կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-20 15:01
Մշակույթ

Ծրագրերը շատ-շատ են, թվում է` կյանքը չի հերիքելու այդ ամենի համար. Համազգային թատրոնի ապագան

Ծրագրերը շատ-շատ են, թվում է` կյանքը չի հերիքելու այդ ամենի համար. Համազգային թատրոնի ապագան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանն ու թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ` ներկայացնելով թատրոնի հետ կապված իրենց ծրագրերն ու առաջիկա անելիքները: Երկուսն էլ նախ հավաստիացրեցին, որ իրենց` ղեկավար աշխատանքին անցնելը ոչ մի կերպ չի խանգարելու դերասանական կարիերային: Ավելին` հունվարի 28-ին թատրոնում կլինի պրեմիերա` «Պատերազմի խաղալիքները», որում ներգրավված կլինեն ինչպես Նարինե Գրիգորյանն, այնպես էլ Արման Նավասարդյանը:

Նավասարդյանը նախ շնորհակալություն հայտնեց թատրոնի նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանին, որը զիջեց իր տեղը: Նրա խոսքով` դերասանների` զիջման գնալը պարզապես կկործաներ թատրոնը: «Թե՛ մեր, թե՛ մշակույթի նախարարի կողմից որևէ ճնշում չի եղել Չալդրանյանի վրա: Հարցն ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծվեր, պարզապես քարկապն այնքան պինդ էր, որ թվում էր` անհնար է թուլացնել: Երկու կողմից էր ձգված` ամբողջ մի դերասանախումբ և Վիգեն Չալդրանյան: Ո՞վ պետք է զիջեր, դերասանախո՞ւմբը պետք է հեռանար թատրոնից: Չալդրանյանի որոշումը խոհեմ որոշում էր, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, որ զիջեց իր դիրքը»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` իրենք տեղյակ են թատրոնի բոլոր «հիվանդություններից» և գիտեն` ինչ է պետք թատրոնին, ուստի Չալդրանյանի նշանակման առաջին իսկ օրից փորձել են օգնել նրան, սակայն համատեղ աշխատանքն այդպես էլ չի ստացվել:

Yerkir.am-ի հարցին, թե Չալդրանյանը մի քանի աշխատակից էր բերել թատրոն, նրանք շարունակելո՞ւ են աշխատել թատրոնում, Նավասարդյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի` աշխատանքից ազատման հրաման չի տվել, սակայն տեղյակ է` մի քանիսը դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին` դեռևս Չալդրանյանի անունով:   

Անդրադառնալով Չալդրանյանի բեմադրած  «Համլետ» և «Սանտա Կրուս» ներկայացումներին` Նավասարդյանը նշեց, որ շատ կուզենան, որպեսզի հետագայում նա աշխատի իրենց հետ: «Չալդրանյանի հետ` որպես դերասանի, մենք սիրով ենք աշխատել, մեր հարաբերությունները չեն ստացվել ղեկավարման հարցում: Շատ կուզենանք, որ նա գա և բեմադրություն անի: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի «Սանտա Կրուս» ներկայացումը շարունակի իր ընթացքը: Միակ խնդիրն այն է, որ մասսայական տեսարաններում Չալդրանյանի ուսանողներն են զբաղված, և եթե որևէ խնդիր չառաջանա կուրսի ղեկավարի` Չալդրանյանի  հետ, եթե նա թույլ տա, իհարկե, կխաղանք այն»:

Նավասարդյանը նշեց նաև, որ Չալդրանյանի` աշխատանքից ազատվելուց հետո փորձել է զրուցել նրա հետ, սակայն նրա հեռախոսն անջատված է, աշխատասենյակում էլ չի եղել: Նրա խոսքով`  հավանաբար, Չալդրանյանն այս պահին Հայաստանում չէ:

