կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 13:31
Քաղաքական

Այո, նամակը եղել է իմ կողմից, ինչ-որ ձևով պիտի հայտնեի այդ ամենի մասին. Արսեն Թորոսյանը՝ Սանասարյանի գործի մասին

Այո, նամակը եղել է իմ կողմից, ինչ-որ ձևով պիտի հայտնեի այդ ամենի մասին. Արսեն Թորոսյանը՝ Սանասարյանի գործի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ  իր աշխատակազմի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանին աշխատանքից ազատելը կապված չի եղել հեմոդիալիզի գործի հետ: «Ազատումը եղել է նրա կամքով` դիմումի հիման վրա, և կապ չի ունեցել որևէ դեպքի կամ գործարքի հետ:  Պարզապես նա ցանկացել է զբաղվել այլ գործով»,- ասաց նա:

Նախարարից հետաքրքրվեցին՝  Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի՝ ծխախոտ արտադրող ընկերություններից գումար հանգանակելու երևույթը քննադատելուց հետո իրեն «ճնշե՞լ են», Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Որևէ ճնշում ինձ վրա որևէ հարցով չի եղել, այդ թվում՝ այս»։ 

Ի դեպ, առողջապահության նախարարն ասաց, որ Հայաստանի նոր կառավարության անդամներից ընդամենը 3-ն են ծխում, այսինքն՝ 20 տոկոսը: «Սա լավ ցուցանիշ է, եթե մենք կարողանանք ազգովի հասնել այդ ցուցանիշին, ազգովի շատ առողջ կլինենք»,- ասաց  Թորոսյանը՝ նշելով, որ ծխախոտային պայքարն  ավելի շատ ապագա ծխողներին չծխող դարձնելուն է ուղղված, քան այսօրվա ծխողներին չծխող դարձնելուն, այսինքն՝ ուղղված է դեռահասներին, որ չսկսեն ծխել: 

Անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին և դրանում  իր մասնակցությանը՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ իրենք ծառայության դեմ որևէ բան չեն արել, ընդամենը ցանկացել են բացառել պետական գնումներին որևէ միջամտություն: «Մենք որևէ մեկի դեմ ոչ մի բան չենք արել, արել ենք ինչ-որ բանի համար, այն է՝ ուզեցել ենք բացառել որևէ միջամտություն կոնկրետ այդ գծով պետական գնումներին: Մեր կողմից կային կասկածներ, որ պետական գնումների վերաբերյալ կա միջամտություն, և մենք դրա մասին հայտնել ենք համապատասխան մարմիններին: Նրենք, դատարանը կորոշեն՝ կա՞ր միջամտություն, պետական դիրքի չարաշահում, այլ հոդվածներով հանցագործություն, թե՞ ոչ։ Ես դատարանի դեր չեմ պատրաստվում ստանձնել, բայց միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ եթե ինձ հայտնի դարձավ մի բան, որի մասին, իմ կարծիքով, պետք է իրավապահ մարմիններն իմանան, նրանք դա կիմանան։ Այո, նամակը եղել է իմ կողմից, ինչ-որ ձևով պիտի հայտնեի այդ ամենի մասին: Հիմա քննությունը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով` սխալ, ով էր ինչ-որ կերպ իր դիրքը չարաշահում կամ չէր չարաշահում»,- ասաց առոջղապահության նախարարը։

Հարցին՝ իր և ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի միջև այս թեմայով ֆեյսբուքյան նամակագրություն եղե՞լ է, նա պատասխանեց. «Մենք իրար ճանաչում ենք 2008-ից, ուստի իրար բազմաթիվ նամակներ ունենք գրած, այդ թվում՝ այս գործի վերաբերյալ: Ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը քննությանը տրամադրել է այդ նամակագրությունը»: 

Թորոսյանը, ի դեպ, ասաց, որ իր տեղակալի գործով ինքը չի հարցաքննվել: 

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ձերբակալվեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։ ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։