի վտանգի մասին հեռուստատեսային մի քանի հարցազրույցների միջոցով ակտիվորեն բարձրաձայնում էր Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը՝ ընդգծելով, որ նման սցենարի դեպքում դրանում մեծ է լինելու արտաքին ուժերի դերը, և հենց արտաքին ուժերի կողմից է հնարավոր նմանատիպ գործընթացի հրահրումն ու իրականացումը։

Ամփոփելով պետք է ընդգծել, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ տարածքների, հատկապես Սյունիքի հանդեպ դրսևորվող ադրբեջանական սուր հավակնությունները, տարածքային պահանջների առաջքաշումը, դրանց համար գաղափարական և պատմական հիմքերի ակտիվ փնտրտուքը պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանի պարզ ծավալապաշտության և հակահայկական քաղաքականության, ինչպես նաև պատերազմից հետո բացված ախորժակի համատեքստում, այլև ԱՀ տարածքային խնդիրների և այդ տարածքների հետագա կարգավիճակի հեռանկարների ու ռիսկերի, դրանցից բխող խնդիրների շրջանակներում։

 



Արտյոմ Տոնոյան

«Դրօշակ», թիվ 8(1654), օգոստոս, 2021 թ.