Խոսելով թատրոնում առկա խնդիրների մասին` Նավասարդյանը, բնականաբար, առաջին հերթին անդրադարձավ թատրոնի շենքի հարցին: Նա նշեց, որ վաղն իսկ փորձելու է հասկանալ` ո՞ւմ ստորագրությանն է սպասում թատրոնի շենքի կառուցման որոշումը: Նավասարդյանը հույս հայտնեց, որ 2019-ին գոնե շենքի արտաքին տեսքը պատրաստ կլինի:

Բացի այդ` 2019-ին Սոս Սարգսյանի 90-ամյակն է լրանալու, և թատրոնն իր թատերաշրջանը կնվիրի վարպետի հոբելյանին: Այդ առիթով թատրոնը, ըստ Նավասարդյանի, կունենա ներկայացումներ Հայաստանի յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև կլինեն հյուրախաղեր:

Նարինե Գրիգորյանը նշեց, որ այսօր դերասանների հետ ժողով են անելու, որպեսզի միասին ուրվագծեն հետագա անելիքների հետ կապված տեսլականը:  Նրա խոսքով` թատրոնի ճեմասրահը նույնպես օգտագործվելու է, այն արդեն իսկ վերանորոգվում է: Հենց ճեմասրահում, Գրիգորյանի խոսքով, կլինեն ցուցահանդեսներ, թատրոն-սրճարան:

«Նոր մոտեցմամբ թատրոն ստեղծելու գործով միշտ եմ զբաղվել, և պահելով մեր թատրոնի դիմագիծը` լինելու են նաև ժամանակակից պիեսների բեմադրություններ: Տարիներ շարունակ շատ մտքեր են կուտակվել, սակայն հնարավորություն չի եղել դրանք իրականացնելու, չնայած շատ շնորհակալ եմ ավագ սերնդին` Ռուբեն Բաբայանին և այլ թատրոնների, որոնք ինձ միշտ հնարավորություն են տվել ինքնաարտահայտվելու: Կյանքը փոխվում է, և թատրոնն էլ պետք է փոխվի, այն պետք է դառնա շատ հետաքրքիր ժամանակակից մարդուն»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` Համազգայինը լինելու է իր երազանքի թատրոնը` ժամանակի պահանջներին համահունչ: Գրիգորյանը նշեց, որ իրենք` որպես դերասաններ, ձևավորվել են` աշխատելով տարբեր ռեժիսորների հետ, դրա համար էլ դերասանները տարբեր գունապնակ ունեն: Ըստ Գրիգորյանի` Համազգային թատրոնը պետք է նաև ժամանակակից դրամատուրգների աշխատանքները բեմադրի: «Մենք թատերական ինստիտուտի տարածքում ենք, ինչը պետք է առավելություն համարել և օգտվել դրանից: Նախատեսում ենք նաև թատրոնում ընթերցանություն-բեմադրություն անել, որում ներգրավված կլինեն նաև թատերականի ուսանողները, և հանդիսատեսներին կներկայացնենք ժամանակակից դրամատուրգիան: Ծրագրերն իրականում շատ-շատ են և թվում է` կյանքը չի հերիքելու այդ ամենի համար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ չաշխատեցին Սուրեն Շահվերդյանի հետ, Գրիգորյանը պատասխանեց, որ խորհրդային` ամեն ինչ տակից անելու ժամանակներն անցել են, և Շահվերդյանը պետք է գնար ու պարզ խոսեր դերասանական կազմի հետ, այլ ոչ թե նշանակման առաջին օրը սպառնար, որ դերասանական նոր կազմ կբերի:

Նավասարդյանը նշեց, որ երբ նյարդերը լարված էին, յուրաքանչյուր նոր քայլ իր ազդեցությունն է բերում: «Կարծում եմ` հիմա, երբ Սուրենին տեսնեմ, կգրկեմ նրան ու հույս ունեմ, որ դա փոխադարձ է: Նա ուղղակի սխալ ժամանակ սխալ տեղում հայտնվեց»,- ասաց նա:

Ի դեպ, թատրոնի նոր ղեկավար կազմը նշեց, որ շուտով կթարմացվի նաև թատրոնի խաղացանկը: