կարևոր
877 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-13 15:48
Իրավական

Սոնա Մնացականյանի գործով 10 մլն դրամ փոխհատուցման պահանջը որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ. պաշտպան

Սոնա Մնացականյանի գործով 10 մլն դրամ փոխհատուցման պահանջը որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ. պաշտպան

Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վթարի զոհ դարձած հղի երիտասարդ կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով որպես պաշտպան ներգրավված Րաֆֆի Ասլանյանը, անդրադառնալով Սոնայի հոր՝ 10 մլն դրամի փոխհատուցման պահանջին մասին հրապարակումներին, գրում է.

«Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը։ Պարզաբանեմ, որ հայցապահանջը վերաբերում է հանգուցյալի հուղարկավորության, գերեզմանի, հուշաքարի կառուցման համար արդեն իսկ կատարված ծախսերին։ Իսկ բռնագանձվելիք գումարը սեփական հայեցողությամբ կտնօրինի տուժողի իրավահաջորդը, գուցե նաև բարեգործական նպատակներով։ Այն որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ։

Տուժողի իրավահաջորդը հետևողական է լինելու, որպեսզի իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության և խիստ պատժի, կոնկրետ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պարագայում տուժողի իրավահաջորդը դատարանին միջնորդել է որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով»։

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում, այլ հարցերի չի պատասխանել։

«Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք։ Ես խոսելու ցանկություն չունեմ», - ասել է նա։

Հիշեցնենք՝ 2022 թ-ի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի էր։